Շնորհավորում եմ Գևորգ Պապոյանին, գովազդը ստացվեց. Նինա Կարապետյանցը՝ վերադարձրած կոնյակի եւ հայտարարության մասին 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը 

– Տիկի՛ն Կարապետյանց, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած ամենամյա ինդեքսի համաձայն՝ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 2023-ին աճել է 1 միավորով՝ դառնալով 47։

Այս հրապարակմանը հաջորդեց իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանի գրառումը, որ վերադարձրել է իրեն նվիրած Door հայկական կոնյակը, որի թույլատրելիության հետ կապված կասկած է ունեցել։ Պատգամավորի այս քայլն ինչպե՞ս եք գնահատում։

– Պապոյանի գրառումն ինձ մոտ գովազդային ծառայության տպավորություն թողեց, որովհետև եթե նշվում է իքս կազմակերպություն, ուրեմն նաև խմիչքի տեսակը պետք է նշվեր, քանի որ այստեղ էականը ոչ թե անվանումն է, այլ՝ գինը կամ նվերի տեսակը, որովհետև դրանք կարող են անթույլատրելի լինել, հետևաբար այստեղ անվանումը նշելը, ինձ մոտ, անկեղծ ասած, տպավորություն է ստեղծում, որ դա կոնկրետ ապրանքատեսակի գովազդի է նմանվում, քան այլ գործողության։ Ինչ ասեմ, ապրեն, շնորհավորում եմ, գովազդը ստացվեց, բոլորն արդեն խանութներում ուշադրություն կդարձնեն այդ ապրանքատեսակին, թեպետ լավ է, որ հայկական ապրանքատեսակը գովազդվի, բայց, կարծում եմ, սա լավագույն ձևը չէ։ 

– Կարծում եք, որ այս գրառման նպատակը գովա՞զդն էր։

– Այո՛, սա լրիվ ուրիշ նպատակ ուներ, որովհետև եթե կազմակերպության անունը հստակ նշվել է, հետևաբար պետք է նշվեր նաև իքս տեսակի ալկոհոլային խմիչք, ու նշեին արժեքը կամ այն փաստը, որ դա ալկոհոլային խմիչք է ու չի կարող ընդունվել որպես նվեր, կամ դա այս գինն ունեցող ապրանքն է, որը չի կարող ընդունվել որպես նվեր, մի խոսքով՝ որևէ այլ պատճառաբանություն, բայց երբ կոնկրետ անվանումն է նշվում, դա նշանակում է, որ ուղիղ իմաստով գովազդ է։ 

– Ինչո՞ւ է նման քայլի գնացել պատգամավորը՝ ըստ ձեզ։

– Հասարակության մոտ տպավորություն թողնել, որ այնքան անբասիր, մաքուր են, որ ոչ մի կաշառքի դրսևորում իրենց մոտ չի անցնում, մի շիշ կոնյակն անգամ ինչ է, դա էլ չեն վերցնում: Բայց, իրականում, եթե հասարակությունը մի քիչ ավելի զգոն ու ուշադիր լինի, կհասկանա, որ եթե պատգամավորները շարունակում են քշել իրենց բաջանաղների, աներձագների մեքենաները, շարունակում են նվերներ ստանալ իրենց ընկերներից ու օգտագործել այդ բավականին թանկարժեք նվերները, ու ամեն անգամ դրանք չեն հայտարարագրվում՝ ներկայացվելով, թե դա իրենց չի պատկանում, որ իրենք ուղղակի օգտագործում են, կհասկանան, որ ամեն ինչ այդպես մաքրամաքուր չէ։ 

Եթե հասկանան, թե ինչպես են տարբեր կազմակերպությունների շահեր ներկայացնում տարբեր պատգամավորներ, ու դա անում են շատ հետևողականորեն, ու տարիներ շարունակ, կհասկանան, որ ամեն ինչ իրականում լրիվ այլ է։ Սկսած հանքարդյունաբերությունից, վերջացրած շատ ավելի մանր հարցերով, իրենք էլ անմասն չեն այդ բոլոր պրոցեսներից, իսկ սա ընդամենը այդ կազմակերպությունը գովազդելու՝ գուցե ընկերաբար, գուցե այլ հետաքրքիր առաջարկի դիմաց, ձև է։

