«Թավշյա հեղափոխությունից հետո քրեական աշխարհը քաղաքական աջակցության առումով մնացել է անտեր». Արթուր Սաքունց

«Թավշյա հեղափոխությունից հետո քրեական աշխարհը քաղաքական աջակցության առումով մնացել է անտեր». Արթուր Սաքունց
«Թավշյա հեղափոխությունից հետո քրեական աշխարհը քաղաքական աջակցության առումով մնացել է անտեր». Արթուր Սաքունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը

– Պարո՛ն Սաքունց, Կառավարությունը հաստատեց Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ օրենքով պայքար է մղվելու քրեական հեղինակությունների ու «օրենքով գողերի» դեմ։ Ինչպե՞ս եք գնահատում Կառավարության այս քաղաքականությունը։

– Այն, որ քրեական աշխարհ, քրեական մշակույթ, քրեական համակարգ, քրեական արժեհամակարգ՝ այս ամենն առկա է որպես երևույթ և, ցավոք, անցած տարիների ընթացքում ձեռք է բերել նաև քաղաքական ազդեցություն ու նշանակություն, փաստ է։ Հենց քրեական աշխարհի կարկառուն ներկայացուցիչները սերտորեն համագործակցում էին քաղաքական իշխանության կարկառունների հետ։ Եվ, բնականաբար, թավշյա հեղափոխությունից հետո օրակարգային հարց պետք է դառնար քրեական մշակույթի և քրեական աշխարհի՝ որպես թե՛ հակաիրավական, թե՛ հակաժողովրդավարական, թե՛ հակասոցիալական երևույթների դեմ պայքարը։ Եվ նաև մի երևույթ, որն ըստ էության նաև ինքնիշխան պետության սկզբունքների դեմ է, քանի որ քրեական աշխարհի կանոններն անհամատեղելի են իրավական պետության կանոնների հետ։

Քրեական աշխարհն իր բովանդակությամբ ու կառուցվածքով ավտորիտար է և ավտորիտար մտածելակերպի, կառավարման տիպիկ օրինակներից մեկն է։ Այն իր էությամբ նաև հակասոցիալական է, որովհետև իր գործիքներով ու մոտեցումներով հանցագործությունների մի ամբողջ դաշտ է։

Եվ իր ամբողջ էությամբ հիմնված է հանցագործությունների վրա։ Ամենակարևորը՝ ինքնիշխան պետության դեմ է, որովհետև վերազգային քրեական համակարգերը չեն ճանաչում որևէ պետական սահման, և լուրջ մարտահրավեր են քրեական խմբավորումները։ Այնպես որ, քրեական աշխարհի և քրեական ենթամշակույթի դեմ պայքարի անհրաժեշտությունը որևէ լրացուցիչ հիմնավորման կարիք չունի։

Նախկինում Հայաստանում դա սերտաճած էր քաղաքական, կոռուպցիոն, տնտեսական համակարգերի հետ, էլ չեմ խոսում քաղաքական վերնախավի հետ սերտաճած լինելու մասին, ինչի վերաբերյալ փաստեր ու լուսանկարներ կան։ Ավելին, այս քրեական մշակույթը մարդու ազատ կամքի արտահայտման լուրջ խոչընդոտներից մեկն էր, օգտագործվում էր ավտորիտար կառավարման կողմից՝ որպես պետությունը զավթող գործիքներից մեկը։

– Հիմա, եթե այդ մարդկանց ուղարկում ենք բանտեր, ինչպես վարչապետն ասաց, իրենց տուն, լուծվո՞ւմ են այն խնդիրները, որոնք թվարկեցիք։

– Քրեական աշխարհի ներկայացուցիչների և նրանց գործողությունների դեմ պայքարը մեկ հարց է, քրեական մշակույթի դեմ պայքարը՝ այլ հարց։ Քրեական աշխարհի հեղինակություններն իրենց գործողություններով միմիայն կարող են առնչվել քրեական հանցագործությունների հետ, հետևաբար այստեղ պետք է գործ ունենանք քրեական պատասխանատվության ինստիտուտի հետ։ Այսինքն՝ պատասխանատվության անխուսափելիությունը անհրաժեշտ պայման է։

Բայց դրանով չես կարող հասնել քրեական մշակույթի դեմ պայքարին։ Բայց առանց դրա չես կարող նախադրյալներ կամ երաշխիքներ ստեղծել, որպեսզի կարողանաս հաջողության հասնել քրեական մշակույթի և արժեհամակարգի՝ որպես իր էությամբ հակամարդկային երևույթի դեմ պայքարում։ Եվ այդ առումով երկրորդ կարևոր կողմը կրթական, մշակութային իրազեկման ոլորտն է, որտեղ արդեն ոչ թե պատժողական մոտեցումներ պետք է կիրառվեն, այլ պետք է ընդհանրապես հաղթահարել այն բոլոր ստերեոտիպերը, որոնք հենց ձևավորվել են՝ ապահովելու համար քրեական աշխարհի մասին դրական պատկերացումներ։

Բայց, միաժամանակ, շատ կարևոր հանգամանք եմ ուզում նշել՝ առավել ծանրացուցիչ հանգամանք պետք է համարել պաշտոնատար անձանց մասնակցությունը կամ առնչությունը քրեական աշխարհի հետ։ Դա արդեն պաշտոնեական դիրքի կամ լիազորությունների օգտագործում է, ինչը պետության զավթման և պետությունը բարոյապես փչացնելու ուղղակի ճանապարհ է։ Բայց, կարծում եմ, պետք է նաև էական նշանակություն տրվի քաղաքական գործիչներին։ Այսինքն՝ պետք է հասնել նրան, որ քրեական աշխարհի հետ որևէ առնչություն դիտարկվի որպես անհամատեղելի ժողովրդավարական, իրավական պետության արժեքների հետ։

