«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը
– Տիկի՛ն Հովհաննիսյան, վերջերս հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024 թվականին ընտանեկան բռնության դեպքերն աճել են ավելի քան 150 տոկոսով։ Այս աճը ինչի՞ հետևանք է՝ բռնության դեպքե՞րն են ավելացել, թե՞ դիմելիությունն է շատացել:
– Ընդհանրապես, խնդիրը շատ ավելի ընդգրկուն է ու խորքային, քանի որ նախևառաջ տեղի է ունեցել խնդրի տեսանելիության բարձրացում: Տարիներ շարունակ քաղաքացիական դաշտում պայքարում էինք, որ խնդիրը տեսանելի լինի, մի կողմից հասարակությունը տեսնի ու ճանաչի, որ կա նման խնդիր, մյուս կողմից պետությունը տեսնի, ճանաչի, հասկանա, որ կա խնդիր ու փորձի այդ խնդրի հետ աշխատել իրավական կառուցակարգերով, հանրային իրազեկման տարբեր մեխանիզմներով, ի վերջո, ճանաչելիության առաջին խնդիրն այն է, որ չհերքեն, որ ընտանիքում կա նմանատիպ իրավիճակ, ու որ դրա հետ պետք աշխատել:
Երկրորդ փուլը, իհարկե, հենց իրավական մեխանիզմների, կառուցակարգերի ստեղծումն էր, որը պետության կողմից՝ որպես ճանաչելիության հիմնական նշան, պետությունը ճանաչում է խնդիրը, ստեղծում է արձագանքման մեխանիզմներ, ու դա օրենսդրության ընդունումն էր, որի շրջանակներում հնարավոր եղավ ամրագրել ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության ու աջակցության հնարավորությունները: Սրանից հետո արդեն ընտանեկան բռնության ենթարկված անձինք իմացան՝ ուր դիմել, ինչպես դիմել, որ ստանան որոշակի պաշտպանություն ու աջակցություն: Սա կարևոր գործոններից մեկն է, որ սկսեցին դիմելիության թվերը աճել:
Եթե խոսելու լինենք ընտանեկան բռնության աճին նպաստող գործոնների մասին, դրանք, բնականաբար, շատ են ու ազդում են թվերի վրա: Թե՛ գլոբալ իրավիճակներն են՝ պատերազմը որպես այդպիսին, որն առաջացնում է հետտրավմատիկ խանգարումներ, սթրեսները, որոնք կարող են հետևանքներ թողնել:
Աղքատությունը՝ որպես նպաստող գործոն, որի շրջանակներում կա և՛ աշխատանքի ներգրավվածության պակաս, որը հավելյալ լարվածություն է առաջացնում ընտանիքներում: Հանցագործության ու թմրամիջոցների օգտագործման աճը ևս նպաստում է բռնության աճին, մեր դիտարկումներով՝ դա ընտանիքներում հստակորեն առաջացնում է լրջագույն խնդիրներ ու անկառավարելիություն:
Ամենակարևոր նպաստող գործոններից մեկն այն է, որ օրենքը խիստ չէ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, որոնք ընտանեկան բռնարարներ են, ու այստեղ, եթե ընտանիքում բռնություն գործած անձը կարող է մի քանի հարյուր հազար դրամի դիմաց անպատիժ մնալ, ուստի ամբողջական շղթան պատժելիություն չունի, հետևաբար բռնարարն իրեն քիչ թե շատ անպատժելի ու ազատ է զգում ու շարունակում է իր արարքը:
– Այսինքն՝ և՛ դեպքերն են շատացել, և՛ դիմելիությո՞ւնը:
– Այո՛, և նպաստող գործոններն են ավելի շատ, խնդիրն էլ ավելի տեսանելի է դարձել, հասարակության վերաբերմունքն էլ աստիճանաբար, բնականաբար, փոխվում է, մարդիկ խոսում են դրա մասին, և մեդիայի դերն էլ այստեղ պետք է հստակորեն ընդգծել, որն իր կարևոր դերն է կատարել ընտանեկան բռնությունների բարձրաձայնման, վերհանման ու տեսանելիության հարցում:
