Իրավական մանիպուլյացիայի պատրվակով փորձ են անում Գյումրիում իշխանազավթում իրականացնել. Մեսրոպ Առաքելյան

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքի անդամների ու նրանց փոխկապակցված անձանց կալանավորումների ֆոնին Գյումրու քաղաքապետարանում անորոշ ու լարված իրավիճակը շարունակվում է։ «Բալասանյան դաշինքը» ներկայացնող Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 15-ից հեռավար է աշխատում (փոխքաղաքապետներից Սուրեն Ջանոյանը տնային կալանքի տակ է, առաջին փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանը մասնավոր այցով ԱՄՆ-ում է, թեև նա պաշտոնական հանդիպումներ է ունեցել Գլենդելի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ), իսկ աշխատակիցները չգիտեն՝ իրենց ինչ է սպասում, եթե իշխանափոխություն տեղի ունենա այս քաղաքում։

Թեմայի առնչությամբ «Մեդիալաբը» զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ

– Պարո՛ն Առաքելյան, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կանցկացնեն «փրայմերիզի» ձևաչափով քաղաքապետի թեկնածուի նախնական ընտրություններ՝ մանրամասնելով, որ ով դառնա Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար, նա էլ, ամենայն հավանականությամբ, կլինի ՔՊ թեկնածու։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը։ 

– Այս ամենը, բացի Գյումրիում իշխանություն զավթելուց, այլ նպատակ չունի։ Մեղմ ասած, այդ լացակումած տեքստերը, թե օրենքը նման իրավիճակ է ստեղծել, չենք կարողանում ընտրություններ անել և այլն, իրականության հետ կապ չունեն, ընդամենը՝ այդ իրավական մանիպուլյացիայի պատրվակով փորձ են անում Գյումրիում իշխանազավթում իրականացնել՝ առնվազն պաշտոնակատար նշանակելու մասով, ինչն ընդհանրապես անընդունելի է ու նաև Սահմանադրությանը համահունչ չէ: «Տեղական ինքնակառավարում» բառակապակցությունը հուշում է, որ պետք է լինի ինքնակառավարում, ու վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չպետք է Գյումրիում կամ որևէ այլ համայնքում պաշտոնակատար նշանակի, նույնիսկ եթե կա խնդիր, դա Գյումրու ավագանու խնդիրն է, ու այնտեղ պետք է խնդրի կարգավորումը գտնեն։ 

Ինչ վերաբերում է հնարավոր ընտրություններին, որ ասում են, թե համայնքի ղեկավարն ինչ-որ ֆունկցիաներ ունի, դա այդքան էլ ծայրահեղ չէ, բայց եթե խնդիր են տեսնում, ապա մենք ասել ենք՝ գնացեք Ընտրական օրենսգիրքը փոխեք, այդ լիազորությունները տվեք ուրիշին։ 

Պաստառներ բաշխելու հարց կար, որ համայնքի ղեկավարը պաստառների տեղերն է որոշում, թե որտեղ կարող են փակցնել այդ պաստառները: Այս ֆունկցիան համայնքի ղեկավարինն է, հիմա այն կարող է տրվել ուրիշին, կամ էլ գրեն, որ եթե համայնքի ղեկավարը չի տրամադրում այդ ցանկը, նախորդ ընտրությունների ցանկը մնում է ուժի մեջ, հետևաբար ընդհանրապես պաշտոնակատար նշանակելու հետ կապված որևէ անհրաժեշտություն չկա: Սրա փոխարեն թող օր առաջ ընտրություն կազմակերպվի Գյումրիում, օր առաջ համայնքի ղեկավար ու ավագանի ընտրվեն, Գյումրին էլ կառավարվի, այլ ոչ թե օրենք փոխեն, պաշտոնակատար նշանակեն՝ ավելի ձգձգելով նորմալ իշխանության ձևավորումը Գյումրիում։

– Այսինքն՝ պաշտոնակատար են նշանակում, որ սպասվելիք ընտրություններում կիրառելու լծակնե՞ր ունենան։

– Միանշանակ, Գյումրիում ու բոլոր տեղերում իշխանության խայտառակ վարկանիշի մասին նույն իշխանությունը բոլորիցս լավ գիտի, ու այդ տեսանկյունից փորձում են ինչ-որ ձևով լծակներ ձեռք բերել, ինչ-որ ազդեցություններ ունենալ, որպեսզի ընտրությունների ժամանակ մի քիչ ավելի ձայներ ստանան։ 

