Սպասել, որ այս հանձնախումբն ինչ-որ միջազգային համատեքստ կարող է փոխել, պետք է կա՛մ շատ ռոմանտիկ լինել, կա՛մ ոչինչ չհասկանալ. Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը 

– Պարո՛ն Սուրենյանց, Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ ձևավորվել է Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված հանձնախումբ, որի աշխատանքները համակարգելու է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Չնայած առկա սուղ տեղեկություններին՝ ձեր գնահատականն եմ խնդրում այս որոշման մասին։

– Որպես կանոն՝ այլոց նախաձեռնություններն աշխատում եմ չթիրախավորել, որովհետև համարում եմ, որ մարդիկ ինչ-որ խնդիր պատկերացնում են, ինչ-որ մոտիվացիա ունեն, որ նման բան են անում, այնուամենայնիվ, մի քանի դիտարկում հայտնեմ: 

Նախ՝ ինստիտուցիոնալ առումով. բոլորիս հայտնի է, որ այս հանձնախումբը ստեղծվում է Արցախի խորհրդարանի կողմից, հիմա ինձ համար մինչև այս պահը հայտնի չէ՝ այս մարմինն իրենով փոխարինելու է Արցախի վտարանդի պետական կառույցներին, ու այսուհետ այս մարմի՞նն է արտաքին կառույցներում, միջազգային կառույցներում ներկայացնելու արցախցիներին վերաբերող խնդիրները, թե՞ զուգահեռ է գործելու: Սա շատ կարևոր է, որովհետև սրանից բխեցվող մենք կարող ենք հասկանալ այս մարմնի մանդատի կշիռը։ 

Երկրորդ՝ ամենևին կասկածի տակ չեմ դնում պարոն Օսկանյանի դիվանագիտական կարողությունները, բայց դարձյալ հարց կա. արդյոք նա կարո՞ղ է այս օրակարգի շուրջ կոնսոլիդացնել հնարավորինս շատ մասնագետների, քաղաքական սեգմենտներ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ որոշակի սուբյեկտիվ ընկալումներ կան նրա անձի հետ կապված: Ի վերջո, որոշակի հարցեր կան նաև նրա վարած ղարաբաղյան քաղաքականության հետ։ 

Երրորդ ամենակարևոր հարցը՝ որքանո՞վ է իրական այն օրակարգը, որ այս հանձնախումբը հետապնդում է։ Իմ կարծիքով՝ արցախահայության՝ Արցախ վերադառնալու թեման, գոնե այս պահին, հրաշքների դաշտից է, ռեալ պոլիտիկի հետ որևէ աղերս չունի՝ նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ ինչ-որ արտաքին խաղացողներ, իրենց շահերից ելնելով, պարբերաբար խոսում են այս հարցի մասին։ 

Սրանք ինձ համար խնդիրներ են, որոնց պարզաբանումը չեմ ստացել, նաև հասկացա, որ անգամ կազմի վերաբերյալ դեռևս կոնսենսուս չեն կարողանում ձևավորել, իսկ դա նշանակում է, որ խնդիրներն էլ հստակեցված չեն, որովհետև սովորաբար առաջադրված խնդիրներն ու կադրային լուծումները նույն հարթության մեջ են լինում։ 

– Ստեղծված հանձնաժողովը միջազգային ատյաններում գործելու ի՞նչ լիազորություն կունենա։

– Հենց դրա մասին էի խոսում առաջին կետով, արդյոք ինքը փոխարինելու է Արցախի պետական կառույցների՞ն, որոնք հիմա Հայաստանում են, թե՞ ընդամենը խորհրդարանի ձևավորած մի ժամանակավոր մարմին է։ Նման կառույցները միջազգային հարթակներում շատ մեծ ընկալում չեն կարող ունենալ, որովհետև միջազգային բազմաթիվ կառույցներ նույնիսկ Արցախի իշխանությանն ընդունելու մասով խնդիրներ են ունեցել, իսկ այս հանձնախմբի պարագայում նույնիսկ հասկանալի չէ այս մարմնի մանդատը: Կրկնում եմ՝ այն փոխարինելու է Արցախի վտարանդի կառույցների՞ն, և այս հանձնախմբի հայտարարություններն այլևս դիտարկելու ենք որպես պաշտոնական Ստեփանակերտի տեսակե՞տ, թեկուզ վտարանդի, թե՞ սա զուգահեռ կառույց է։

