Մեր կողքին ապրող մարդիկ. Անտոնը

Անտոն Ուանգը, որին կարճ Անտոն են ասում, չինացի է, որն արդեն երեք տարի է՝ ապրում է Հայաստանում: ՏՏ ոլորտի մասնագետը 23 տարեկան է և ուզում է ծառայել հայկական բանակում: 

– Ես կարծում եմ, որ բանակը հրաշալի դպրոց է տղամարդու համար, և քանի որ Չինաստանում չեմ ծառայել, ուզում եմ հայկական բանակում ծառայել: Գիտեմ՝ ի՛նչ ես հարցնելու: Ես տեղյակ եմ և՛ իրավիճակից, և՛ 44-օրյա պատերազմի մասին գիտեմ, բայց եթե պատերազմից ամիսներ անց՝ փետրվարին, համարձակվել եմ գալ, ուրեմն գիտեմ, թե ինչ եմ ասում: 

Չինաստանի արևելքում ծնված-մեծացած Անտոնը տան միակ երեխան է: Ասում է, որ երբ ծնվել է, իր նահանգում գործում էր օրենք, որը տուգանք էր սահմանում երկրորդ երեխայի ծնունդի համար: Նա փոքր քաղաքում է ծնվել, ու երբ կատակեցի, թե՝ փոքր ասելով հավանաբար ի նկատի ունի մոտ 8 միլիոնանոց քաղաք, ասաց՝ չէ, մի քիչ շատ՝ 10 միլիոն: 

– Իմ քաղաքը շատ հետաքրքիր է, այնտեղ մենք կլոր լավաշ ունենք ու ծիրան, որը հայկական ծիրանի համին իհարկե չի հասնի: Այ հայերի մասին, որոնք ապրում են այնտեղ, երբևէ չեմ լսել, բայց, կարծում եմ՝ կան: 

Երիտասարդը Չինաստանում ավարտել է ավագ դպրոցն ու տեղափոխվել Ավստրալիա՝ սովորելու Մելբուռնի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում: Ծնողները մնացել են Չինաստանում, քանի որ մայրը վարագույրների բիզնես ունի այնտեղ, իսկ հայրը կառավարությանը կից բնապահպանական ծրագրերից մեկում է աշխատում: 

Հայաստանում մենք լուրջ բնապահպանական խնդիրների առաջ ենք կանգնած՝ Սևանի ծաղկում, Երևանում օդի աղտոտվածության չափազանց բարձր ցուցանիշ, ինքնաշեն աղբավայրեր, որոնց օրեցօր մեծացող չափն ահագնանում է, քիչ վերամշակվող աղբ և այլն: 

– Իմ երկրում էլ խնդիրներ կան, բայց երիտասարդ սերունդը փորձում է առավել հետևողական լինել և թեկուզ պարզագույն քայլերի միջոցով օգնել բնությանը՝ առնվազն՝ տեսակավորել աղբը, հետո՝ հանձնել վերամշակման: Բայց իմ հայերենի ուսուցչուհու հետ մի օր սուրճ էինք խմում թղթե բաժակներով, ու նա ասաց, որ մինչև չգտնի վերամշակվող աղբի տարա դեն նետելու համար, աղբն այլ տեղ չի գցի:

Անտոնը նկատել է, որ ամեն դեպքում Հայաստանում վայրեր կան, որտեղ աղբը չափազանց շատ է, երբեմն այնքան, որ տհաճ հոտ է արձակում ու տարածվում շուրջբոլորը: 

Երեք տարի առաջ, երբ աշխարհը պայքարում էր քովիդի դեմ, ու Ավստրալիայում արտակարգ իրավիճակ էր, սկսեց ուսումնասիրել աշխարհի քարտեզը ու ինքն իրեն հարց տալ.

