«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը
– Պարո՛ն Բադալյան, Երևանում մեկնարկած բողոքի ակցիաները, որոնք ինչ-որ առումով 2018 թվականի գործողությունների նմանակումն են, միտված են նույն արդյունքն ապահովելո՞ւն:
– Տեխնոլոգիաների կրկնությունը դեռևս նույնատիպ արդյունքի հասնելու երաշխիք չէ: Նույնությամբ չի կրկնվում, կան նմանություններ, որովհետև այն ժամանակ նույն տեխնոլոգիաներն ավելի որակով էին աշխատում, քան այսօր: Ընդհանուր նմանություններ կան, բայց մանրակրկիտ կրկնություն չկա, որովհետև այն ժամանակ շատ ավելի ճիշտ էր օգտագործվում տեխնոլոգիան, հիմա դա մի քիչ ավելի կոպիտ է օգտագործվում, իսկ դա էական նշանակություն ունի:
Բացի այս՝ զուտ տեխնոլոգիաներով չէ, որ քաղաքական գործընթացը հաջողություն է ունենում, պետք է նայել նաև արտաքին չերևացող կողմը: Այն ժամանակ տեխնոլոգիաներով չէ, որ իշխանափոխություն տեղի ունեցավ, այլ՝ Արևմուտքի պահանջով այն ժամանակվա իշխանությունն ու ընդդիմությունը լուռ թատերական գործողություն էին իրականացնում: Իշխանությունը պետք է հանձնվեր ընդդիմությանը, բայց դա չէր կարող հանձնվել հենց այնպես, դրա համար պետք էր իրականացնել թատերականացված գործողություն, որի մեջ կարևոր էին տեխնոլոգիաները, այսինքն՝ արտաքին քաղաքական գործոնը կար, իսկ այս պահին դա չեմ տեսնում:
Այո՛, ռուսական ինչ-որ լրատվամիջոցներ կան, որոնք լուսաբանում են, բայց 2018-ին, չմոռանանք, թե՛ CNN-ը, թե՛ BBC-ն, այսինքն՝ արևմտյան ընդգրկուն լրատվամիջոցները, որոնք հստակորեն ուղղորդվում էին իրենց իշխանությունների կողմից, 24/7 ռեժիմով լուսաբանում էին գործընթացը: Այսինքն՝ չկա այս ամենի միջազգային ուղեկցումը:
Այն ժամանակ կարևոր էր նաև արտաքին քաղաքական անտեսանելի պատվիրատուն, որ դա իրականացրեց, իսկ տեխնոլոգիան այդ մի ծրագրի դետալն էր, իսկ այսօր այդ քաղաքական պատվիրատուն, որն ասի և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը՝ թատրոն խաղացեք, ես չեմ տեսնում:
Այն ժամանակ ևս ոստիկանները ցուցարարներին այս ու այն կողմ էին տանում, բայց չկար այն աստիճանի բռնությունը, որն այսօր իրականացնում է ոստիկանությունը, ինչը նշանակում է, որ այդ խաղի կանոններով չեն գնում, այսինքն՝ ծրագիրն առկա չէ, իհարկե դա չի նշանակում, որ այս քաղաքական գործընթացը չի կարող հաջողություն ունենալ: Եթե իրենք ավելի գրագետ գործեն, որովհետև կան համապատասխան առիթն ու մթնոլորտը, կարող են արդյունքի հասնել, բայց հիմա չեմ կարող ասել՝ հաջողության կհասնե՞ն, թե՞ չէ, գործողությունները ճիշտ իրականացնելու համար ամեն պայման կա:
– Դուք նկատո՞ւմ եք ռուսական կողմի շահագրգռվածությունը, որ իշխանափոխություն տեղի ունենա:
– Բնականաբար տեսնում եմ, ու դա երևում է իրենց սպիկերներով, այսինքն՝ հասարակական կարծիք ձևավորողների տելեգրամյան ալիքներում ու հեռուստատեսությամբ, որոնք Նիկոլ Փաշինյանին բացահայտ մեղադրում են հակառուսականության համար, ու այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, դրա մեղքն ամբողջությամբ բարդում են վարչապետի վրա, փորձելով իրենց մեղքի բաժնից ազատել: Սա տեսնում եմ, բայց կան Ռուսաստանում մարդիկ, որ երբ խոսում են, այստեղ հակառակ ռեակցիան է առաջացնում, հետևաբար շատ դեպքերում նրանց խոսածը ոչ թե օգնում, այլ ավելի շատ վնաս է տալիս:
Երկրորդ՝ այս շարժումը ո՛չ ռուսամետ է, ո՛չ ամերիկամետ է, ո՛չ թուրքամետ է, ո՛չ էլ եսիմ ինչ է, ուղղակի շարժման մասնակիցների մի մասը, հասկանալով, որ Արցախից հետո վտանգը Հայաստանին է հասնելու, փորձում է փրկության ելք գտնել: Հաջողություն կունենա, թե՞ չէ՝ չեմ կարող ասել, բայց ասել, որ սա պրոռուսական շարժում է և այլն, մի քիչ այդպես չէ, եթե չասենք, որ ընդհանրապես այդպես չէ:
– Պարո՛ն Բադալյան, իսկ մարդկանց ակտիվությունն ինչպե՞ս եք գնահատում, ավելի կակտիվանա՞ն:
– Մարդկանց ակտիվությունը լավ է, որակյալ, որովհետև հիմնականում տեսնում ենք երիտասարդական շարժում, ու ստացվում է նոնսենսային իրավիճակ, երբ շարժման զանգվածը շատ ավելի առաջադիմական է ու ավելի ակտիվ, քան շարժման ղեկավարները: Այն մեթոդաբանությունը, որ իրականացնում են շարժման ղեկավարները, շատ նման է 2022-ի «Դիմադրության» շարժմանը՝ բովանդակային տեսանկյունից՝ երկարաշունչ ելույթներ, ինչ-որ գոռոցներ և այլն:
Պետք է հասկանալ, որ սա «Դիմադրություն-2» շարժումը չէ, սա լրիվ ուրիշ շարժում է, սրա մասնակիցներն առաջ են գնացել, իսկ ղեկավար մասը մնացել է 2022-ի շարժման ազդեցության տակ: Այս հակասությունն է տեսանելի:
Կարող ենք միայն մեկ բան ասել, որ ոչինչ դեռևս չի ավարտվել, որովհետև սա աշխարհաքաղաքական գործընթաց է: Ստացվում է, որ հայկական կողմը լրիվ պարտվել է, թուրք-ադրբեջանական կողմը՝ լրիվ հաղթել, ռուսական կողմը, ինչպես նշում են բազմաթիվ լրատվամիջոցներ, այս դավաճանական քայլից հետո նահանջ է ապրել: Հայաստանում ուժեղացել են հակառուսական տրամադրությունները, կարելի է ասել՝ դրանք այս պահին իրենց գագաթնակետին են, բնականաբար այս իրավիճակը չի կարող ուղղակի չօգտագործվել աշխարհաքաղաքական ուժերի կողմից:
Դա սկսում ենք կամաց-կամաց նկատել, բայց քանի դեռ դրա առաջին ախտանշաններն են նկատվում, դրա մասին վաղ է խոսել, բայց աշխարհաքաղաքական փոփոխության առաջին ախտանշանները սկսում են երևալ: Դա իրականություն կդառնա՞, թե՞ չէ, ինչպես ասում են՝ այդ մասին, հաջորդ դասին:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am