– Տիկի՛ն Կարապետյանց, այդ նվերների մասով. մենք լավ հիշում ենք, որ պաշտպանության նախարարը հարսանիքին ստացած շատ ավելի թանկարժեք նվերներից չհրաժարվեց, իսկ Գևորգ Պապոյանը հրաժարվեց այդ կոնյակից, սա նաև պոպուլիզմի դրսևորման ձև՞ է։

– Սա դասական պոպուլիզմի ձև է, որը նաև հետևում, ամենայն հավանականությամբ, ինչ-որ հետաքրքրություն ունի։ Իհարկե պոպուլիզմ է, ու այդ պոպուլիզմը դրսևորվում է ամեն ինչում՝ սկսած իբր հակակոռուպցիոն պայքարից, իբր տարբեր տեսակի օրենքների կատարող լինելուց, վերջացրած ընդհանուր կառավարմամբ։ Դասական պոպուլիզմ է։

– Իսկ ինչո՞ւ իշխանության մոտ չկա այդ հետևողականությունը՝ իսկապես պայքարել կոռուպցիայի դեմ, որովհետև հիշում ենք, թե ինչ խոստումներով նրանք եկան 2018-ին, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ կոռուպցիան արմատախիլ արված չէ, ասֆալտն է անորակ և այլն։

– Որովհետև երբ դու գալիս ես հեղափոխություն անելու և իրական հեղափոխության գաղափարի կրողը չես, դու ուղղակի օգտագործում ես այդ ամենն իշխանության գալու համար, դու չես կոտրում համակարգերը, երբ չես կոտրում համակարգերը, դրանք քեզ խժռում են։ Ես համաձայն կլինեմ այն մտքի հետ, որ իշխանության ձգտողների մեջ բոլորը չէին, որ դասական սրիկաներ էին, բայց հանցավոր համակարգը ստիպում ու պարտադրում է ապրել իր կանոններով։ 

Այսօր անգամ նրանք, ովքեր իսկապես ցանկություն ունեին ինչ-որ բան փոխելու, ուղղակի փաստի առաջ են կանգնել, որ համակարգն ավելի զորեղ է գտնվել, քան իրենց կիսատ-պռատ գաղափարները կամ այդ գաղափարների իսպառ բացակայությունը իրականության մեջ, որովհետև այդ համակարգի մեջ ապրելը մաքսիմում կոմֆորտ է, դու ես՝ քո յուրայինները, որոնց ապահովում ես, տարբեր ակտիվ մարդկանց պաշտոններ ես առաջարկում կամ հարմար գործարքներ ես առաջարկում, մարդիկ գնում են այդ գործարքներին։ Արդյունքում՝ շատ փոքրաթիվ մարդիկ են իրենց բավարարված զգում, համակարգում լավ տեղավորվում են, իսկ թե ժողովրդի ու պետության հետ ի՛նչ կլինի, մեծ մասն ուղղակի խորապես թքած ունի։ 

– Իսկ գուցե մեր անվտանգային խնդիրնե՞րն են պատճառը, որ այդ պայքարը չի հաջողվում։

– Մեր անվտանգային խնդիրների լուծմանը խանգարեց կոռուպցիան, որովհետև երբ 2018-ին եկան իշխանության, ու մենք բացատրում և պահանջում էինք, որ տեղի ունենա լյուստրացիա, որը հնարավորություն կտա մաքրել, այդ թվում նաև՝ գլխավոր շտաբից, ԱԱԾ-ից ու էլի բազմաթիվ այլ անվտանգային խնդիրներ լուծող կառույցներից տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներին, այն ոչ հայանպաստ մասսային, առնվազն ուղարկել տուն, եթե պատասխանատվության ենթարկելն այդքան բարդ էր, դա չարվեց: Հետևաբար զարմանալ, որ ունեցանք այս իրավիճակը, տեղին չէ, սա շատ սպասելի էր, որովհետև հանցավոր համակարգը ինքը կազմակերպված է, ունի իր «զինվորները, ֆինանսավորողները, գաղափարախոսություն տարածողները», նրանք կարողանում են շատ արագ ձևափոխվել, նորից ոտքի կանգնել ու շարունակել պայքարը։ 

Պետականամետ գաղափարները այստեղ շատ փոքր թվով մարդկանց նպատակն են, հասարակություն էլ չի կարողանում կողմնորոշվել, որովհետև պոպուլիստները կարողանում են իրենց հանցագործությունները, բացթողումները, թերացումները, դրանց հետևանքով այդ ողբերգությունները այնպես ներկայացնել, որ հասարակությունն ուղղակի շփոթության մեջ է։ Ամբողջ խնդիրը վճռականության ու ցանկության մեջ է։ 