Բազմիցս եմ ասել, որ վարչական ռեսուրսն էլ, առավելևս՝ այս իշխանության ձեռքին, սահմանափակ է, ու չեմ կարծում, որ գյումրեցիները հիմա դրան են տրվելու, վախենան կամ ինչ-որ մտահոգություններ ունենան։ Քվե մուրալու համար ինչի ասես ընդունակ են, ամոթ է, այս գործողություններով ավելի շատ են նվազեցնում իրենց վարկանիշը, գյումրեցիներն ավելի վրդովված ու ջղայնացած են այս պահվածքից։

– Եթե իշխանությունը, այնուամենայնիվ, ինչպես ասում եք, օրենք խախտելով պաշտոնակատար նշանակի, ի՞նչ զարգացումներ կհետևեն դրան։

– Ավելի շատ գնալու են ոչ թե օրենք խախտելով, այլ՝ օրենք փոխելով։ Օրենք փոխելն էլ էլի հակասություններ է ունենալու, որովհետև այդ օրենքին էլ պետք է հետադարձ ուժ տան, որ առկա վիճակի վրա ազդի, մի խոսքով՝ կանեն այն, ինչ արեցին Վանաձորում։ 

Բայց էլի եմ ասում, այդ պաշտոնակատարն էլ, ով էլ նշանակվի, այս մի քանի ամսում սարեր շուռ չի տալու, գործ անո՞ղ էիք, գործ անեիք, մինչև այսօր Գյումրիում կոալիցիոն կառավարում էիք անում, այնպես անեիք, որ այսօր քարոզարշավի կարիք չունենայիք, ինչպես ասում են՝ նորմալ իշխանությունը պետք է այնքան գործ անի, որ հաջորդ ընտրություններին քարոզարշավի կարիք էլ չունենա։ 

Հիմա վարչապետով ոտ ու ձեռ են ընկել, որ Գյումրիում ձայն հավաքեն, ու սա խոսում է այն մասին, որ այս մարդիկ «Բալասանյան դաշինքի» հետ կոալիցիոն կառավարում իրականացնելով տապալել են համայնքի զարգացումը։ Պաշտոնակատար կնշանակեն ու մի քանի ամսից կգնան ընտրության, ու ի վերջո ժողովուրդը կորոշի, բայց մենք էլ մեր մասով՝ որպես կուսակցություն, մասնակցելու ենք ու անելու ենք ամեն ինչ, որ ավելի շատ ձայն ստանանք, որը կնպաստի ՔՊ-ից դուրս իշխանության ձևավորմանը Գյումրիում։

– Պարո՛ն Առաքելյան, իսկ ինչո՞ւ են ուզում Գյումրիում անպայման իրենց թեկնածուն քաղաքապետ լինի։

– Բոլոր տեղերն են ուզում, խորհրդարանի ընտրությունների նախաշեմին ակնհայտ է, որ համայնքները, եկեք հիշենք էլի, այն համայնքները, որտեղ ՔՊ-ն պարտվել է, ամեն տեղ փորձել են ինչ-որ ձևով իշխանությունը խլել։ Նույն մեզ հետ կապված՝ Ալավերդիի, Փարաքարի ու մի քանի այլ դեպքեր եղան, այն համայնքները, որտեղ համայնքի ղեկավարը ՔՊ-ական չէ, նրանց նկատմամբ որոշակի հնարավոր իրավական, քրեական գործողություններ ենք տեսնում, հետևաբար փորձ են անում ՏԻՄ մակարդակով ամրապնդել իրենց իշխանությունը, որպեսզի 2026-ից առաջ լծակներ ունենան։ Ու սա անում է մի ուժ, որ անընդհատ խոսում է ժողովրդավարությունից, արդար ընտրություններից, բայց տեսնում ենք, որ շատ արագ կատարելագործեցին մի շարք ընտրախախտումներ, նոր մեխանիզմներ են հիմա էլ մշակում, այսինքն՝ դարձել է այնպես, որ եթե օրենքով հնարավոր չէ իշխանություն խլել, օրենքներ են փոխում, ընդ որում՝ սա էլ է խայտառակություն՝ մի համայնքի դեպքով գնում են, խորհրդարանում օրենք են քննարկում։ 

Ցավալի է, որ վարչապետի մակարդակով ՏԻՄ ընտրություններում այսպիսի մասնակցություն կա, երբ մեր երկիրը ավելի կարևոր մարտահրավերներ ունի, ու նորմալ կլիներ, որ Գյումրին ինքը որոշեր իր քաղաքապետին՝ առանց կենտրոնական իշխանության միջամտության, որովհետև ցանկացած պարագայում սա պետք է նպաստի նաև ՏԻՄ-երի կայացմանը, որովհետև այն շատ կարևոր է, իսկ նմանատիպ գործիքներն անընդհատ մեզ հետ են գցում և՛ զարգացումից, և՛ ժողովրդավարությունից։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am