Փաշինյանն ասում է՝ «դուք բոլորդ զրո եք, ես եմ ձեզ իշխանություն, պաշտոն տվել, ես էլ կորոշեմ ոնց վարվեմ, հանգիստ նստեք տեղներդ». Անի Սամսոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը

– Տիկի՛ն Սամսոնյան, արդեն նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը որոշեց մի քանի ժամով պաշտպանել Հովիկ Աղազարյանին՝ մեկ ամսով դադարեցնել անդամակցությունը ՔՊ-ին, հետո զղջաց, բայց, միևնույն է, նրան հեռացրին ՔՊ կուսակցության շարքերից։ Խմբակցության քարտուղարն էլ հայտարարել է, որ «պատժելու» են բոլորին, ովքեր կփորձեն պաշտպանել Աղազարյանին։ Նորմա՞լ ու ժողովրդավա՞ր է այն, ինչն անում է իշխող քաղաքական թիմը։

– Քաղաքակիրթ և ժողովրդավար երկրի համար նորմալ չէ։ Բայց հաշվի առնելով, որ սա Հայաստանն է, որտեղ իշխանությունը «Քաղաքացիական պայմանագիրն» է, լրիվ նորմալ վիճակ է։ Իշխող քաղաքական թիմը ինքնապաշտպանվում է, որովհետև քանի դեռ խմբում բոլորը գլուխ կախ ասում են «այո», հետո հայտնվում է մի սպիտակ ագռավ ու ասում է՝ «ոչ», սա կարող է շղթայական ռեակցիա առաջացնել և խնդիրներ ստեղծել ՔՊ-ի համար ընտրություններից առաջ։ 

– Օրինակ՝ նույն Հովիկ Աղազարյանն իր հետ կատարվածի մեջ խնդիր չի տեսնում, ասում է՝ կատարվողը կուսակցական կարգապահական շրջանակներում է ու բնավ էլ ավտորիտարիզմի երևույթ չէ։ Համակարծի՞ք եք։

– Հովիկ Աղազարյանը ուղեղի մի կիսագնդով ինքնապաշտպանվում է, մյուս կիսագնդով փորձում է մեղմել իր շուրջը ստեղծված իրավիճակը, որ վարչապետը շատ չջղայնանա։ Ես չգիտեմ որևէ դեմոկրատական երկիր, որտեղ բացահայտ կամ անթաքույց գործադիրի ղեկավարը պահանջի կամ սպառնա ընտրված պատգամավորին, որ վերջինս վայր դնի իր մանդատը։ 

Մենք սիրում ենք համեմատվել ամերիկյան և եվրոպական ժողովրդավարական մշակույթի հետ, մեզ էլ դրել ենք ժողովրդավարության բաստիոնի տեղ, բայց պատկերացնո՞ւմ եք ամերիկյան կոնգրեսականի կամ բրիտանական պառլամենտի անդամի հեռախոսը ապօրինի հայտնվի գործադիրի ղեկավարի կամ այլ ներկայացուցչի ձեռքը, և ամբողջ պարունակությունը հասանելի դառնա հանրությանը, և դա արվի իրավապահ համակարգի միջոցով։ Դա կլինի քաղաքական ամոթալի սկանդալ և կարող է հանգեցնել վարչապետի հրաժարականին։ 

Իսկ Հայաստանում ինչ են անում․ ժողովրդի մանդատ ստացած պատգամավորները վախեցած ջնջում են իրենց հեռախոսային հաղորդագրությունները՝ իրենց մտքում հաշտվելով նրա հետ, որ վարչապետի ձեռքին կարող է հայտնվել նաև իրենց հեռախոսը՝ մասնավոր և անձնական կյանքի ողջ մանրամասներով։ Բայց երևի թե անկախ նրանից, որ դա հակաիրավական, հակաօրինական և հակաբարոյական է, պատգամավորները արժանի են վարչապետի այդ վերաբերմունքին։ Թող իրենց արժանապատիվ պահեն։

– Թիմակիցների հետ այսպես վարվելով՝ ի՞նչ մեսիջներ է հղում իշխանության ղեկավարն այն մարդկանց, որոնք դեռ այս իշխանության մասն են կազմում։ 

– Վարչապետի մեսիջը շատ պարզ է․ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «դուք բոլորդ քաղաքականապես զրո եք, ես եմ ձեզ իշխանություն ու պաշտոն տվել, ես էլ կորոշեմ ձեզ հետ ոնց վարվել։ Հանգիստ նստեք տեղներդ»։

 – Տիկի՛ն Սամսոնյան, արդեն կան պնդումներ, թե այս իշխանության պայթյունը ներսից է լինելու, հավանական համարո՞ւմ եք այդ սցենարը, հիմքերը նկատելի՞ են ձեզ համար։

– Ոչ մի պայթյուն էլ չի լինելու։ ՔՊ-ն կարող է պայթեցնել միայն Նիկոլ Փաշինյանը և դա կանի միայն այն դեպքում, երբ հասկանա, որ այս թիմով 2026-ին ձայն չի ստանա, և իրեն նոր մարդիկ են պետք իր ռեյտինգը բարձրացնելու համար։ Ու կազատվի հին թիմակիցներից։ Մնացած բոլորը չունեն այդքան խելք ու համաձակություն դա անելու։

– Ինչո՞ւ են, ըստ ձեզ, հեռացող, արդեն հեռացած երբեմնի իշխանականները շարունակում պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, որևէ մեղադրանք չհնչեցնելով նրա հասցեին, ինչո՞վ է դա պայմանավորված։

– Դեռևս 2017 թվականին «Ելք» դաշինքում ես հասկացա, որ ՔՊ-ում հիշաչար են։ Հիմա պատկերացնում եմ՝ որքան է դա կրկնապատվել և դարձել վտանգավոր, երբ արդեն իշխանություն ունեն։ Երևի այս պատճառով էլ վախենում են կամ իրենց դարակներում շատ կմախքներ ունեն, որոնց մասին տեղեկատվությունը խնամքով դասավորված է Նիկոլ Փաշինյանի աշխատասեղանին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am