– Բռնության տեսակների դինամիկան փոխվե՞լ է, թե՞ շարունակում է գերակշռող լինել ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը:
– Դինամիկան իհարկե ժամանակին համաքայլ զարգանում է: Տեղեկատվական այս աշխարհում որպես բռնության ձև տեսանելի է կիբեռբռնությունը, որը ընտանեկան բռնության համատեքստում ևս բավական ցայտուն է: Մեր շահառուների շրջանում կան բազմաթիվ կանայք, որոնք նշում են, որ հենց կիբեռտարածքում շարունակում են հետապնդման ու բռնության ենթարկվել իրենց զուգընկերների, ներկա ու նախկին ամուսինների կողմից, ու դա ընտանեկան բռնության նոր մարտահրավերներից է:
Մարտահրավերներից մեկն է իհարկե նաև տնտեսական բռնությունը՝ աշխատանքի գնալը, կրթություն ստանալն արգելելը կամ տեղաշարժի սահմանափակումը: Հիմա դրանց նաև ավելացել է կնոջ անունով վարկեր ձևակերպելը, որը բավական տարածված բռնության ձև է, որից դուրս գալը շատ ավելի բարդ է դառնում՝ պայմանավորված հետագայում պարտքերի կուտակմամբ:
Ավանդական ձևերը, բնականաբար, կան ու նույնիսկ ավելի արդիական ձևերով են դրսևորվում, մենք այս դարում նույնիսկ չենք կարող պատկերացնել, որ կինը կարող է հեռախոս չունենալ, չկարողանա տնից դուրս գալ ու պատուհանից տեսնի, որ ոստիկան է անցնում, նամակ նետի, որպեսզի իրեն օգնության հասնեն: Մենք կարող ենք դա չպատկերացնել, բայց դա տեղի է ունենում Երևանում, ու նման դեպքերը շարունակական են:
– Տիկի՛ն Հովհաննիսյան, իսկ ապաստարան դիմողների թիվն ավելացե՞լ է, նախորդ տարվա համեմատ որքանո՞վ է թիվն ավելացել:
– Իհարկե ավելացել է, եթե 2023 թվականին 250 կին ու երեխա կային, ապա 2024-ին՝ 300, թիվն աճում է, բայց պայմանավորված նաև մարտահրավերներով, ինչպես ասացի, վարկային միջոցներ ունենալով, որոնք կապանք են մարդու համար՝ ամենամսյա պարտքերը փակելու տեսանկյունից, օրինակ՝ կինը կարող է գալ ապաստարան ու ասել, որ պետք է դուրս գա, որովհետև ամսվա վերջին վարկի օրն է, ու եթե չմարի՝ կհայտնվի սև ցուցակում, դրա համար չի կարող չաշխատել կամ կապի մեջ չլինել զուգընկերոջ հետ:
Հաշվի առնելով այս ու նմանատիպ խնդիրները, մենք այս տարի իրականացնում ենք բաց ապաստարանի կամ անցումային ապաստարանի մեկ տարվա ծրագիր, որպեսզի նմանատիպ կանայք, որոնք ունեն վարկը մարելու խնդիր, բայց չունեն ֆիզիկական սպառնալիքի վտանգ, գտնվեն հենց այդ ապաստարանում ու ազատված լինեն բնակվարձի գումարից, կենցաղային խնդիրների լուծումներից, աշխատեն, վերադառնան ապաստարան ու փորձեն լուծել տնտեսական բռնության հետ կապված հետևանքային խնդիրները: Առաջացող մարտահրավերների հետ կապված՝ մենք էլ ենք զարգանում, առավել ճկուն դառնում:
– Մասամբ պատասխանեցիք տրվելիք հարցին, կասեք՝ ուրիշ ի՞նչ աջակցություն եք տրամադրում, որքա՞ն ժամանակով է դա տրվում, արդյոք ունե՞ք բավարար ռեսուրսներ դրա համար:
