Հարցազրույցից հետո ընդամենը մեկ հարց ունեմ Փաշինյանին. քո ուզածն ի՞նչ է, եղբա՛յր, ի՞նչ ես ուզում ընդհանրապես. Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը 

– Պարո՛ն Նորիկյան, ի՞նչ պետք է հասկանալ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից, ո՞րն էր ասելիքը:

– Հերթական անգամ ցույց տրվեց, որ գործող իշխանությունը չունի արտաքին քաղաքականության դոկտրինա, որ նրա վարած քաղաքականությունը հեղհեղուկ է՝ պայմանավորված օրվա տրամադրություններով ու պատկերացումներով, ինչն ազգային անվտանգության տեսանկյունից խիստ վտանգավոր է: 

Նիկոլ Փաշինյանը երեկ շատ ուղիղ ասաց, որ Հայաստանն արտաքին քաղաքականության վեկտոր չի փոխում, ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց չի դրել, որ Ռուսաստանի հետ կնքած բոլոր պայմանագրերը ուժի մեջ են մնում, որ Հայաստանը մասնակցելու է «3+3» ձևաչափով հանդիպումներին: Այսպիսի հարցազրույց տալու հետ մեկտեղ նա պարտավոր էր հաշվետվություն տալ հանրությանը, թե ի՛նչ դեգերումների մեջ էր Գրանադայում, արևմտյան հարթակներում ի՛նչ էր ման գալիս ու ի՛նչ գտավ, ի՛նչ կորցրեց: 

Ինձ համար ակնհայտ է մի բան, որ Հայաստանը գործող իշխանության պայմաններում չի կողմնորոշվում իր ռազմական խնդիրների լուծման առումով, հայտնվել է աշխարհաքաղաքական ծուղակում և մեկը մյուսի հետևից թույլ է տալիս ռազմավարական սխալներ: 

Ակնհայտ է, որ ռուսական ու արևմտյան հարթակներում դեգերումների հետևանքով ունենք կործանված Արցախի Հանրապետություն, վտանգված Հայաստանի Հանրապետություն, տապալված խաղության օրակարգ, չլուծված սահմանազատման հարցեր, կոմունիկացիաների ապաշրջափակում տեղի չի ունեցել, գործող իշխանությունը խոստովանում է, որ Հայաստանի պետականությունը դրված է վտանգի տակ, լիկվիդացված չէ «Զանգեզուրի միջանցքի» հարցը: 

Հայաստանը միջազգային ասպարեզում կորցնում է վստահելի գործընկերոջ համբավը, որովհետև Փաշինյանի այս հարցազրույցը կարդում են նաև գրանադաներում, եվրոպական երկրներում: Երեկվա հարցազրույցից հետո ես ընդամենը մեկ հարց ունեմ Փաշինյանին. քո ուզածն ի՞նչ է, եղբա՛յր, ի՞նչ ես ուզում ընդհանրապես: 

 – Դե, ասում են՝ պայքարում ենք Հայաստանի Հանրապետության «ինքնիշխանության ու անկախության» համար:

– Հայաստանի ինքնիշխանության համար պայքարում են, որ այդ ինքնիշխանությունն այսպես զրոյացնե՞ն, գիտեք ինչ, հերի՛ք է մեր ժողովրդին խաբեն ու մանիպուլացնեն: Ազգայնական պոպուլիզմը, ամբոխահաճությունը, սոցիալական պոպուլիզմը չարիք են, որ սկզբում կործանում են ժողովուրդներին, պետությունը, հետո՝ դրա հեղինակներին: Այս իշխանությունը ռազմավարական որևէ պատկերացում չունի, բոլորը մեղավոր են, բացի իրենցից, վերջում իրենք մեղավոր են կարգելու ժողովրդին: Փաշինյանը դարձավ իր վարած անհեռատես, չկշռադատված, հախուռն քաղաքականության զոհը:

– Պարո՛ն Նորիկյան, ասացիք, որ նման քաղաքականությունը սկզբում կործանում է ժողովրդին, հետո՝ պետությունը, նոր միայն՝ հեղինակներին, ստացվում է, որ մենք գնում ենք կործանմա՞ն:

– Այո՛, եթե այսպես շարունակվի: Ձեզ թվում է՝ պետք է ռումբերը պայթեն Երևանի կենտրոնո՞ւմ, որ մենք նոր հասկանանք, որ պետականությունն իսկապես վտանգի տակ է: Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի գերիշխանությանը հանձնելուց հետո Հայաստանի դեմ ռազմական էսկալացիաների վտանգը չեզոքացվե՞լ է, Հայաստանը վերականգնե՞լ է խախտված ռազմաքաղաքական հավասարակշռությունը: Նիկոլ Փաշինյանը թշնամիներ ձեռք բերելու վարպետ է, այս տարիների ընթացքում գործադրել է հնարավոր ու անհնար բոլոր միջոցները մեր բարեկամների թիվը նվազեցնելու, թշնամիների թիվն ավելացնելու համար: Նրա հինգ տարվա գործունեության հետևանքն է Արցախի կործանումը, Հայաստանի գոյութենական սպառնալիքի առաջ կանգնելը: 

Ես ձեր միջոցով ուզում եմ ժողովրդին հասցնել այս մեսիջը. ընդունենք, որ Հայաստանի բոլոր դժբախտությունների մեղավորը նախկին իշխանություններն են, բոլորը՝ բացի իրենցից: Հիմա թող յուրաքանչյուր քաղաքացի սթափվի ու ինքն իրեն հարց տա՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն այն մա՞րդն է, կամ իր ղեկավարած քաղաքական ուժն այն ո՞ւժն է, որը կարող է Հայաստանն այս ողբերգական վիճակից դուրս բերել, իրենք ունե՞ն կարողություն Հայաստանն այս վիճակից դուրս բերելու: 

Խնդրում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն տա այս հարցը, ու պատասխանից շատ բաներ կպարզվեն: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am