Ալե~ հո ´պ. Երեւանի կրկեսի արդիականացման եւ նորոգման համար կներդրվի մինչեւ 10 մլն դոլար

Ալե~ հո ´պ. Երեւանի կրկեսի արդիականացման եւ նորոգման համար կներդրվի մինչեւ 10 մլն դոլար
Ալե~ հո ´պ. Երեւանի կրկեսի արդիականացման եւ նորոգման համար կներդրվի մինչեւ 10 մլն դոլար

Կրկեսի հրաժեշտի ներկայացմանը մնացել են հաշված րոպեներ: Հին կլոր բեմի շուրջ, մաշված, տեղ-տեղ պատռված կաշվով աթոռների վրա նստած երեխաներից շատերը քաղցր ձողիկներ են ուտում: Այս քաղցր բույրը խառնվում է կրկեսում արդեն բնական դարձած խոնավության, կենդանիների ծանր հոտի հետ:
Տհաճ հոտ, փոշի և խոնավություն, հնացած պատեր, խունացած գույներ.երկար տարիներ Երևանի կրկեսի նկարագիրը սա է:

 

Սակայն, պատասխանատուները հավատացնում են, որ 1939-ին Երեւանի փայտաշեն կրկեսի տեղում կառուցված կրկեսի այժմյան շենքը, որը հիմնովին վերակառուցվեց ու նորոգվել է 1962-ին եւ մինչ օրս աշխատում է 60-ականների շնչով, կարդիականացվի ու լիովին կփոխվի: Վերանորոգման եւ վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն օգոստոսի 1-ին:

Երևանի կրկեսի դռները երկու տարով կփակվեն եւ վերջապես այն հիմնովին կվերանորոգվի: Կրկեսի նորոգման եւ արդիականացման համար «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի եւ ‹‹Տաշիր Գրուպի›› միջև պայմանագիր է կնքվել, որը կարող է արժենալ մինչեւ 10 միլիոն ԱՄՆ դոլար:

«Երկար տարիներ աշխատում էինք, բայց պայմանները չեն համապատասխանում կրկեսային արվեստի ռիթմերին: Շատ մարդիկ ուզեցան մեզ հովանավորեն, օգնեն, բայց գալիս էին, տեսնում էին, որ կրկեսը բիզնեսի նյութ չէ, թողնում և հեռանում էին: Տաշիր գրուպը, ի դեմս նրա նախագահի` Սամվել Կարապետյանի իրոք մտածում է կրկեսային արվեստի զարգացման մասին»,-հավաստում է Սոս Պետրոսյանը:

«Օրինակ, մեր աթոռները 42 տարվա են: Մեր լուսային համակարգը, ձայնային, շենքային, ինժեներական վիճակը… Ձմեռը` ցուրտ, ամառը` շոգ, այդ բոլորը փոխվելու է: Խոսքը գնում է կապիտալ վերանորոգման մասին: Կրկեսը պետք է մոդեռնիզացվի: Ես գործի բերումով վերջերս լինում եմ Եվրոպական մի շարք երկրներում, տեսնում եմ, որ մեր կրկեսը շատ է հետ մնում»,-ասում է Սոս Պետրոսյանը:

Կրկեսի գլխավոր ռեժիսոր, կենդանավարժ Նաիրա Պետրոսյանը մեզ ուղեկցում է արտիստների աշխատասենյակ, ծիծաղելով` «Ախր սա աշխատասենյա՞կ է, որ տեսնեք»:

Այսպես կոչված «աշխատասենյակը» փոքրիկ մի տարածք է: Այստեղ թափթված են արտիստին անհրաժեշտ պարագաները`ձողեր, օղակներ: Գրեթե ոչ մի հարմարություն չկա: Սառը, մոխրագույն պատերը սենյակը լցնում են խոնավությամբ: Մաշված դուռը ճռռալով բացվում է, չրխկոցով հազիվ փակվում:

«Ես աշխատել եմ Յուրի Նիկուլինի կրկեսում, որտեղ աշխատասենյակում կար արտիստի լոգարանը: Քանի որ դերասանը ելույթից հետո մի փոքրիկ քրտնում է, գոնե իրեն թույլ տա ցնցուղ ընդունի: Այսինքն կրկեսում չկան տարրական պայմաններ:Ինքներդ տեսնում եք` ինչ վիճակ է»,- «Մեդիալաբին» ասում է Նաիրա Պետրոսյանը:

Առաջնային խնդիր է նաև կրկեսում տարածվող տհաճ հոտը: Նաիրա Պետրոսյանը բացատրեց, որ տհաճ հոտի պատճառն այն է, որ կրկեսում չկա օդափոխության համակարգ, քանի որ տասնամյակներ առաջ շենքը կառուցվել է առանց այդ հանգամանքը հաշվի առնելու: Արդյունքում, երբ տարբեր կենդանիներ, օրինակ ձիերը, լամաները, իրար կողք կողքի կանգնում են, իսկ օդափոխություն չկա, բնական է, տհաճ հոտ է տարածվում:

Նախատեսվում է վերանորոգման ընթացքում լուծել նաեւ այս խնդիրը: Կենդանիների համար էլ կրկեսից դուրս հարմարավետ կացարաններ կկառուցվեն, ենթադրվում է, որ ձեռք կբերվեն նաեւ նոր կենդանիներ և գուցե նոր կենդանիներ գնվեն: Մինչ նորոգման ավարտը, կենդանիները կապրեն Երեւանի կենդանաբանական այգումղ

«Խնդիրներ իհարկե շատ կան: Չի համապատասխանում չափանիշներին` թե կենդանիների պահելու տեղը, թե դերասանների աշխատասենյակները»,-ասում է Նաիրա Պետրոսյանը:

Կրկեսի դահլիճն արդեն լեփ-լեցուն է: Կուլիսների ետևում իրենց հերթին են սպասում վարժեցված կենդանիները`լամաներն ու ձիերը: Փոքրիկ աշխատասենյակում ելույթին են նախապատրաստվում ծաղրածու Էմիլ Օհանյանը և նրա գործընկեր Մուշեղ Խաչատրյանը: Նա այսօր հանդիսատեսի համար միականի հեծանիվ է քշելու:

Այն, որ երկու տարի կրկեսը չի գործելու, արտիստներին չի անհանգստացնում: Տաշիր Գրուպը երաշխավորել է, որ նրանք կշարունակեն աշխատավարձ ստանալ: Բացի այդ, նրանցից շատերը պայմանագրեր ունեն արտերկրի կրկեսների հետ: Նրանք սակայն, ուզում են, որ մի գեղեցիկ օր ոչ միայն իրենք մեկնեն հյուրախաղերի, այլ նաև օտարերկրյա իրենց գործընկերներին Հայաստան հրավիրելու հնարավորություն ունենան:

«Իմ կարծիքով կրկեսը սովետից հետո չի վերանորոգվել: Հիմա կարծես թե շատ լավ է, ուզում են հիմնովի վերանորոգեն: Միակ վատ կողմ այն է, որ կրկեսը երկու տարի պետք է կանգնի: Բայց մենք ամեն դեպքում շատ երկրներում ենք ելույթ ունենում, պայմանագրեր ունենք: Իսկ վերանորոգելուց հետո արդեն ուրիշները մեզ մոտ կգան»,-«Մեդիալաբին» ասում է Մուշեղ Խաչատրյանը:

Կրկեսի հանդիսատեսներից մեկը, կենդանիներով հրապուրված իր երեխային նստարանին է նստեցնում:

«Ուզում եմ հավատալ, որ ներդրումն իրոք կծառայի իր նպատակին, բոլորս էլ մեր երեխաների համար վերանորոգված կրկես, լավ ու վառ մանկություն ենք ուզում,-ասում է նա «Մեդիալաբին»,-բայց չեմ ուզում վաղաժամ ոգեւորվել»:

Լիաննա Խաչատրյան

Լուսանկարը` Իննա Մխիթարյանի

© Medialab.am