– Ո՞ր երկիրն է, որ հնարավորություն ունի դառնալու զարգացած և ուժեղ, կամ ո՞ր երկիրն է, որը հավակնում է առաջիկա երեսուն տարում դառնալու հաջորդ Իսրայելը կամ Հարավային Կորեան: Հենց այդ ժամանակ տեսա Հայաստանը, նրա աշխարհագրական դիրքը ու սկսեցի ուսումնասիրել: 

Անտոնն ասում է, որ գիտեր՝ Հայաստանը պատերազմի միջով է անցել, բայց իրեն դա չէր մտահոգում: Չգիտեմ՝ որքանո՛վ է այս օրինակը արտահայտում իր զգացածը, բայց նշում է, որ Ավստրալիայում ավելի լուրջ խնդիրներ կան՝ թմրամիջոցներից, ալկոհոլից կախվածություն և այլն: 

– Երկար-բարակ չեմ մտածել, տոմս եմ գնել ու եկել եմ՝ առանց որևէ ծանոթ այստեղ ունենալու, առանց լեզվին տիրապետելու: Պարզապես մեկ ամսով մի տուն գտա ու սկսեցի տանտերերի հետ ապրել: Մինչ այդ, ասեմ, որ օդանավակայանում կերածս ձվածեղը աշխարհի ամենահամեղ օդանավակայանի նախաճաշն էր, որ երբևէ փորձել եմ: 

Տանտերերը անգլերեն չէին խոսում, բայց այնքան ջերմ էին Անտոնի հետ, համեղ բաներ էին պատրաստում նրա համար: Հիմա էլ ապրում է վարձով ու կենցաղը կիսում տանտերերի հետ: Ավանդույթ ունեն՝ միասին են նախաճաշում: 

– Այսօր ավելուկ եմ կերել, շատ եմ սիրում, հայկական բոլոր ուտեստներն ինձ համար չափազանց համեղ են: 

Նա երեք շաբաթ է անցկացրել Գյումրիում, տեսել ուրիշ Հայաստան, բացահայտել տարբեր վայրեր, որոնք հնարավորություն են տալիս ավելի խոր հասկանալ այս երկիրը: Անտոնը սիրում է այցելել թանգարաններ, ուսումնասիրել հատկապես հայկական տարազը ու ցավով է նշում, որ չի տեսնում մարդկանց, որոնք տարազ են կրում: 

– Ախր դրանից գեղեցիկ հագուստ ես երբևէ չեմ տեսել: Ինչպե՞ս կարելի է թողնել դարակներում կամ օգտագործել միայն ցուցադրության համար: Ինչքա՜ն սիրուն կլիներ, եթե տարազ կրեին մարդիկ: Գուցե շատերի համար այն հին, անտիկ մի բան է, ու ես տեսել եմ, որ փորձում են ժամանակակից հագուստների հետ որոշ դետալներ համադրել, բայց ինձ համար հենց այդ տեսքով այն բացառիկ է ու հաստատ արժանի գնահատված լինելու: 

Անտոնը սիրում է ճամփորդել Հայաստանում, հասցրել է սիրահարվել Սևանին ու ասում է, որ իր տեսած ամենատպավորիչ վայրերից մեկն է աշխարհում: Նա սիրում է քայլել Երևանում, այցելել տարբեր մշակութային կենտրոններ, որտեղ ծանոթանում է Հայաստանի պատմության անցյալին, իսկ ներկայի մեջ հենց ինքն է՝ իր քիչ իմացած հայերենով, որի հետ անդադար կռիվ է տալիս, իր՝ տարազի նկատմամբ ունեցած սիրով ու բանակ գնալու ցանկությամբ: Անտոնն ասում է, որ իր հույսը, թե Հայաստանը հաջողելու է և անգամ պատերազմի ցավալի շրջանից պատվով է դուրս գալու, երազանքի ժանրից չէ. այս երկիրն ունի բոլոր հնարավորությունները զարգացած լինելու համար, պարզապես մի քիչ բոլորի ցանկությունը, կամքն ու աշխատանքն են պետք, և ամեն բան կստացվի:

Կուշանե Չոբանյան

MediaLab.am