Պարտության խնդիրը. երեք անհայտներն ու մենք

«Ջրականում ես թողեցի հայրենիքս, ձեռքս, ընկերոջս… Ընկերոջս հետ բերեի…»

Ուսումնասիրություն էի անում։ Թեման հետևյալն էր՝ «Վերջույթների ամպուտացիայի ազդեցությունը մարդու «ես» կառուցվածի վրա»: Պարզ լեզվով ասած՝ թե ինչպես է ոտքի կամ ձեռքի կորուստը ազդում մարդու ինքնընկալման վրա։ Կազմել էինք թեստեր, գտել էինք թիրախային խմբին։ Պատերազմն էր ավարտվել։ Չէր ավարտվել։ Կեսից անջատել էին։ Վարչապետը գրիչով իր ստորագրությունն էր դրել դադարը հռչակող թղթի վրա, ես իմ գրիչով թեմայի վերնագրում ջնջեցի «մարդ» բառը, փոխարենը գրեցի՝ «վետերանների»: 

Հետո զրուցեցի տղաների հետ։ Ուժերս գերագնահատել էի։ Շուտ էի սպառվում։ Չէի հերիքում։ Մի օր երկու ձեռքը կորցրած տղան ոգևորված խոսում էր գործ գտնելու հնարավորության մասին։ Հարցրեցի` իսկ մասնագիտությամբ ինչ է։ Ասաց` քանդակագործ…

Սա վերջակետն էր։ Չի կարելի ուսումնասիրել մի երևույթ, երբ ինքդ հոգեբանական կայուն վիճակում չես։ Ես ստիպված էի ընդունել, որ գերագնահատել եմ իմ ուժերը։ Դուրս եկա սենյակից` հասկանալով, որ ուսումնասիրությունը հարամ է լինում՝ մեր փշրվող հպարտության պես։ Իհարկե ոչ մի լուրջ բան արդյունքում չստացվեց։ Բայց լրացված թերթիկները միշտ դարակումս էին։ Ժամանակ առ ժամանակ ձեռքի տակ էին ընկնում։ Հարցեր, հարցեր… ու ձեռագրով լրացված պատասխաններ։ 

Ով եք դուք։ 

Մարդ եմ։ 

Արդյոք ունեք թշնամի։ 

80 միլիոն…

Ով եք դուք։ 

Բաց է թողնված։ 

Ով եք դուք։ 

Պարզապես մարդ։ 

Ով եք դուք։ 

Հադրութցի…

Բազում հարցերի վերջում ավելացրած այս հարցն այնքան շերտեր ուներ։ Մարդու ինքնությունը բազմաշերտ է։ Մարդ, բնակավայրի բնակիչ, ազգի ներկայացուցիչ, մասնագիտական համայնքի անդամ… տարիների ընթացքում մենք իրար վրայից հագնում ենք այս շերտերը՝ հաստացնելով մեր սոցիալական կաշին։ Պատերազմն ասես այրել, կլեպ-կլեպ տարել էր շատերի ինքնության բազում շերտերը։ Ով ինչ հասցրել՝ խլել փախցրել, կրակից հանել պահել էր իրեն։ 

Ժամանակը հոսում է, և իմ մտքում չլուծված խնդրի պես շարունակում է պտտվել տղաներից մեկի բառերը. «Ջրականում ես թողեցի հայրենիքս, ձեռքս, ընկերոջս… Ընկերոջս հետ բերեի…»։ Փազլի պես դասավորում եմ այս պարզ բառերը, որ թվում է թե հասկանալի են։ Բայց, միևնույն է, լուծում են պահանջում։ 

Հետո հասկացա, որ նախ՝ խնդրի վերնագիրն էր սխալ: Պետք է լիներ՝ «Ամպուտացիայի ազդեցությունը հանրության «ես» կառուցվածքի վրա»։ Հետո անցա բուն խնդրին։ Պարտությունն ինքը անդամահատում է։ Կտրվում է քո աշխարհի քարտեզը, քո իրականությունից կտրվում է անվտանգությունը, քո ինքնության միջից կտրվում է հաղթանակը, հասարակությունից` ջահելները։ Եվ հենց այստեղ է կարևոր, թե ինչ կտեսնես դու` նայելով հայելու մեջ։ Սա խնդրի առաջին կետն էր՝ կորցրած հայրենիքը։ 

Մեր հասարակությունը մի եզակի հատկություն ունի։ Այսքան պատերազմների և երկրաշարժի մեջ շարունակել չտեսնել հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Չեք հավատում։ Նայեք մեր քաղաքներին։ Դրանք այնպիսին են, կարծես ոչ մի խնդիր չկա։ Երկրում հաշմանդամություն ունեցող անձ չկա։ Նրանք բացակա են։ Սա բացի տարրական տգիտությունից նաև մեր ինքնամերժման արդյունքն է։ Չտեսնել, ժպտալ անցնել, կենաց խմել անցնել առաջ, չդարձնել դա մեր իրականության մասը։ Փոքրիկի պես ձեռքերով փակել աչքերը, կարող է մեկ էլ տեսար՝ ամեն ինչ չքվի։ 

Չի չքվելու։ Այսօր ես տեսնում եմ, որ վերջին կռվից հետո շատ տղաներ չվախեցան ստիպել՝ նայել իրենց։ Երիտասարդները հրաժարվում են խաղալ հին խաղի կանոններով։ Սա բացի նրանից, որ առանձին մարդկանց և նրանց վերաինտեգրման համար է լավ, նաև հասարակության համար է առողջ։ Հիշեցնում է պատերազմի իրական գնի, կյանքի, հասունության և վերսկսելու անվերջ հնարավորությունների մասին։ Սա խնդրի երկրորդ կետն էր՝ կորցրած ձեռքը։ 

Բայց իմ խնդիրը դեռ չի լուծվել։ Երրորդ կետը։ Ինչպե՞ս հետ բերել գոնե ընկերոջը։ Հավանաբար ոչ մի ձև չկա։ Հավանաբար խնդրի լուծումը հենց այս հարցի մեջ է, որ պիտի հավերժ պտտվի օդում։ Թույլ չտալով քնել ու մոռանալ։ Ստիպի մտածել ու գործել։ Ստիպի ի վերջո մեծանալ։ 

Ես էլ եմ կարծում, որ Նիցշեն սխալվում էր։ Ինչը մեզ չի սպանում, մեզ չի ուժեղացնում… Իսկ ուժեղացնում են մինչև դժբախտ իրադարձությունների գալը մեզ կերտած սերը, միջավայրը, արժեքները։ Քանի դեռ հնչում է հարց՝ ինչպես վերադարձնել ընկերոջը, նշանակում է դեռ մեր ինքնության ներուժը կա։ Կրակի միջից հանած ինքնության պատառիկները շատ չեն վնասվել։ Դեռ կա սիրելու, մեղքի զգացում ունենալու, կարոտելու կարողությունը, հետևաբար` կյանքի համար կարևոր օրգանները դեռ վնասված չեն։ Հասարակության շրջանում` նույնպես։ 

Լիաննա Խաչատրյան

MediaLab.am