Համերի հիշողություն. Ստելլան

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց:

1988 թվականի դեկտեմբերի 6-ին Բաքվից Երևան տեղահանված մի հայկական ընտանիք սպասում էր ավտոբուսին, որը նրանց տեղափոխելու էր մեկ այլ քաղաք: Ռոմա և Ստելլա Գրիգորյանների ընտանիքը իրենց երեք մանկահասակ երեխաների հետ փախել էր Բաքվից՝ հուսալով, որ այ հիմա արդեն ամեն բան լավ կլինի: Շուտով հայտնվեց ավտոբուսը, վրան գրված՝ Սպիտակ:

«Եկանք Սպիտակ 1988 թվականի դեկտեմբերի 6-ին՝ շունչներս թեթևացած, որ վերջապես պրծանք այդ ամենից»,- պատմում է Ստելլան: 

Հաջորդ օրը, սակայն, տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը: Նորից ամեն ինչ փուլ եկավ ընտանիքի գլխին: Միակ բանը, որ մխիթարում էր կնոջը, այն էր, որ երեք տղաներն էլ ողջ-առողջ դուրս եկան փլատակներից: Օրեր անց երիտասարդ ընտանիքը տեղափոխվեց Ստեփանակերտ, իսկ ամուսնու հայրն ու մայրը՝ Աշան գյուղ, որտեղ սկսեցին հողագործությամբ զբաղվել: Որոշ ժամանակ անց արդեն բոլորով սկսեցին ապրել Աշանում, կամաց-կամաց տուն ստեղծել, փորձել ուշքի գալ: 

1988 թվականից սկսած, երբ բազմաթիվ հայեր լքեցին Բաքու քաղաքը, անցել է 35 տարի: 1980-ականներին Բաքվում ապրում էր մոտ 300 000 հայ, որոնց մեջ էին նաև արցախցի Սուրենը և Թերեզան, որոնք այս քաղաքում ծանոթացել էին, սիրահարվել և ամուսնացել, ունեցել յոթ երեխա: Այդ մեծ ընտանիքի երեխաներից Ստելլան արդեն 50-ն անց կին է, որն անգամ երեք տասնամյակ անց հիշում է իրենց բնակարանի հասցեն, ռուս և լեզգի հարևաններին ու իր մանկապարտեզի կարկանդակի համը ոչ թե որովհետև այն անկրկնելի էր, այլ որովհետև զգայական կապ ունի իր ապրածի հետ: 

Ստելլայի ծնողները, ինչպես և խորհրդային տարիներին շատ հայեր, Բաքվում հայտնվել էին աշխատելու նպատակով: Հայրը՝ Սուրենը, երաժիշտ էր, իսկ մայրը՝ Թերեզան, դերձակ: Երկուսն էլ առանձին էին գնացել Բաքու, այնտեղ հանդիպել իրար, սիրահարվել ու ընտանիք կազմել: Ստելլան ասում է, որ ծնողներին նայելիս հաճախ էր մտածում, որ միմյանց համար էին ստեղծված: 

…78-րդ փողոցի 73-րդ բնակարան, հինգհարկանի շենք՝ բնակեցված հայերով, ռուսներով, թաթարներով, հատուկենետ ադրբեջանցիներով: 

«Բաքվում ես ավարտել եմ 61-րդ դպրոցը, որը մեր տանը շատ մոտ էր: Հետո ընդունվեցի քոլեջ ու փականագործ դարձա: Շա՜տ էի սիրում աշխատանքս, ինձ դուր էր գալիս գլուխկոտրուկներ լուծելը»: 

Մայրը դերձակությամբ էր զբաղվում տանը, իսկ հայրը հարվածային գործիքներ էր նվագում խնջույքների ժամանակ, նրան հաճախ էին կանչում հարսանիքների: Յոթ երեխաները գիտեին, որ ձեռնունայն տուն չի մտնում երբեք: Կոնֆետների մեջ Ստելլայի սիրելին գրիլյաժն էր, որն իր մանկության համն է ու մեծ ընտանիքի հետ կապված ամենասիրուն հիշողությունը: 

Ստելլայի համային հիշողությունների ձևավորման պատասխանատուն մայրն է, որ համեղ էր պատրաստում ու հինգ աղջիկների ոգեշնչման աղբյուրն էր: 

Ստելլան սիրում էր հետևել մոր կարին ու խոհարարությանը՝ մտքում պահելով այն բոլոր փոքրիկ գաղտնիքները, որ նա կիրառում էր մեծ ընտանիքի ճաշը համեղ դարձնելու համար: 

Մայրը մի ապուր ուներ, որ պատրաստում էր ոլոռով ու քաբաբով. ընտանիքի սիրած կերակուրն ու նրանց համեղ հիշողությունը: Ու չնայած մայրը հրաշալի խոհարար էր, բայց երբ Ստելլան փորձում է վերականգնել իր մանկության համը, առաջինը մտքին է գալիս մանկապարտեզի կոտլետով կարկանդակը և իր անհոգությունը՝ վայելելու դրանք: 

«Մենք հարևաններով մոտ էինք, հայրս էլ երաժիշտ էր ու հյուրերի համար խելքը գնում էր: Մեր հարևաններից մեկը մի հայտնի լուսնաձև թխվածքաբլիթ ուներ, մեջը լցնում էր ընդեղեն, վրան շաքարի փոշի ու վերջ՝ թեյի կամ սուրճի ամենասպասված քաղցրեղենը պատրաստ էր»: 

