Կառուցելով կամուրջներ. Նարեկը՝ ունիվերսալ դիզայնի և խելամիտ հարմարեցումների ապահովման խորհրդատու արտիստը

Նարեկ Մինասյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան)

Մանկության տարիները՝ հետնաբեմում, հետո արդեն՝ թատրոնի մոգական աշխարհում անցկացրած Նարեկը կարողացավ համատեղել երկու, թվում է թե, իրար հետ կապ չունեցող՝ դերասանի ու ճարտարապետի մասնագիտությունները: Երևանի գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնում անցկացրած տարիները օգնեցին նրան երկու տարբեր աշխարհներում ընդհանուր մի բան գտնել՝ օգնել և ծառայեցնել իր գիտելիքները մարդկանց հարմարավետությանը: 

28-ամյա Նարեկը ճարտարապետ է, ունիվերսալ դիզայնի և խելամիտ հարմարեցումների ապահովման խորհրդատու, ինչպես նաև արվեստում ներառականության խորհրդատու: Բարձրագույն կրթությունը ստացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, ապա վերապատրաստում անցել է արտերկրում, աշխատել է Մեծ Բրիտանիայի, Լյուքսեմբուրգի, Լեհաստանի ճարտարապետների, ներառական արվեստագետների և գործիչների հետ:

«Մանուկ հասակից սերը միշտ կար թատրոնի հանդեպ։ Ինձ ինչ հիշում եմ, հիշում եմ թատրոնի հետնաբեմում, որովհետև տատս՝ Լորիկ Մինասյանը, դերասանուհի էր, ու ես միշտ իր հետ թատրոն էի գնում ու հետևում տատիս խաղին դեկորների հետևից»,- հիշում է Նարեկ Մինասյանը: 

Փոքրուց ձևավորված այդ սերն էլ նրան 7 տարեկանից տարավ դեպի թատրոն։ Երբ արդեն պետք է իր համար մասնագիտություն ընտրեր, ընտրեց ճարտարապետի մասնագիտությունը ու կրկին՝ ոչ պատահական։

«Իմ նախնիների երկու կողմերը եղել են ճարտարապետներ, ինժեներներ, իսկ մյուս կողմը՝ դերասաններ և ռեժիսորներ, ու ես միշտ եղել եմ այս երկուսի խաչմերուկում, հետևաբար սա էլ վճռորոշ դեր է ունեցել իմ երկու մասնագիտությունների ընտրության հարցում»,- ասում է Նարեկը։ 

Նա ծնվել է Թեհրանում ու 2003-ին ընտանիքի հետ Հայաստան տեղափոխվել։ Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու որոշումը կայացված էր, ու երկու, թվում է թե, իրար հետ կապ չունեցող մասնագիտությունները, Նարեկն ասում է, փոխլրացնում, միահյուսվում են իրար։

«Եթե չլինի ճարտարապետությունը, տուժում է թատրոնը և հակառակը։ Երբ դերասան ես, կերտում ես կերպարներ, նույնը բերում ես շենքի վրա ու կերպար տալիս կառույցին»,- ասում է նա։ 

Նարեկը խաղացել է Երևանի գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնում, որը տարածաշրջանում առաջին ներառական թատրոնն է: Փոքր թատրոնի ներառական արվեստը մի հարկի տակ էր հավաքել տարբեր հնարավորությունների տեր մարդկանց, հաշմանդամություն ունեցող և չունեցող արվեստագետներ: Ապագայի մասնագիտությունն ու նեղ մասնագիտացման հարցում էլ մեծ դեր է ունեցել Նարեկի շփումները արտիստների հետ, հնարավորությունը՝ Երևանի մատչելիությանը նայել ուրիշ աչքով, հարցերն ու քննարկումները բեմակից արտիստների հետ՝ նրանց կարիքների, ցանկությունների, խնդիրների լուծումների և քաղաքի և միջավայրի մատչելիության մասին, որոնք հետագայում տեղ են գտել նրա նախագծերում: 

Նա պատմում է, որ 2015-ից ի վեր թատրոնում, դերասանական արվեստից բացի, որպես ճարտարապետ սկսեց զբաղվել բեմանկարչությամբ:

«Մի քանի բեմանկարչություն արվել է ունիվերսալ դիզայնի սկզբունքով, այսինքն՝ իմանալով տվյալ ներկայացման դերասաններից յուրաքանչյուրի կարողությունները, ըստ դրա ստեղծվել է մի պրոդուկտ, որը հասանելի է եղել բոլոր դերասաններին: Դրանից հետո արդեն ճարտարապետության մեջ ավելի խորացված սկսեցի ուսումնասիրել ունիվերսալ դիզայն հասկացությունը»,- պատմում է Նարեկը։

