Ամեն մեկի դեմ ինչ-որ քստմնելի կոմպրոմատ կա, դրա համար էլ Փաշինյանի ճահճից, սարդոստայնից դուրս գալու քաջություն ոչ բոլորն ունեն. Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը

– Պարո՛ն Սահակյան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը Factor TV-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ որոշում է կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը՝ պայմանավորված Հովիկ Աղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակով։ Ինչպե՞ս եք գնահատում պարոն Ասլանյանի քայլը։

– Առաջին դեպքն է ՔՊ-ում, երբ առաջին հայացքից թվում է, որ բացառիկ բարոյական կեցվածք է, ինչն ընդհանրապես բնորոշ չէ ՔՊ-ին։ Ողջունում եմ այս քայլը, ու միայն այն հանգամանքը, որ նրան մեղադրում են «քաղաքական դավաճանության» համար, նշանակում է, որ այդ մարդիկ շատ լավ գիտեն՝ ինչ ասել է դավաճանություն, շատ լավ գիտեն, որ դավաճանությունը ստորություն է, մարդկային վարքի ամենադատապարտելի արարքն է։ Նրանք գիտեն, որ դավաճանել են Հայաստանի քաղաքացուն, մեր պետության ազգային շահերին, այսինքն՝ նրանք գիտեն, որ դավաճանական գործունեություն են ծավալում։ Ուրախ եմ, որ ՔՊ-ում կան մարդիկ, որոնք իրենց մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ քաջություն են գտնում ու իրենց չեն պահում ամենավերջին սրիկայի նման։

– Կարծում եք՝ Հակոբ Ասլանյանի օրինակին կհետևեն նաև մյուսնե՞րը։

– Ասլանյանը, կարծում եմ, շատ լավ հասկանում է, թե ինչ է տեղի ունենում իր ընկերոջ հետ, այստեղ ընկերությունը, կարծում եմ՝ պայմանավորված է փոխադարձ շահով, որովհետև շատ լավ հասկանում է, թե ինչ են անում Աղազարյանի հետ, նրան հրապարակայնորեն ստորացնում ու հեռացնում են ՔՊ-ից՝ Նիկոլի ինչ-ինչ որոշումներին չենթարկվելու համար։ Ու ամեն մեկը չէ, որ պատրաստվում է մնալ այն սարդոստայնում, որ ստեղծել է Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի շուրջ։

– Պարո՛ն Սահակյան, ինչ եք կարծում, հնարավո՞ր է, որ մեկ էլ բացահայտվի, որ Ալեքսանյանը ևս արտահոսք է կազմակերպել, ինչպես մեղադրում են Աղազարյանին։

– Նրանք ամեն ինչի ընդունակ են։ Ես նախ չեմ հավատում, որ Աղազարյանը նման բան է արել, որովհետև այդ մարդն ասում է, որ ինքը պետական գաղտնիքի չի տիրապետել։ Իսկ եթե Աղազարյանին ՔՊ-ն կամ Նիկոլ Փաշինյանը պետական գաղտնիք է վստահել, ուրեմն առաջին հիմարը հենց Նիկոլն է ու մնացած ՔՊ-ականները, որոնք Աղազարյանի նմանին պետական գաղտնիք են վստահել։ Բայց ես կարծում եմ, որ նրանք այնքան էլ հիմար չեն ու Հովիկ Աղազարյանին ոչ մի պետական գաղտնիք չեն վստահել, հետևաբար իրենք խաբում են, իսկ սա առաջին դեպքը չէ, որ Նիկոլն ու ՔՊ-ն խաբում են հանրությանը։ 

– Նույն Արսեն Թորոսյանն իր գրառման մեջ նշել է, որ Հովիկ Աղազարյանը չի ժխտել, որ արտահոսք է արել, եթե նման բան կա, ինչո՞ւ մինչև հիմա չկա իրավական գործընթաց Աղազարյանի նկատմամբ։

– Որովհետև ստում են, եթե նման բան լիներ, հիմա Աղազարյանին պետք է դատեին, որովհետև պետական գաղտնիքի բացահայտումը քրեորեն պատժելի արարք է։ Սա ուղղակի անձնական հարթության վրա ծավալվող գործընթաց է, փորձում են ճնշել Աղազարյանին, որովհետև ինչ-որ կոմպրոմատներ ունեն։ 

– Պարո՛ն Սահակյան, ասացիք, որ ՔՊ-ում գիտակցում են, որ դավաճանական գործունեություն են ծավալում, եթե գիտակցում են, ապա ինչո՞ւ են շարունակում մնալ ՔՊ-ում։

– Որովհետև ամեն մեկի դեմ ինչ-որ քստմնելի կոմպրոմատ կա, որ չեն ուզում հանրությունն իմանա, դա զուտ նեղ անձնական շահերի սպասարկում է ընդդեմ հանրության ու ազգի։ Ես ողջունում եմ Աղազարյանի քաջությունը այս համատեքստում։ Կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանի ճահճից, սարդոստայնից դուրս գալու քաջություն ամեն մեկը չունի, իսկ Աղազարյանն ունեցավ։ 

Ես դիմում եմ նաև լրագրողական համայնքին՝ հնարավորինս շատ խոսեցրեք Աղազարյանին, նա լիքը ներքպական ինֆորմացիա ունի, ու որքան այդ գաղտնիքները դուրս հանի, դա մեզ հնարավորություն կտա պատռել Նիկոլենց կեղծ դեմքը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am