«Այլևս «տասովշիկություն» անել, բազմոցին պառկած փող աշխատել չի լինի, մարդիկ պետք է իրականում աշխատեն». Հայկ Գևորգյան

«Այլևս «տասովշիկություն» անել, բազմոցին պառկած փող աշխատել չի լինի, մարդիկ պետք է իրականում աշխատեն». Հայկ Գևորգյան
«Այլևս «տասովշիկություն» անել, բազմոցին պառկած փող աշխատել չի լինի, մարդիկ պետք է իրականում աշխատեն». Հայկ Գևորգյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։

– Պարո՛ն Գևորգյան, ինչպե՞ս եք գնահատում տնտեսական աճի ցուցանիշները, և որ ոլորտների հաշվին է հիմնական աճն ապահովվում։

– Ամենաուրախալին այն է, որ արդյունաբերությունում աճը գրանցվում է հիմնականում վերամշակող արդյունաբերության և սննդի արտադրության ոլորտներում։ Եվ երբ նայում ենք ներմուծումների կառուցվածքը, հիմնականում տեղի է ունենում սննդամթերքի փոխարինում։ Այսինքն՝ տեղականը փոխարինվում է ներմուծմամբ։ Իմ կարծիքով՝ դա հետագայում կընդլայնվի։ Երբ մարդիկ արդեն զգում են արտադրության «համը», անընդհատ ուզում են ընդլայնել իրենց արտադրությունը։

Այս պահին գյուղատնտեսության ցուցանիշները վատ են, որովհետև բերքի մասին ամբողջական տվյալները չկան, բայց ինտենսիվ այգիների մասով աճ ունենք։

– Ներդրումների ծավալը թեև աճել է, բայց Կառավարության ակնկալիքները կարծես ավելին էին, այդպես չէ՞։

– Ներդրումների հարցում ես խնդիր եմ տեսնում, մի քիչ դանդաղ է աճը։ Զուտ ներհոսքերի մասով նույնիսկ նվազում կա, բայց դա կապված է հանքարդյունաբերության ոլորտի, մասնավորապես, Ամուլսարի ծրագրի հետ։

– Բացի հանքարդյունաբերությունից, այլ ոլորտներում ինչո՞ւ են դանդաղում ներդրումները։

– Սպասում են, կարող է տարօրինակ հնչել, բայց դա նաև Ամուլսարի ծրագրի հետ է կապված։ Խոշոր ներդրողներն անպայման նայում են, թե ինչպես է հանգուցալուծվելու այդ պատմությունը։ Մանրերի դեպքում կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, պետք է ուսումնասիրենք, թե ինչն է խնդիրը։ Ցանկություն կա, հաշվարկներ են արվում, բայց էլի ինչ-որ բան չի ստացվում։ Միգուցե պետք է մի քիչ բյուրոկրատական շղթաները օպտիմալացնենք, հեշտացնենք։ Այն հարցը, որը կարելի էր լուծել մի քանի օրում, կարող է մի քանի շաբաթ պահանջել, պատճառներն օբյեկտիվ ու սուբյեկտիվ են։

Շինարարության ոլորտում կան մեծածավալ ներդրումներ, բայց դրանք դեռ չեն զգացվում։ Նրանք բոլոր ընթացակարգերն անցել են, բայց կոնկրետ շինարարությունը դեռ չեն սկսել։ Ահռելի մեծ քանակությամբ շինարարություն է սկսվելու Երևանում, Երևանի մերձակայքում, Գյումրիում։

– Այսինքն՝ առաջիկայում շինարարության բո՞ւմ պետք է սպասել։

– Դա սեզոնային բնույթ ունի, աշնանը ոչ ոք շինարարություն չի սկսի։ Բայց արդեն գարնանը Երևանում հաստատ շինարարական բումն ակնհայտ կլինի։

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց երկնիշ տնտեսական աճի հնարավորության մասին, որքանո՞վ եք դա իրատեսական համարում։

– Ես չեմ կարծում, որ այս տարի երկնիշ տնտեսական աճ կունենանք։ Այն փոփոխությունները, որոնք կատարել ենք Հարկային օրենսգրքում, կսկսեն աշխատել հաջորդ տարվանից։ Այս տարի մոտ կլինենք երկնիշ տնտեսական աճին, իսկ հաջորդ տարիներին անպայման պետք է երկնիշ տնտեսական աճ ապահովել, որովհետև մենք այլ տարբերակ չունենք։ Երկար տարիներ մեր տնտեսությունը հետ է մնացել, հիմա պետք է բաց թողածը հետ բերենք։

– Կառավարությունը մարդկանց կոչ է անում աշխատել։ Այսինքն՝ կանխատեսվում է, որ դա տալո՞ւ է իր արդյունքը։

