Նիկոլ Փաշինյանի Մարտի 1-ը

Մհեր Արշակյան

Վարչապետ եմ ասել։ Ոնց որ երկիրը բաց տեքստով տանում է քաղաքացիական բախումներ։ Ցնցված եմ նույնիսկ՝ այդքան անթաքույց տրվել, ասենք, ԲԴԽ նախագահի սադրանքներին։ 

Նույնիսկ ամենասխալ հասկացած մարդն էլ սարսափած է Նիկոլի այն գրառումից, թե առաջնագծում կանգնած զինվորներին սպասում է մայրաքաղաքում, որպեսզի «վերջնականորեն լուծեն պատերի տակ վնգստացողների հարցերը»։ Այսինքն, օրենքներին, բարեփոխումներին, քաղաքական լուծումներին, դատական պրոցեսներին վե՞րջ։ Զենքո՞վ է մնացել միայն մի հայի փրկությունը մյուսից։ 

Սա շատ նման է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ նա արեց 2018-ի ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից։ 

Նիկոլ Փաշինյանը վերցնում է Սերժ Սարգսյանի բառապաշարը իր հետ խոսել չիմացողների հետ «խոսել» կարողանալու համար։ Ես համաձայն եմ, որ ԲԴԽ նախագահը դատավորներին դիմելով համը հանել է, երբ ասել է․ «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։ 

Այդ դատավորները երեկ քննում էին Աշոտ Երկաթին, Արթուր Վանեցյանին և մյուսներին կալանքի տակ պահելու հարցը։ Բայց ինչու՞ բանը հասավ սրան։ Առանց այն էլ բոլորին տեսանելի է, որ չկա իշխանափոխության վտանգ, ահա ինչու են նախկինները փորձում զենքով հարց լուծել։ 

Փաշինյանը առաջնագծում կռվող զինվորներին ապավինելով հասկացնում է, որ դատարանների հետ մեծ հույսեր կապել չի կարող։ Այսինքն, օրենքն իրեն օգնող չէ։ Ասենք թե։ Իսկ գուցե կրկին դիմեք ժողովրդի՞ն։ Թե՞ դա նույնպես քաղաքացիական բախումների ճանապարհ է։ 

Գուցե։ Սադրանք է, բան է։ 

Փաշինյանի հեղինակությունն էլ նախկինը չէ։ Ուստի մնում է մի պարզ ճանապարհ, որը հաստատ կհանդարտեցնի կրքերը։ 

Այս պահից Փաշինյանը հանդես է գալիս նոր ընտրությունների կամ իշխանափոխության ճանապարհային քարտեզով։ Նոր ընտրությունները հենց այն են, որին Հայաստանում սպասում են բոլոր առողջ ուժերը։ 

Թե ինչպես պետք է լուծարվի խորհրդարանը, ձեզանից լավ ոչ ոք չգիտի։ «Իմ քայլը» պետք է հանդես գա հայտարարությամբ և ասի, որ գնում է խորհրդարանի լուծարման ճանապարհով։ 

Այս պատերազմը Հայաստանում և Արցախում ոչ ոք չի մարսում։ Իշխանությունը դաժան վարվեց ժողովրդի հետ։ Նույնիսկ պատերազմի դադարեցումն անցավ չստացվեց։ 

Պետությունն արժանի չէ անհավասարակշիռ հայտարարությունների։ Չափազանց շատ մարդիկ են իրենց հեղինակությունը, հավատը դրել վարչապետ Փաշինյանի ոտքերի տակ։ Վարչապետը պետք է պարզապես հայտարարի նոր ընտրությունների մասին։ 

Նա պետք է հնարավորինս շուտ հրաժարական տա ու պաշտոնավարի որպես պաշտոնակատար, որը երկիրը պետք է նախապատրաստի արտահերթ ընտրությունների։

Կամ նրա փոխարեն դա անի այն վարչապետը, որին կընտրի խորհրդարանը։ Հայաստանը վտանգավոր տեղ է գնում։ Նա, ըստ էության այլևս իշխանություն չունի Արցախի վրա, չափազանց դաժան կլինի, եթե Արցախը պաշտպանած զինվորականներն անսան Նիկոլ Փաշինյանի կոչին ու զենքով լցվեն Երևանի փողոցներ, ինչ է թե ԲԴԽ նախագահը պոռոտախոսել է։ Նիկոլն այս ամենի մասին շուտ պետք է խոսեր։ Կամ գոնե լռեր այսօր։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am