Պաշտոնական կառույցի կողմից նման հայտարարությունը խայտառակություն է. միջազգայնագետը՝ ԱԳՆ արձագանքի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– «Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և՝ այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից». «Ազատության» հարցմանն ի պատասխան ասել են արտգործնախարարությունից: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, պարո՛ն Կարապետյան:

– Այս հայտարարությանը շատ բացասական եմ վերաբերվում, որակել այլ կերպ, քան ապազգային, ուրացման տարր, հնարավոր չէ: Պաշտոնական կառույցի կողմից նման հայտարարությունը խայտառակություն է, եթե այս տեմպերով շարունակվի՝ շուտով մեր ԱԳՆ-ն, չի բացառվում, որ ասի՝ բռնի տեղահանություն էլ չի եղել, էթնիկ զտում էլ չի եղել, մարդիկ ինքնակամ են դուրս եկել: 

Իշխանությունը հղում է անում մի փաստաթղթի, որը ստորագրվել է պարտադրանքի ճանապարհով, երկրորդ՝ իրենք բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղը չեն ճանաչում որպես սուվերեն, առանձին, ինքնիշխան պետություն: Այդ ո՞նց է լինում՝ Արցախի Հանրապետությունը չեն ճանաչում, բայց Արցախի նախագահի ստորագրած հրամանագիրը ճանաչո՞ւմ են: Դա դարձրել են դրոշակ ու փորձում են ձեռքները լվանալ ու ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը բարդում են Արցախի իշխանությունների վրա: 

Լեռնային Ղարաբաղի լուծարման այդ փաստաթղթի ստորագրումից հետո խնդիրն ընդհանրապես դուրս չի եկել միջպետական հարաբերություններից, ընդհակառակը՝ ավելի առարկայական է դարձել, որովհետև խնդիրն իրականում չի լուծվել: Ընդհանրապես ես ասել եմ, որ արցախյան խնդիրը դեռևս չի լուծվել ու ավելի բարդ փուլ է մտել, իսկ ԱԳՆ-ի պատասխանն ուղղակի խայտառակություն է, իրականությունը խեղաթյուրելու խայտառակ փորձ: 

– Նման հայտարարությունն ի՞նչ նպատակաով է արվում:

– Սեփական դեմքը մաքրելու, իրենց մեղավորությունը սրբագրելու և բարդելու ուրիշների վրա: Պատկերացնո՞ւմ եք՝ Ադրբեջանը կարող է ասել, որ իրենց 300 հազար քաղաքացին պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան», այսինքն՝ Հայաստան, բայց մեր իշխանությունը իր 120 հազար քաղաքացու մասով պահանջներ չի դնում: 

Ակնհայտ է, որ ԱԳՆ այս հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի ամբողջ կործանումը գցում են Արցախի անմեղսունակ իշխանությունների գրպանը այն դեպքում, երբ Հայաստանը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ստացվում է՝ որպես պետություն Լեռնային Ղարաբաղը չեն ճանաչել, բայց Լեռնային Ղարաբաղի նախագահի ստորագրած հրամանագիրը ճանաչում են ու հղում անում դրան: Նման բան որտե՞ղ եք տեսել: 

Միակ լուսավոր կետը այն է, որ միջազգային վերպետական կառույցների ղեկավարները, միջազգային հանրությունը դեռևս չեն ճանաչում, որ Արցախի հարցը ամբողջությամբ հանգուցալուծվել է: ՀՀ իշխանության կողմից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ իրենք ամեն ինչի պատրաստ են, նույնը պաշտպանության նախարարության կողմից հնչող մարազմատիկ հայտարարությունները՝ օդ են կրակում, մեզ վրա չեն կրակում: ՊՆ-ի ու ԱԳՆ-ի հայտարարությունները աբսուրդա-մարազմատիկների շարքից են, որոնք հակապետական են ու բացառապես հօգուտ թշնամու:

– Պարո՛ն Կարապետյան, այդ ամենն արվում է խաղաղության պայմանագրի ստորագրմա՞ն համար:

– Մուրում են այդ ստորագրությունը, միակողմանի զիջումներով փորձում են հասնել դրան, որովհետև այս գործընթացում Ադրբեջանը որևէ զիջման չի գնացել, որպեսզի հնարավոր լինի «փոխզիջում» բառն օգտագործել:

– Արցախահայերն այս օրերին բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով բարեկեցիկ կյանք, դե, հիմնական պահանջը Արցախ վերադառնալն է, բայց մինչ այդ՝ բարեկեցիկ ապրելու հնարավորություն: ԱԳՆ նման հայտարարությունից հետ ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենան արցախահայերը:

– Արցախահայությունն այս իշխանությունից որևէ ակնկալիք չի կարող ունենալ, 50 հազար դրամի տրամադրման սոցիալական աջակցության դադարեցումը ցույց է տալիս, որ արցախահայությունն այս իշխանության համար երրորդական է, նպաստում են արտագաղթին նաև, որպեսզի այդ մարդիկ զզվեն ու գնան երկրից: Այս իշխանությունը չի սպասարկում արցախահայության շահերը, դա արդեն փաստարկված իրողություն է, հակառակը մտածելն ուղղակի ինքնախաբեություն է: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am