Սա հերթական բլեֆն է, հունվարի 1-ից նույն վատ տրանսպորտն ենք ունենալու, բայց բազմակի թանկ քաղաքացու համար. Իզաբելլա Աբգարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը 

– Տիկի՛ն Աբգարյան, մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։

Նպատակը հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին սահուն անցում կատարելն է։ Օգտատերերն առավոտյան հրապարակել էին տեսանյութ, որտեղ անասելի հերթ էր մետրոյում, այդ տեսարանից կարո՞ղ ենք ենթադրել, որ հանրությունը դեռ պատրաստ չէ միասնական տոմսային համակարգին։

– Մենք այսօր իրականում ունենք շատ լուրջ տրանսպորտային ճգնաժամ, մենք տեսնում ենք, որ մետրոն աշխատում է իր հնարավորությունների հիսուն տոկոսով միայն, քանի որ նոր շարժակազմերի պակաս ունենք։ Մետրոն, որ պետք է ունենար չորս վագոն, երկու վագոնանոց շարժակազմ է մոտենում, որը մեկ ավտոբուս մարդ է կարողանում տանել, սա խայտառակություն է։ 

Ես տեղյակ եմ, որ նաև ռելսերի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, ու վերջերս էլ, ի դեպ, արտասահմանցի ընկերոջս հետ նստեցինք մետրո, վախեցել էր մեր մետրոյում, ասաց՝ ինչո՞ւ է թափ գալիս, ձեր ռելսերն անսարք են, իսկ նա այդ հարցում մասնագետ է։ Այսինքն՝ մենք նաև անվտանգության խնդիր ունենք, ու, իսկապես, եթե մեր մետրոյին ուշադրություն չդարձվի, և մեծ ներդրում չարվի, մենք այդ առումով կստանանք կոլապս, ինչն այսօր առավոտ արդեն տեսնում ենք որոշ կայարաններում։ 

Հիմա, մետրոյի վիճակն այդպես տխուր է, վերգետնյա տրանսպորտը դեռ չենք համալրել անհրաժեշտ թվով, ըստ նախատեսվածի՝ 12 մետրանոց այդ երկար ավտոբուսները դեռ չեն էլ եկել, ու հիմնական ծանրաբեռնվածությունը ZhongTong-երի վրա է դրված, MAN-երն էլ քիչ են, այսինքն՝ ունենք շարժակազմի պակաս նաև վերգետնյա տրանսպորտի պարագայում։ Երեկոյան ժամերին քաղաքացիները դրսում են մնում, շատ դժվար է տրանսպորտ նստել, իսկ առավոտյան գրեթե նույն վիճակն է բոլոր համարներում, ինչն այսօր մետրոյում էր: 

Տրանսպորտում նաև մարդիկ կրում են խայտառակ անհարմարություններ, որովհետև վճարելու համար պարտադիր պետք է առաջին դռնով բարձրանալ ու հետո առաջ գնալ, ինչը հնարավոր չէ լեփ-լեցուն տրանսպորտում: Հետևանքը անընդհատ կոնֆլիկտներն են լինում, մարդիկ իսկապես անհարմարություններ են կրում, որոնք կարող էին չլինել, եթե վճարման համար նախատեսված սարքը լիներ յուրաքանչյուր դռան մոտ։ Իմ այս նկատողությանն ի պատասխան՝ փոխքաղաքապետն ասաց, թե իրենք սարքերը պատվիրել են, բայց դրանք դեռ տեղ չեն հասել, այնուամենայնիվ, առանց այդ սարքերը տեղադրելու մարդկանց ստիպեցին անցնել այդ սարքերով վճարման կամ հարյուր դրամանոցներով, ինչը ևս ստիպում է պարտադիր մտնել առաջին դռնով։ 

Այսինքն՝ քաղաքային իշխանությունները իրականությունից կտրված են, ու նրանց համար միևնույն է, թե մարդն ինչ վիճակով է երթևեկում տրանսպորտում, նրանց համար կարևոր է, որ ռեֆորմ են անում։ Եվ երբ իրենք ասում են, թե այս փորձնական շրջանը պետք է, որ մարդիկ սովորեն, իրականում սա մեծ բլեֆ է, որովհետև հունվարից քարտեր են լինելու, այդ նույն մարդիկ քարտեր են կարողանալու գնել, ու այդ հարմարությունները չկրեն: Այսքան շուտ ու անպատրաստ վիճակում այդ համակարգը մտցնելու միակ նպատակն այն էր, որ ապահովեն «ԹելՍել» հավելվածների հնարավորինս շատ ներբեռնումը։

– Քարտերի հետ կապված և՞ս խնդիրներ են առաջանալու հունվարին՝ ըստ ձեզ։

– Եկեք ճշգրտում անենք այստեղ, որ խոսքը բանկային քարտով վճարումներ անելու մասին չէ, խոսքը փաթեթների մասին է՝ ամսական քարտ, տարեկան քարտ և այլն։ Այո՛, փաթեթների համար քարտային հնարավորություն պետք է լինի, դեռ այս պահին չկա, բայց խոստանում են, որ հունվարի մեկից դա պետք է լինի։ Ինչ վերաբերում է ավելի արագ, հեշտ միջոցին, որը բանկային քարտով վճարումն է, դեռ նման մտադրություն ինձ հայտնի չէ, չեմ էլ տեսնում, որ նման համակարգի մասին մտածեն։ 

– Տիկի՛ն Աբգարյան, դուք ասացիք, որ նաև վերգետնյա տրանսպորտի թվաքանակն է քիչ, հիմա ի՞նչ է ստացվում, երբ քաղաքապետարանը խոստանում է միասնական տոմսային համակարգ, ինչը, ըստ իրենց, բերելու է բարեկեցիկ երթևեկության, իրատեսական չէ՞։

– Անհնար է, մենք հունվարի մեկից ունենալու ենք նույն վիճակը, ձմռանը, գիտեք, որ վիճակն էլ ավելի վատ է լինում։ Հունվարի մեկից նույն վատ տրանսպորտն ենք ունենալու, բայց բազմակի թանկ քաղաքացու համար, սա է մեզ սպասում։ Սա հերթական բլեֆն է, այստեղ քաղաքակիրթ միջոցների մասին խոսք լինել չի կարող, որովհետև այն, ինչ այսօր է իրականացվում, խայտառակություն է, ոչ թե քաղաքակիրթ միջոց։

– Մետրոյի հնարավոր կոլապսի մասին ասացիք, իսկ դրան ինչո՞ւ ուշադրություն չեն դարձնում։

– Շատ լավ հիշում եմ, որ դեռ նախորդ տարի Կառավարությունից փող ուզեցին մետրոյի համար, որպեսզի վերազինում լիներ։ Հիշում եք, որ մենք նաև վթար ունեցանք, ու մարդկանց տարհանեցին, սա կարող է կրկնվել ցանկացած պահի, եթե հարցին լուծում չտրվի։ Բայց մենք չենք տեսնում, թե ինչ եղավ այդ գումարն արդյունքում, որովհետև շարժակազմը գնալիս ցնցվում է, յոթ րոպեն մեկ է գալիս ու ավելի քիչ թվով վագոններով։ Գուցե այդ գումարը չի բավականացրել, որովհետև խնդիրներն ավելի շատ են, չեմ կարող ասել, բայց փաստն այն է, որ մենք այսօր չունենք վագոններ ու նորմալ ռելսեր։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am