Նիկոլ Փաշինյանը լրիվ այլ մարտավարություն է ընտրել և փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել. Դավիթ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը 

– Պարո՛ն Ստեփանյան, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ապագայի գագաթնաժողովին և ելույթ ունեցել։ Ելույթի՝ «պետք է որպես թեորեմ առաջ քաշել «Կա՛ ապագա» կարգախոսը և աշխատել դրա ապացուցման ուղղությամբ։ Եկեք դա անենք», եզրափակիչ այս նախադասության մեսիջները որո՞նք են ու ո՞ւմ էին ուղղված։

– Ուղղված է նախևառաջ միջազգային հանրությանը, երկրորդ՝ Ալիևին, որին Հայաստանն առաջարկում է խաղաղություն, և որից Ալիևը հրաժարվում է: Իրականությունը սա է, ու Փաշինյանը որոշել է կլիշեներից դուրս մնալ ու փորձել է խոսել այն, ինչ նրանից այդ պահին չէին սպասում։ 

Ակնհայտ է, որ Ադրբեջանը տորպեդահարում է խաղաղության բանակցությունները, ակնհայտ է, որ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, ակնհայտ է, որ մենք ունենք կուտակված մեղադրանքներ Ադրբեջանի հասցեին այս ամենի հետ կապված, բայց արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանը լրիվ այլ մարտավարություն է ընտրել և փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։ 

Չգիտեմ՝ որքանով է այս մարտավարությունը նպատակահարմար այս պահին, բայց այն կյանքի իրավունք ունի, ու ես անձամբ այստեղ նեգատիվ չեմ տեսնում, այսինքն՝ այս պահին այս մարտավարությունը չի կարող վնաս հասցնել մեր շահերին։ 

– Իսկ օգուտ կարո՞ղ է տալ։

– Ամեն ինչ կախված է Ալիևի հետագա քայլերից, եթե նա իրոք պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, ապա այդ մարտավարությունը կարելի է ինչ-որ առումով կանխարգելիչ համարել, ու այդ առումով, այո՛, կարող է և օգուտ տալ։

– Դատելով Ադրբեջանի արտգործնախարարի՝ նույն գագաթնաժողովին ունեցած այն ելույթից, որ «Ադրբեջանն ապրել է միջազգային իրավունքի խախտման ամենաողբերգական հետևանքներն ու բախվել է անարդարության», և այդ ամենի համար մեղադրել է Հայաստանին, ըստ ձեզ, Ադրբեջանն ի՞նչ քաղաքականություն է որդեգրել հետոյի համար, պարո՛ն Ստեփանյան։ 

– Հենց դա է տարբերությունը, որ Փաշինյանը գնում է լրիվ այլ ճանապարհով։ Ադրբեջանը եկել է իր սովորական արսենալով, նրանք չեն փոխում իրենց գործելաոճը, Փաշինյանն այլ կերպ է իրեն պահում ու փորձում է այնպես անել, որ շահեկանորեն տարբերվի մեր թշնամուց։ Ինքը փորձում է նոր մոտեցումներով հանդես գալ, որպեսզի միջազգային ուշադրությունը սևեռի սեփական դիրքորոշման վրա։ Կարծում եմ, որ սա այնքան էլ վատ չէ, եթե մենք փոխադարձ մեղադրանքներով դիմեինք Ադրբեջանին, ես կարծում եմ, դրանից որևէ բան չէր փոխվի։

– Իսկ միջազգային մյուս դերակատարները Փաշինյանի ելույթի մեսիջները կընդունե՞ն։

– Հնարավոր է՝ ընդունեն, հնարավոր է՝ ոչ, ընդհանուր առմամբ, մենք պետք է հասկանանք, որ քաղաքականությունը մեսիջներով չի արվում, քաղաքականությունը իրագործվում է ալյանսների իջոցով։ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Նարենդրա Մոդիի հետ, ես չգիտեմ, եթե մենք Հնդկաստանի հետ քննարկում ենք ռազմավարական հարաբերություններ, ապա, այո՛, օրինակ՝ այդ ուղղության վրա իրավիճակը կարող է փոխվել, որովհետև Հնդկաստանը մեր բնական դաշնակիցն է, ու մենք՝ թիվ մեկ հնդկական զենքերի գնորդ, այսինքն՝ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների համար բոլոր հիմքերն այսօր ակնհայտ են։ 

Ունենք ընդհանուր թշնամիներ, բավականին լուրջ առևտրաշրջանառություն, եթե այդ ուղղությամբ աշխատանք է գնում, կարող է և ինչ-որ բան փոխվել։ Բայց միայն հայտարարություններով ոչինչ չի փոխվի, եթե տակը քաղաքականություն չկա։ 

– Իսկ ինչո՞ւ Ադրբեջանի նախագահը չի մասնակցում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին և արտգործնախարարի մակարդակով է ներկայությունն ապահովում։

– Ասելիք չունի այս պահին։ Խնդիրն այստեղ այն է, որ Ալիևը վերջին շրջանում իրեն շատ կոմֆորտ է զգում Պուտինի հետ հանդիպելիս, նա քաղաքակիրթ աշխարհի հետ այս պահին օրակարգ չունի, նրա միակ օրակարգը գազ վաճառելն է, իսկ գազի խնդիրները նա Իտալիայում լուծել է վերջին այցի ժամանակ։ Ալիևն այնտեղից բան չունի ասելու ու Բայրամովին է ուղարկել, որ նա էլ Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնի։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am