«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը
– «Նրանք, ովքեր մեզ քննադատում են հրապարակային լինելու մեջ, ուզում են Հայաստանում կյանքը կանգնի, ուզում են տիրի պատերազմի տրամադրությունը։ Հայաստանում կյանքը եռում է, Խաղաղությունը կառուցվում է». սա Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներից է: Տիկի՛ն Սամսոնյան, քանի որ քննադատողներից եք նաեւ դուք, կխնդրեմ ձեր մեկնաբանությունը Փաշինյանի այս գրառման վերաբերյալ։
– Իրականում վարչապետը և նրա ընտանիքը իրենց հրապարակային կյանքով փորձում են զբաղեցնել ժողովրդին և բթացնել նրանց զգայունությունը երկրի տնտեսական, սոցիալական վիճակի վատթարացման և առաջիկայում սպասվող անվտանգության սպառնալիքների նկատմամբ։ Ուզում են ցույց տալ, թե երկրում ամեն ինչ լավ է, կյանքը հիասքանչ է և խաղաղ, ու այն աստիճան մտահոգվելու բան չկա, որ կարելի է առավոտյան ոչինչ չասող հայացքով նախաճաշ սարքել։
Այս նույն վարքագիծն իշխանություններն ունեին 2020 թվականի պատերազմից առաջ, իսկ անվտանգային և տնտեսական մարտահրավերների ցանկացած մտահոգություն դիտարկվում էր որպես չուզողություն, նախանձություն և չարություն իշխանությունների և Հայաստանի նկատմամբ։ Բայց, դե, գլուխը ջայլամի պես ավազի մեջ թաքցնելը և տեսախցիկների առջև թատերական ներկայացումներ տալը վաղ թե ուշ ժողովրդի քթից է գալու, ինչպես եղավ հինգ տարի առաջ։
Անհոգություն ցուցադրող իշխանականների գլխից որևէ մազ չպակասեց, բայց նրանց հետևողները ծանր գին վճարեցին՝ մարդկային և տարածքային կորուստներով։
– Պատերազմի վտանգը արդյոք չեզոքացվո՞ւմ է պետական բարձրաստիճան պաշտոնյաների կյանքի հրապարակային լինելով։
– Այն պաշտոնյաները, որոնք ամեն օր հրապարակում են իրենց կյանքը, տրամադրված չեն իրական արժեք ստեղծելու և գործ անելու և ունակ էլ չեն։ Նրանց մնում է միայն դերասանի պես զբաղեցնել ժողովրդին և ցույց տալ նրան, որ, այ, տես՝ մենք ձեզնից մեկն ենք։ Բայց ժողովուրդը տեսնում է այն, ինչ իրենք ուզում են ցույց տալ։ Եթե այդպես չլիներ, 2019 թվականին օրենքը չէին փոխի, որ բարձրաստիճան պաշտոնյաների և հատկապես վարչապետի ընտանիքի ծախսերը գաղտնի լինեն։ Այս անպատասխանատու վարքագծով ոչ միայն չեն կանխի պատերազմը, այլև կապահովեն Ադրբեջանի կողմից դրա անխափան մեկնարկը և հաջող ավարտը, ինչպես եղավ 2020-ին։
– Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի գրառումներին ինչպե՞ս եք վերաբերվում, ի՞նչ մեսիջներ են դրանք պարունակում։
– Փաշինյանի գրառումների բոլոր մեսիջներում պարտված ղեկավարի հոգեբանական պայքարն է և ինքնարդարացումը ժողովրդի առջև։ Ուրիշ մեսիջ չկա։
– Հայաստանում խաղաղության կառուցման հիմքերը տեսանելի՞ են ձեզ համար, տիկի՛ն Սամսոնյան:
– Ժողովուրդների միջև խաղաղությունը երկկողմանի կամքի հարց է։ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, որովհետև`
– Հայաստանը պատերազմում պարտված երկիր է։ Ունի վախկոտ և անընդհատ զիջումների գնացող իշխանություն։ Եվ Ադրբեջանի թշնամին է։ Իսկ վախեցած թշնամուն պետք է մինչև վերջ ջարդել։ Ալիևը մտածում է, որ եթե մեզ նույնիսկ մի փոքր լույսի շող կամ ոտքի կանգնելու հույս թողնի, ապա կարող է հետագայում նորից վտանգի առջև կանգնել։ Ապահովության համար պետք է մինչև վերջ ջարդել թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, թե՛ բարոյապես։ Այս քաղաքականությունն է այսօր տանում Ադրբեջանը։
– Հայաստանի նկատմամբ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի, և դա երկարաժամկետ ծրագիր է։ Դրա համար դպրոցների ուսուցողական ծրագրում ներառել են «Արևմտյան Ադրբեջանի» պատմությունը, և՛ քաղաքական առումով, և՛ բարձր մակարդակով պրոպագանդա է իրականացվում տեղական, տարածաշրջանային մասշտաբով։ Այսինքն՝ սրանք պարզապես հայտարարություններ չեն, այլ կոնկրետ ռազմավարական ծրագիր, որում կարևոր դերակատարում ունի ադրբեջանցիների վերադարձը դեպի Հայաստան ապահովելու պահանջը.
– Հայաստանի հետ թշնամությունը Ալիևի համար վերարտադրվելու և իշխանությունը պահելու ուժեղ գեներատոր է։ Թշնամական թեզերով սեփական ժողովրդին կերակրելը այդ նույն ժողովրդին միշտ պահում է արտաքին վտանգի, պատմական արդարության վերականգնման, նոր տարածքներ ունենալու լարերի վրա և չեզոքացնում ներքին հուզումների և ապստամբությունների ռիսկերը։
– Այդ դեպքում ի՞նչ խաղաղության մասին է ասում վարչապետը։
– Խաղաղությունը լավ ձգտում է, բայց այն պետք է վաստակել ոչ թե գլխիկոր զիջողականության հաշվին, այլ հաշվարկված դիվանագիտության և ցանկացած իրավիճակում ինքնապաշտպանվելու բարձր կարողության հաշվին։ Իսկ վախկոտներին ոչ մեկը օգնության ձեռք չի մեկնում։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am