– Այդ կոչերը զուտ տրամադրություններ ստեղծելու համար են։ Այդտեղ մենք բախվում ենք հոգեբանական վարքագծի խնդրի, դա ամենադժվար լուծելի խնդիրն է։ Մարդիկ պետք է իմանան, որ վաստակում ու բարեկեցիկ ապրում է այն մարդը, ով աշխատում է։ Այլևս «տասովշիկություն», սրա-նրա հետ լավ լինելով՝ շուկայում ինչ-որ տեղ վերցնելը, բազմոցին պառկած փող աշխատելը չեն լինի։ Եթե հիմա էլ դեռ կան հնից եկող նման երևույթներ, շուտով դրանք վերանալու են։ Դաշտում կդիմանան նրանք, ովքեր աշխատում են։ Գյուղացուց սկսած մինչև ամենախոշոր բիզնեսի ներկայացուցիչները միայն աշխատանքի, մրցակցության պայմաններում պետք է զարգանան։ Մարդիկ պետք է ինքնակրթվեն, նույնիսկ կանաչի ցանելիս պետք է փորձեն լրացուցիչ գիտելիք ձեռք բերել, ինչպես անել, որ մեկ քառակուսի մետր տարածքից ավելի շատ բերք ստանալ։

– Հիմա կան կարծիքներ, որ շարքային քաղաքացու կյանքում ոչինչ չի փոխվել։ Այսինքն՝ դուք ասում եք, որ այդ փոփոխությունը նաև մարդո՞ւց է կախված։

– Ես այն կարծիքին չեմ, որ մարդիկ չեն զգում փոփոխությունները։ Մարդիկ շատ լավ են զգում։ Դա ցույց է տալիս մանրածախ առևտրի շրջանառության ցուցանիշների աճը։ Բայց որ մարդիկ միշտ դժգոհ են լինելու, դա էլ է բնական։ Մանրածախ առևտրի շրջանառության ցուցանիշները հրապարակված են, ընդ որում, առանց ավտոմեքենաների ցուցանիշի։ Եթե աճում է մանրածախ առևտրաշրջանառությունը, դա նշանակում է, որ մարդկանց ձեռքին փող կա։ Եթե հաշվի առնենք, որ գնաճ չի եղել, անգամ թույլատրված ցուցանիշից ցածր է, նշանակում է, մարդիկ ավելի շատ ապրանք են գնում։ Իսկ դա նշանակում է, որ մարդկանց ձեռքին փող է հայտնվել։ Նախկինում մի փոքր խումբ մարդիկ էին կարողանում շատ առևտուր անել, հիմա ավելի լայն զանգվածներ են դա կարողանում անել։ Բայց քիչ է, ինձ էլ չի գոհացնում դա, բայց ոչ ոք չի կարող ասել, որ ոչինչ չի փոխվել։

– Դուք ասում եք՝ ներդրողները սպասողական վիճակում են։ Այսինքն՝ Ամուլսարի հանքավայրի ծրագիրը հիմա կոնկրետ ազդեցությո՞ւն ունի ներդրումային միջավայրի վրա։

– Այո՛, դա աքսիոմ է, ապացուցման կարիք չունի։ Ինստիտուցիոնալ ներդրողները, խոշոր պրոյեկտների հեղինակները ենթակառուցվածքների մեջ ներդրումներ անելիս նայում են, թե մեծ ծրագրերը Հայաստանում ինչ բախտի են արժանանում։ Հիմա իրենք աչքի առաջ ունեն մի շատ վատ օրինակ։ Դա ուղղակի չի կարող չազդել ներդրողների վարքագծի վրա։

– Հեղափոխությունից հետո շատ էր խոսվում այն մասին, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչների ֆինանսական միջոցները օֆշորային գոտիներից պետք է վերադարձվեն Հայաստան։ Ի՞նչ փուլում է այս գործընթացը։

– Այո, բայց ոչ ոք չէր ասում, թե դա մենք մեկ օրվա մեջ ենք անելու։ Դա ընթացակարգերի առումով շատ բարդ գործընթաց է։ Դրա համար պետք են այդ օֆշորներում որոշակի օրենսդրական կարգավորումների ներդաշնակեցում։ Կան օֆշորներ, որտեղից հնարավոր է ինչ-որ կերպ ինֆորմացիա ստանալ, բայց կան օֆշորներ, որտեղ այդ ինֆորմացիան փակ է։ Անցումային արդարադատության շրջանակներում մենք այս խնդիրների մի մասը կփորձենք լուծել, որպեսզի կարողանանք այդ գումարները բերել։ Այնպիսի պայմաններ պետք է ստեղծենք, որ անձն ստիպված լինի հայտարարագրել իր ունեցվածքը։ Դա շատ բարդ գործընթաց է, նույնիսկ ոչ օֆշորային, սովորական երկրներում գտնվող փողերը հետ բերելը հեշտ չէ։ Ես չեմ տիրապետում վիճակագրությանը, թե ինչ փողերի մասին է խոսքը, բայց գիտեմ, որ այդ ուղղությամբ քայլեր արվում են։ Դա փաթեթի մի հատվածն է, որը մենք պայմանականորեն կոչում ենք անցումային արդարադատություն։

– Նաև դրա մաս է կազմում առանց դատավճռի գույքի բռնագրավո՞ւմը։

– Այո՛, դրանից է բխում։ Ես կողմ եմ, որ ապօրինի ձեռք բերված գույքը օրինական ճանապարհով վերադարձվի սեփականատիրոջը՝ ժողովրդին։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am