– Ինչո՞ւ չկա այդ քաղաքական կամքը։

– Որովհետև փոխելն ինքնին ահռելի ծավալի աշխատանք է պահանջում, աննկարագրելի պայքար, իսկ երկրորդը՝ նման փոփոխության գնալ նշանակում է պատասխանատվություն։ Այս իշխանությունը ո՛չ այդ ցանկությունն է ունեցել, ո՛չ վճռականությունը, հետևաբար մենք ունենք այն, ինչ ունենք։ 

– Հիմա Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է արձանագրում, որ այս-այս խնդիրները կան, բայց քաղաքական կամք չի դրսևորում դրանք լուծելու համար։

– Բա ի՞նչ անի, արդեն չարձանագրել ուղղակի չի կարող, որովհետև այլևս այնքան ակնհայտ է, որ անգամ իր ֆանկլուբները, որ ասում էին՝ վե՛րջ, Հայաստանում կոռուպցիա չկա, էս ինչ եք ասում, տեսեք՝ մարդիկ ինչ պայքար են մղում, այսօր անգամ իրենք են ասում, որ ահռելի ծավալի կոռուպցիա կա, այլանդակության հասնող կոռուպցիա կա: Այլևս դա ժխտել հնարավոր չէ, ու ստիպված է ընդունել, որ կա կոռուպցիա, այլապես լրիվ հիմար վիճակում է հայտնվելու։ 

Վճռականություն չունի, որովհետև ամեն ինչ ունի իր ճիշտ ժամանակը, հեղափոխությունից անմիջապես հետո, երբ հասարակությունը համախմբված էր ու մի մարդու նման շնչում էր, բացառությամբ մի փոքր, թշվառ խմբակի, որն իշխանություն ու փող էր կորցրել, սրտնեղած էր, մնացած ամբողջ հասարակությունը համախմբված էր, ու շատ-շատերը՝ թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս, պատրաստ էին աջակցելու այս իշխանություններին, գնալ փոփոխությունների ճանապարհով՝ առանց պարգևավճարների, առանց պաշտոնների, առանց ոչ մի բանի: 

Շատ-շատերս պատրաստ էինք աջակցելու այս իշխանություններին, որովհետև 2018-ը ճիշտ ժամանակն էր, 2019-ը, երբ իրենք արդեն խորհրդարանում էին, բայց ժամանակը բաց է թողնվել, հիմա՝ այս պառակտված վիճակում, հատկապես պատերազմից հետո, այս իշխանություններն ի վիճակի չեն գնալ փոփոխությունների, որովհետև իրենք ժամանակը բաց թողեցին, ու հանցավոր ռեժիմն ավելի կազմակերպվեց ու ոտքի կանգնեց։ 

– Ստացվում է, որ երկրի ղեկավարն այդ բոլոր խնդիրներն արձանագրելու է ու անցնի առա՞ջ՝ առանց դրանց լուծումներ տալու։

– Խնդիրներն արձանագրելու համար մենք ունենք հատուկ կառույցներ, դրա համար վարչապետ պետք չէ, առհասարակ, անձերից ու ազգանուններից դուրս, ցանկացած իշխանություն պարտավորություն ունի խնդիրները լուծելու, ոչ թե առաջացնելու։ 

Գործող իշխանությունները ոչ միայն չեն կարողանում լուծել, այլ նաև իրենց ամեն հաջորդ քայլով, ցավալիորեն, խորացնում են այդ խնդիրները՝ սկսած օրենսդրական դաշտից, որովհետև բազմաթիվ օրենքներ են ընդունում, որոնք, վստահաբար, չեն բերում փոփոխությունների։ Իրենց գործողություններով ավելի են նպաստում հասարակության պառակտման խորացմանը, որը չի բխում Հայաստանի շահերից, ու ամենատխուր պատմությունը, իհարկե՝ արտաքին աշխարհի համար դառնում են անհասկանալի խաղացող։ Արտաքին աշխարհն առհասարակ չի հասկանում, թե ի՛նչ է ուզում Հայաստանը։ 

Քրիստինե Աղաբեկյան 

MediaLab.am