– Պարո՛ն Սուրենյանց, որպեսզի այս հանձնախումբը լայն լիազորություններով օժտված լիներ, այն պետք է ստեղծվեր նախագահի՞ կողմից։

– Դա բացարձակապես էական չէ, ուղղակի ես տպավորություն ունեմ, որ Արցախի էլիտան, որը հիմա Հայաստանում է, չի կարողանում ընդհանուր հայտարարի գալ այս հանձնախմբի մանդատի և անդամների վերաբերյալ։ Բացարձակապես կարևոր չէ, ընդհակառակը՝ այս պարագայում խորհրդարանի մանդատը շատ ավելի ուժեղ է։ 

Ուղղակի շատ ճիշտ կլիներ, որ դա ոչ թե դռնփակ նիստով անեին, որտեղ որոշում են այս հանձնախմբի ստեղծման անհրաժեշտությունը, այլ մի քիչ ավելի շահագրգիռ, բաց քննարկում լիներ, որպեսզի մենք հասկանայինք՝ ինչի՛ հետ գործ ունենք, որովհետև ես այն գործիչների թվին եմ պատկանում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը փակված եմ համարում: 

Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ եթե մարդիկ այդ խնդիրը վերարծարծելու շանս են տեսնում, դա ինչքանո՞վ է իրական, և, օրինակ՝ ես ինչո՛վ կարող եմ նպաստել դրան, որովհետև եթե իմ կարգի ռեալիստ գործչի համար շատ լուրջ փաստարկներ չլինեն, ես այս խնդիրը փակված եմ համարում։

– Իսկ կոնկրետ Արցախի կառավարության, նախագահի լռությունը ձեզ համար բացատրություն ունի՞։

– Նախ՝ Արցախի ժողովուրդը Հայաստանում ինքնակազմակերպվելու, իհարկե, իր մարմիններն ունենալու լիարժեք իրավունք ունի, որպեսզի իր խնդիրները լուծի նաև Հայաստանի ներսում, որովհետև այստեղ էլ շատ խնդիրներ ունեն: 

Ասածս չի նշանակում, որ դա պետք է ֆինանսավորվի ՀՀ պետական բյուջեից, տարբեր բաների մասին ենք խոսում, այսինքն՝ ես ո՛չ իշխանության տեսակետն եմ կրում, իշխանությունը «Արցախ» բառի հետ կապված ցանկացած բանից վախենում է, ես հեռու եմ այդ մոլորությունից, ես կարծում եմ, որ ԼՂ ժողովուրդն իրավունք ունի ինքնակազմակերպվելու, իրավունք ունի նաև մտածել հայրենադարձվելու մասին, իր պահանջները բարձրաձայնել թե՛ ներսում, թե՛ միջազգային հանրությանը:

Մյուս կողմից՝ արդյունավետ չեմ համարի, եթե վտարանդի կառավարությունը ֆինանսավորվի Հայաստանի պետական բյուջեից, որովհետև դա էլ այլ խնդիրներ կառաջացնի։ 

Այսինքն՝ կա երկու ծայրահեղ մոտեցում, որոնց ես դեմ եմ, պետք է ընտրել ռացիոնալ ճանապարհը։ Դուք ասում եք՝ ինչո՞ւ է լռում, գիտեք՝ գործելու առանձնապես մեծ դաշտ էլ ինքը չունի, Հայաստանի կառավարությունն ասում է՝ այդ սոցիալական խնդիրները մնացել են ինձ վրա, իսկ արտաքին հարթակներում խնդիրներ բարձրացնելու համար կարծես թե որոշել են այս հանձնախումբը ձևավորել։ Մյուս կողմից՝ պարզ է, որ կա Հայաստանի իշխանության շատ ուժեղ ճնշում իրենց վրա, դա նկատելի է, որ չխոսեն Արցախի մասին, Արցախի կառույցների մասին հիշատակություն չլինի։