Նարեկը հաճախ է ճանապարհորդում ու հավաքում այլ երկրներում իր տեսած հարմարեցումներն ու քաղաքային լուծումները՝ դրանք հետագայում նաև այստեղ՝ Հայաստանում, կիրառելու նպատակով։

«Օրինակ՝ եվրոպական շատ երկրներում կան տակտիլ հատակներ, 6 տարբեր տեսակների՝ բշտիկավոր, գծավոր, հեծանիվների համար առանձնացված և այլն, ու սա նաև բառարան է համարվում, որն իմանալով՝ թույլ տեսնող կամ չտեսնող անձը կարողանում է հեշտությամբ տեղաշարժվել։ Որոշ եվրոպական քաղաքներում նաև կգտնես տակտիլ եռաչափ սարքած քաղաքի կամ շինության մանրակերտը՝ բրայլյան հասցեներով ու պատմություններով։ Սրանք լավ օրինակներ են, որոնք պետք է կիրառվեն ու պետք է կիրառվեն նպատակային»,- ասում է Նարեկը: 

Նա նշում է, որ Երևանի կենտրոնում ևս կարելի է երբեմն հանդիպել տակտիլ հատակների, բայց ո՞ւմ համար են դրանք կառուցված, եթե, օրինակ՝ մայրաքաղաքի ծայրամասերից հաշմանդամություն ունեցող անձը չի կարողանում կենտրոն հասնել։

«Ես ընկեր ունեմ, որն ունի ֆիզիկական հաշմանդամություն, աշխատում էր Կենտրոնում և բնակարան էր փնտրում Կենտրոնում, որպեսզի ստիպված չլինի օգտվել տրանսպորտից ու ոտքով տեղաշարժվի։ Տունը պետք է նաև առաջին հարկում լիներ, որպեսզի կարողանար խուսափել աստիճանները բարձրանալուց և ինքնուրույն տեղաշարժվել, ու աննկարագրելի դժվար գտնվեց այդ տունը»,- պատմում է Նարեկը։

Ներառականություն

Հայաստանում շատ շենքեր ու ենթակառուցվածքներ պարզապես չեն համարվում մատչելի։ Այդ շենքերի համար կարող են կիրառվել խելամիտ հարմարեցումներ։ Նարեկն իր նախագծերում ունի մի քանի առաջարկ, որոնցից առանձնացնում է Ջաջուռում գտնվող Մինաս Ավետիսյանի՝ 1988-ի երկրաշարժից տուժած հայրական տան վերակառուցումը։

Այս նախագիծը Նարեկը մշակել էր դեռ ուսանողական տարիներին, այժմ ծրագիրը նախնական փուլում է, որի աջակցմանը մասնակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը: Նա նշում է, որ ծրագրի իրականացման շրջանակներում տունը ոչ միայն կսկսի ծառայել իր նպատակին, որպես հյուրընկալող տուն, այլև կստեղծի հնարավորություն արվեստագետ և արվեստասեր հասարակության համար ստեղծագործել հենց այս տանը, որը կդառնա մատչելի բոլոր այցելուների համար՝ շնորհիվ խելամիտ հարմարեցումների։ Պահպանելով տան տեսքը և հաշվի առնելով տարածքի սահմանափակումները՝ ներքին հարդարանքի մեջ օգտագործվել են մի շարք խելամիտ հարմարեցումներ, ինչպիսիք են՝ վերելակը, ընդհանուր օգտագործման թեքահարթակը, տակտիլ հատակները և այլ միջոցներ: 

«2023-ի նոյեմբերին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA Armenia) և հաշմանդամության փորձագետ Սուրեն Մաղաքյանի հետ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի համալսարանի մոտ 200 ուսանողների համար դասընթաց ենք անցկացրել՝ «ունիվերսալ դիզայն և խելամիտ հարմարեցումներ» թեմայով՝ նրանց ներկայացնելով մեր ու միջազգային փորձը։ Բացի այդ, 2023-ի դեկտեմբերին, նույն ծրագրի շրջանակներում, Դիլիջանում տեղի ունեցավ երկօրյա աշխատաժողով տարբեր անհատների, կառավարության մարմինների հետ միասին՝ հասկանալու համար, թե ինչ մատչելիության խնդիրներ ունենք, ինչ լուծումներ կարող ենք առաջարկել։ Հուսով եմ՝ շուտով կլինի քաղաքը մատչելի դարձնելու ծրագիր»,- ասում է Նարեկը:

Անմատչելիություն

Որ քաղաքն անմատչելի է, գաղտնիք չէ, բայց, ըստ Նարեկի, մեծ խնդիր է նաև իրազեկվածության պակասը, որը հնարավորություն չի տալիս իրական լուծումներ տալ առկա խնդիրներին։ Հիշում է մի դեպք, երբ հին շենքում թեքահարթակ էր կառուցվում ու երկու երկաթի կտոր էր դրվել։ Երբ կառուցողին ասում են, որ այդ երկաթների վրայով սայլակը չի անցնի, զարմացած հարցնում է․ «Բայց սայլակն էստեղ ի՞նչ գործ ունի»։ Այսինքն՝ հաճախ արվում է աշխատանք՝ առանց իմանալու ինչու և ինչի համար։ 

«Քաղաքի մատչելիության առումով մեծ խնդիր է քաղաքի տարբեր բարձրության վրա գտնվող հարթությունները՝ ստորգետնյա և վերգետնյա անցումներ, ու սրա լուծումներից մեկը կարող են լինել քաղաքային վերելակները (urban lifts), որ մեզ մոտ շատ քիչ տեղերում կան։ 

Կարծրատիպեր

Հասարակության մեջ դեռ շարունակում են գոյություն ունենալ տարբեր կարծրատիպեր։ Խոսելով դրանցից՝ Նարեկը նշում է, որ հաճախ մարդիկ կառուցում են որոշակի մատչելի անցումներ կամ հարմարեցումներ՝ մտածելով, թե այն այդպես էլ պետք չի գալու։ 

«Երևի պատճառներից մեկն էլ այն է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ անհարմարությունների և ոչ մատչելի միջավայրի պատճառով շատ դուրս չեն գալիս և չեն հայտնվում հասարակության մեջ, ու հասարակությանը թվում է, թե նրանք չկան, բայց Հայաստանում ավելի քան 200 հազար հաշմանդամություն ունեցող մարդ կա, և նրանց մի մասը պայքարող տեսակ է»,- ասում է Նարեկը։

«Ցավոք, մի մասի մոտ էլ, ովքեր խնդիրների պատճառով արդեն իսկ ունեն հոգեբանական ընկճվածություն, այդ խնդիրներն ավելի են խորանում եղած անմատչելիության պատճառով, ու, ի հետևանք, նրանք մեկուսանում են հասարակությունից»,- նշում է նա։ 

Ներառականությունն ապահովելու համար Նարեկն ուսումնասիրում է «ունիվերսալ դիզայն» հասկացությունն ու այն փորձում ներմուծել հայկական իրականություն։ 

Ունիվերսալ դիզայնի 7 սկզբունքները մշակվել են 1997-ին՝ ճարտարապետների, ինժեներների և շրջակա միջավայրի դիզայնի հետազոտողների աշխատանքային խմբի կողմից՝ Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանում Ռոնալդ Մեյսի գլխավորությամբ:

Արվեստը որպես օգնող գործիք

«Առաջին ներկայացումը, որ խաղացինք Փոքր թատրոնում 2013-ին, թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Վահան Բադալյանի «Մի լքիր ինձ» բեմադրությունն էր, որի ժամանակ յուրաքանչյուր դերասան կիսվում էր իր անձնական կյանքով ու փորձով, ու հանդիսատեսից շատ մեծ արձագանք ստացանք: Հույզերը շատ էին, ու դա հիմք է տալիս մտածելու, որ շատերի մեջ այդ ներկայացումը վերաբերմունք փոխեց»,- նշում է նա։ 

Նարեկն իրեն լավատես է համարում։ Ասում է՝ չնայած առկա խնդիրներին ու դժվարություններին՝ վստահություն կա, որ ինչ-որ բաներ փոխվելու են։ Կան նախաձեռնություններ ու նախագծեր, որոնք առաջիկայում կյանքի են կոչվելու, ու հենց սա է հիմք տալիս նման համոզմունք ունենալու։ 

«Իսկ ես ինձ ապագայում ու միշտ տեսնում եմ անընդհատ փնտրտուքի մեջ»,- ընդգծում է ճարտարապետ-դերասանը։

Սաթենիկ Հայրապետյան

MediaLab.am