Քսան տարեկանում նա հանդիպեց իր ապագա ամուսնուն բավական հետաքրքիր պայմաններում: Ստելլայի եղբայրը՝ Ստեփանը, մի ընկեր ուներ՝ Ռոման, որը մի օր ընկերոջն ակնարկում է, թե իրենց շենքում մի աղջիկ է տեսել ու սիրահարվել: Մանրակրկիտ նկարագրում է ու ասում, որ կապույտ կոստյում է հաճախ կրում: Ստեփանն էլ ասում է, թե հավանաբար իր քրոջ մասին է խոսքը: 

«Փորձեր էր անում սիրտս շահելու, բայց ես համառորեն պնդում էի, որ ուզում եմ աշխատել և ամուսնանալու պլաններ չունեմ: Մի օր էլ հորս զանգեց ու եկավ մեր տուն: Ծաղիկներ ու շոկոլադներ էր բերել, քաղաքավարի էր, զուսպ. մեր տանը բոլորը սիրեցին նրան»: 

Հարսանիքը տեղի ունեցավ ծանոթյունից երեք տարի անց՝ 80-ականների կեսերին, երբ մարդկանց սեփական տան բակը դառնում էր իսկական հավաքատեղի միջոցառումների համար: Հարսանիքի սննդային մշակույթը ևս փոխվել է տարիների ընթացքում, իսկ այն ժամանակ այս արարողության ճաշատեսակների պատրաստմանը մասնակցում էին երկու ընտանիքները: 

80-ականների վերջը ծանրագույն շրջան էր շատերի համար, և Ստելլայի ընտանիքը անմասն չմնաց դժվարությունից: Բաքվում սկսվեցին հալածանքներ հայերի նկատմամբ, ու շատերը չհասկացան էլ՝ այդ ինչպե՞ս հարևանը, որի հետ հաց էին կիսում, հանկարծ թշնամացավ իրենց դեմ, ինչպե՞ս պատահեց, որ դադարեցին իրար հասկանալ: 

Ստելլայի ընտանիքը ամեն բան թողել է Բաքվում ու երեք տղաների հետ հեռացել: Մի օր ամուսնուն ադրբեջանցիներն այնքան էին ծեծել, որ հազիվ էին տուն հասցրել: Լեզգի հարևաններից մեկն էր օգնել, որ արագ լքեին քաղաքը ու գնային Երևան, հետո՝ Սպիտակ, այնուհետև՝ Ստեփանակերտ: Որպեսզի ընտանիքի հոգսը հոգալը հեշտ լիներ, որոշ ժամանակ Արցախի մայրաքաղաքում մնալուց հետո երեխաների հետ Ստելլան և Ռոման տեղափոխվել էին Մարտունու շրջանի Աշան գյուղ: 

«1995 թվականի դեկտեմբերի 23-ն էր: Հիշում եմ՝ հաց էինք թխում Նոր տարվա համար: Գյուղերում սովորություն կար մեծ քանակով հաց թխելու, իսկ Ամանորին մեր տանը շատ հյուրեր էին լինում: Սկեսուրս սովորաբար 20-30 հաց էր թխում, որ մեր ընտանիքին բավականացներ: Այդ օրը տուն մտավ մեր բարեկամներից մեկն ու ասաց՝ Ստելլա, պինդ եղիր, Ռոմային բերում են»: 

Ամուսինը զոհվել էր դիպուկահարի կրակոցից՝ վերջում միայն ասելով՝ Կամո՛, պառկի՛ր: Նա 38 տարեկան էր, Ստելլան՝ 35: 

Երբ թվում էր, թե ամեն ինչ իր տեղն էր ընկնում, Ստելլան կորցրեց իր սիրած մարդուն՝ մինչև կյանքի վերջ սիրած մարդուն: Էլի չկոտրվեց, որոշեց, որ իր տղաները ոչ մի բանի պակաս չեն ունենալու: Ինքն իրեն նկարագրում է որպես խնայող կին, միշտ մի տեղ պահուստ ունեցող: Երբ ստիպված ես ինքնուրույն հոգ տանել երեխաներիդ մասին, պիտի կարողանաս նաև տան անկյուններում միշտ պահ տված ուտելիք ունենալ: 

«Գյուղում սովորեցի անել բաներ, որ երբեք չեմ արել Բաքվում՝ հաց թխել, վերմակ կարել, պահածոներ փակել, հողագործությամբ զբաղվել: Ամենակարևորը՝ ճանաչել հողը, որը ջանք է պահանջում, բայց նաև առատ վարձատրում է քեզ, երբ իր հանդեպ հոգատար ես»: 

Հիմա, երբ հնարավորություն ունի իրեն թույլ տալու անհոգ լինել, քանի որ տղաները մեծացել են, թոռներ ունի, փորձում է երջանիկ լինել: Իսկ երբ ուզում է վերադառնալ մանկություն ու իրեն գտնել երջանիկ, տեղափոխվում է 78-րդ փողոցի 73-րդ բնակարան, որտեղ գրիլյաժ կա շատ, երաժշտություն և մարդկություն:

Կուշանե Չոբանյան

MediaLab.am