– Այս հանձնախումբն էական արդյունքներ կկարողանա՞ ունենալ միջազգային հարթակներում։

– Իհարկե ո՛չ, իմ այս պատասխաններից պետք է ենթադրեիք, որովհետև նույնիսկ հայկական քիչ թե շատ կայացած լոբբիստական կառույցները, որ տասնամյակների գործունեության փորձ ունեն, օրինակ՝ Հայ դատի գրասենյակը, Ամերիկայի Հայկական համագումարը, մենք տեսնում ենք, որ հայկական հարցերում գործունեության շատ մեծ արդյունավետություն չունեն, էլ ուր մնաց լուրջ բան սպասենք այս մարմնից։ 

Այս հարցում ուզում եմ շատ անկեղծ լինել, որովհետև կա մանիպուլյացիաների շատ մեծ դաշտ: Ես չեմ ուզում Արցախի հարցը միջազգային դերակատարների կողմից այնպես շահարկվի, ինչպես տասնամյակներ շարունակ շահարկվել է Ցեղասպանության հարցը, երբ ինչ-որ երկիր Թուրքիայի հետ խնդիրներ էր ունենում, իր քաղաքական խնդիրները սպասարկելու նպատակով որպես մանրադրամ օգտագործում էր հայկական հարցը։

Հիմա շատ մեծ է հավանականությունը, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ էլ նման կերպ կփորձեն վարվել։ Սպասել, որ այս հանձնախումբն ինչ-որ միջազգային համատեքստ կարող է փոխել կամ կարևոր միջազգային դերակատարների քաղաքականության վրա ազդեցություն ունենալ, պետք է կա՛մ շատ ռոմանտիկ լինել, կա՛մ միջազգային հարաբերությունների այսօրվա համակարգից ոչինչ չհասկանալ։

– Իսկ ի՞նչ է պետք անել, որ արդյունք ունենանք այդ մարդկանց Արցախ վերադառնալու հարցում, պարո՛ն Սուրենյանց։

– Այդ մարդիկ չեն կարող Արցախ վերադառնալ, ուղղակի չեն կարող, որովհետև հիմա աշխարհակարգ է փլուզվում, ու որևէ միջազգային երաշխիք չի գործում, որևէ, ուզում եք՝ այնտեղ տեղակայեք բազմազգ խաղաղապահ առաքելություն, միևնույն է, հարցն էլի հանգելու է միջազգային իրավունքին, բայց այն չի գործում, տոտալ ճգնաժամի մեջ է։ Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ն կարմիր գիծ էր համարել Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումը, աշխատե՞ց այդ կարմիր գիծը, ո՛չ։ 

Ես այսօր այդ մարդկանց վերադարձի հնարավորություն չեմ տեսնում, իսկ եթե տարիներ հետոյի մասին եք խոսում, եկեք այստեղ էլ շատ անկեղծ լինենք, մեկս մյուսին չխաբենք. Արցախի համայնքը՝ որպես այդպիսին, տարիների ընթացքում կորցնելու է իր ամբողջականությունը, տարրալուծվելու է Հայաստանի հասարակության մեջ, մի մասն էլ հեռանալու է երկրից։ 

Նրանց գիտակցելու են որպես հայաստանցի, ու Արցախ վերադառնալու նրանց մոտիվները թուլանալու են: Իհարկե սա ամենևին չի արդարացնում իշխանության՝ Արցախի ուրացման այս քաղաքականությունը, որովհետև նրանք փուռը տվեցին Արցախը, հիմա էլ հետևողականորեն Արցախի հետ կապված ամեն ինչի դեմ անզիջում պայքար են մղում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am