Փաշինյանի հայելային քաղաքականությունը

Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին ուղղված իր բոլոր առաջարկները սովոր է ձևակերպել հայելային տարբերակով. օրինակ՝ առաջարկում է զորքերը հայելային հետ քաշել, հայելային ճանաչել մեկմեկու տարածքը նշված քառակուսի կիլոմետրերով, հայելային բացել ճանապարհները, հիմա էլ առաջարկում է հայելային երկուստեք տեղեկացնել սպառազինությունների մասին:

Ի՞նչ է թաքնված այս առաջարկների տակ: Մի պարզ բան. Հայաստանի վարչապետը գիտի, որ Ադրբեջանը, միևնույն է, իր ոչ մի առաջարկը չի ընդունելու, և հայելային ձևակերպումը անում է միայն ներքին լսարանի համար որոշակի լեգիտիմություն ապահովելու համար:

Պատկերացրեք, եթե Նիկոլ Փաշինյանը լիներ մի քաղաքական գործիչ, որը ոչ թե անիրական քաղաքական հայտարարություններ աներ, այլ ազնվորեն խոսեր քաղաքացիների հետ և հայտներ իր առաջարկները՝ առանց փաթեթավորելու հայելային ձևակերպումների տակ, ապա նրա առաջարկները կհնչեին այսպես. 

  • Հայաստանը պատրաստ է իր զորքերը հետ քաշել սահմաններից, որին կհետևեն Ադրբեջանի կողմից որևէ սադրանք կամ նույնիսկ լուռ այդ դիրքերը գրավելու քայլեր:
  • Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հայտարարում, որ Արցախի հարցը գոյություն չի ունեցել և չունի, որը նա արդեն արել է բազմաթիվ անգամներ, սակայն Ադրբեջանը գեթ մեկ անգամ չի ճանաչել Հայաստանի 29 800  քառակուսի կիլոմետր տարածքը, դեռ ավելին՝ պետական մակարդակով սկսել է առաջ մղել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը՝ ադրբեջանական համարելով Սյունիքը, Գեղարքունիքը, Սևանը, Երևանը և այլն:
  • Ադրբեջանն արդեն հայտարարել է, որ չի բացելու ճանապարհները, ինչքան էլ Փաշինյանը խոսում է «Խաղաղության խաչմերուկից»: Իմիջիայլոց, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչո՛ւ է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկը» եռակողմ, որի ուղղություններն ուղղված են դեպի Վրաստան, Թուրքիա և Ադրբեջան, և չկա դեպի Իրան ուղղությունը: Չգիտես ինչու, հայկական խաչմերուկը ընդամենը եռմերուկ է՝ առանց Իրանի հետ սահմանի, որի նկատմամբ հավակնությունները Ադրբեջանը չի էլ թաքցնում:
  • Նույնը վերաբերում է սպառազինություններին. ակնհայտ է, որ Ադրբեջանը որևէ տեղեկատվություն չի տալու Հայաստանին իր սպառազինությունների վերաբերյալ, ավելին, հայտարարել է, որ երբ Հայաստանը ձեռք բերի իր երկրին վտանգ սպառնացող սպառազինություն, անմիջապես այն կոչնչացնի: Եթե Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ է սպառազինությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանին, ապա այդ տեղեկատվությունը ստանալուն պես Ադրբեջանն անմիջապես կարող է այն ոչնչացնել, մոտավորապես այնպես, ինչպես տեղի ունեցավ 44-օրյայի ժամանակ:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո համաներում հայտարարվեց բանակից խուսափածների համար՝ դրանով իսկ հիմքեր ստեղծելով հետագա դասալքությունների համար:

Օբյեկտիվ հարց է ծագում. իսկ ինչո՞ւ այս ամենի մասին չի բարձրաձայնում ընդդիմությունը: 

Ճիշտ է, երեկ Ազգային ժողովում Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին այս թեմայի շուրջ հարց տվեց, և չնայած ի պատասխան Նիկոլ Փաշինյանը խոսեց միայն հարցի չափածո հանգավորման մասին, բայց առաջինն իր ֆեյսբուքյան էջում տարածեց հենց Լևոն Քոչարյանի հետ հարցուպատասխանը՝ հերթական անգամ միտումնավոր ստանձնելով Լևոն Քոչարյանի փիառշիկի գործառույթը, ինչն արդեն երկար ժամանակ անում է «Հայկական ժամանակ» թերթը:

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը լավ է հասկանում, որ օրըստօրե հալվող և մաշվող իր վարկանիշով առանց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի փոխադարձ աջակցության թե՛ իրենք, թե՛ նախկինները, որոնք այսօր հարյուր տոկոսով ձևավորել են խորհրդարանը, կսրբվեն առաջին իսկ ադեկվատ ու կոմպետենտ քաղաքական ուժի ձևավորման դեպքում: Սա է պատճառը, որ մեկմեկու օգնելով և աջակցելով, ներկաներ-նախկիններ խոսույթը տարիներով գեներացնելով, ըստ էության, միայն թև ու թիկունք են կազմում իրար: 

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, ընդդիմության պասիվությունը միայն մի բանի մասին է խոսում. նրանք նույնպես ամբողջովին համաձայն են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքականությանը: Բավական է միայն հիշել, թե վերջին մի քանի տարվա ընթացքում և՛ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը քանի անգամ են քաղաքական ասպարեզ իջել հատուկ Նիկոլ Փաշինյանին փրկելու համար:

Մարի Ներսեսյան

MediaLab.am