Մյուս կարևոր հանգամանքը, որը ես կուզեի օրենսդրական այս փոփոխության իրականացման կարևոր երաշխիք դիտարկվի, հետևյալն է։ Այնտեղ, որտեղ պետական ինստիտուտները, իրավապահ մարմինները թերանում են, այնտեղ պարարտ հող է ստեղծվում քրեական աշխարհի կենսունակության համար։

Այստեղ պետք է ուղղակի հասկանալ, որ հատկապես իրավապահ մարմինների հանդուրժողականությունը, անսկզբունքայնությունը, էլ չեմ ասում՝ քրեական աշխարհի հետ որևէ առնչություն պետք է շատ ավելի լուրջ հետևանքներ ունենան։ Նվազագույնը պաշտոնից զրկումը և իրավապահ համակարգում պաշտոնավարման անհնարինությունը պետք է լինեն, իսկ երբ դա կվերաբերի քրեական հանցագործություններին կամ այդ հանցագործությունների կոծկմանը, ապա պետք է իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ ավելի խիստ պատիժ սահմանվի։

– Վերջին շրջանում հանցավոր աշխարհի ներկայացուցիչների գործողությունների ակտիվություն է նկատվում, գլխավոր դատախազն էլ ասաց, որ նրանք մեծ ազդեցություն ունեն հանցավորության այսօրվա իրավիճակի վրա։ Ինչո՞վ եք դուք սա բացատրում։

– Չգիտեմ՝ ի՛նչ նկատի ունի գլխավոր դատախազը՝ այդ ձևակերպումը տալով, այստեղ կա մեթոդական տարբերություն։ Պետք է հասկանալ, որ քանի որ քրեական աշխարհը երկար ժամանակ գործել է քաղաքական իշխանության հետ սերտաճած, ավելին, քրեական աշխարհն ունեցել է քաղաքական իշխանության անվիճելի հովանավորությունը, թավշյա հեղափոխությունից հետո քաղաքական իշխանության բնույթը փոխվում է։ Եվ, այսպես կոչված, քրեական աշխարհը մնում է անտեր, քաղաքական աջակցության առումով անտեր։

Այն բոլոր կարգավորումները, որոնք, բացի քաղաքական իշխանությունից, նաև քրեական աշխարհի ձեռքին էին, այդ կարգավորումների բացակայության պարագայում քրեական աշխարհում պետք է վերագտնեն, թե ինչպես իրենց պահեն նոր պայմաններում։ Այն ձևաչափը, որում նրանք գտնվել են, կապված քաղաքական իշխանությունների կողմից կարգավորումների հետ, փոխվում է։ Այստեղ պետք է փորձ անեն, որ մեկն ու մեկն իր վրա վերցնի քրեական աշխարհի լիդերությունը։

Եվ, բնականաբար, հաշվի առնելով իրենց մեթոդների ու գործիքների առանձնահատկությունը, որը քաղաքակիրթ կամ դիվանագիտական տեսք չունի, դա կարող է դրսևորվել նաև նման սրացումներով։ Հենց այստեղ է, որ իրավապահ մարմինները բավական լուրջ մարտահրավեր ունեն այս հարցի լուծման համար։ Եվ երբ ասում ենք, որ դատաիրավական համակարգն ընդհանրապես պետք է վեթինգի ենթարկվի, մենք նկատի ունենք, որ այդ համակարգի շատ ներկայացուցիչներ ժամանակին այլ բնույթի հարաբերություններ են ունեցել քրեական աշխարհի հետ, եթե չասենք, որ շատերը քաղաքական իշխանության թելադրանքով նույնիսկ կարող են համագործակցած լինել քրեական աշխարհի հետ։

Իսկ հիմա նոր իրողությունների պայմաններում իրավապահ համակարգը նույնպես պետք է վերադասավորվի։ Իսկ այն մարդկանց համար, ովքեր առնչություն են ունեցել, շատ դժվար է փոխվել։ Օրինակ՝ տեսանք, թե «օրենքով գող» Պզոն ինչպես էր իրեն պահում ոստիկանության բաժնում, և ինչպես էին իրենց դրսևորում ոստիկանները։ Շատ խուսափողական էին, նույնիսկ չէին էլ համարձակվում անհրաժեշտ գործողություններ կատարել ոստիկանության բաժնում։ Այսինքն՝ այստեղ մենք լուրջ խնդիր ունենք, որ իրավապահ համակարգը, հատկապես ոստիկանությունը, պետք է բավական լուրջ փոփոխությունների ենթարկվի՝ թե՛ կադրային, թե՛ բովանդակային առումով։

Առանց դրա ես չեմ պատկերացնում արդյունավետ պայքար քրեական աշխարհի դեմ։ Եվ ինձ համար հետաքրքիրն այն է, որ օրենսգրքերում փոփոխությունների ամփոփաթերթում ազգային անվտանգության ծառայությունն առաջարկություններ և դիտողություններ չունի։ Ինձ թվում էր՝ ԱԱԾ-ն շատ ավելի մեծ տեղեկատվություն ու փորձ պետք է ունենար քրեական աշխարհի հեղինակությունների դեմ պայքարում։ Այդ փորձի հիման վրա նաև որոշակի առաջարկություններ պետք է ներկայացներ այս փոփոխությունների վերաբերյալ։ Քննչական մարմինները, ոստիկանությունը, գլխավոր դատախազությունը ներկայացրել են առաջարկություններ։ Եվ շատ տարօրինակ է, որ ԱԱԾ-ն ոչ մի առաջարկություն չունի։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am