– Մի քանի տարբերակով է տրվում. այն կանանց հետ, որոնք դիմում են հասարակական կազմակերպությանը՝ որպես աջակցության կենտրոն, իրականացվում է աջակցության մի քանի ուղղությամբ աշխատանք՝ սոցիալական աշխատողի, հոգեբանի ու իրավաբանի միջոցով: Այսինքն՝ կինը կարող է լինել դրսում, եթե չունի վտանգի բարձր ռիսկ, եթե ունի վտանգ, սպառնալիք, բարձր ռիսկայնություն, ապա սոցիալական աշխատողի գնահատման արդյունքում նրան անմիջապես առաջարկում են տեղափոխվել ապաստարան: Այն տրվում է երկու ամիս ժամկետով, բայց դա ճկուն ժամկետ է, կինը կարող է սահմանված ժամկետից շուտ դուրս գալ և ընդհակառակը՝ երկար մնալ, եթե ունի դրա կարիքը:
Սոցիալական աշխատողի, հոգեբանի ու իրավաբանի նույն ծառայությունները տրամադրվում են նաև ապաստարանում: Փաստաբանը զբաղվում է հայցերով, որոնք վերաբերում են ամուսնալուծությանը, երեխաների մշտական բնակության հաստատմանը ու ալիմենտի բռնագանձմանը:
Մի կին կարող է առնվազն հինգ հայց ունենալ դատարաններում, ու այստեղ, իհարկե, շատ մեծ են խոչընդոտներն այն առումով, որ ցանկացած պետական հայցի համար կա պետական տուրք, որի համար միջոցներ որպես այդպիսիք գոյություն չունեն, որովհետև փաստաբանին ընդամենը աշխատավարձի միջոցով վճարում ենք, իսկ ամեն հայցն արժի 20 հազար դրամ, որպեսզի այն մուտք գործի դատարան: Գումարի սղությունը շատ մեծ է, ու միայն փաստացիորեն նվիրատվությունների միջոցով է հնարավոր դա իրականացնել:
Երկրորդ խնդիրը, որը մարտահրավերային է, այն է, որ հարկային օրենսդրության փոփոխության պատճառով փաստաբանները հարկվում են նոր մեթոդաբանությամբ, ու նրանց վճարման հետ կապված խնդիրներ ենք ունենում:
– Իսկ բռնության կանխարգելման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ եք իրականացնում:
– Առաջին հերթին հանրային իրազեկում, որն իրականացվում է անընդհատ՝ սոցիալական հոլովակների տեսքով, մեդիայի միջոցով տեղեկատվություն տարածել ծառայությունների վերաբերյալ: Նաև պետական մարմինների ու միջազգային կազմակերպությունների հետ աշխատելով՝ համատեղ միջոցառումների իրականացման ժամանակ ներգրավվում ենք որպես մասնագետներ:
– Կա՞ն բացեր այդ համագործակցության շրջանակներում:
– Մշտապես բարձրաձայնել ենք դատական համակարգի ոչ ճկունությունը: Առաջին խնդիրն այն է, որ եթե ոստիկանությունը անհետաձգելի միջամտությամբ որոշում է կայացնում ու կնոջը տալիս է պաշտպանություն, ապա մի քանի օրվա ընթացքում բռնություն գործած անձը շատ հանգիստ դիմում է վարչական դատարան ու, անվավեր ճանաչելով նախորդ որոշումը, մնում ոստիկանության տեսադաշտից դուրս: Մի պետական մարմին կարող է մի գործողություն իրականացնել, դատարանը մեկ այլով բեկանել այդ որոշումը:
Միջազգային փորձը սակայն ցույց է տալիս, որ շատ հաճախ ոստիկանի որոշումը նույնիսկ չի վիճարկվում, բայց Հայաստանում դեռևս մեկ մարմինը մյուսի հետ համակցված գործելու պրակտիկան խոցելի է մնում: Հայաստանում տեսանելի են միջգերատեսչական համագործակցության լրջագույն խնդիրներ:
– Տիկի՛ն Հովհաննիսյան, քանի՞ քաղաք ու մարզ է ընդգրկում ձեր կենտրոնը, կա՞ն համայնքներ, որ դուրս են մնում ձեր օժանդակությունից:
– ՀՀ բոլոր մարզերում գործում են աջակցման կենտրոններ, որոնք պատվիրակված ծառայություններ են աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության կողմից: Մեր կազմակերպությունը՝ Երևանում գործող ՀԿ-ն որպես աջակցման կենտրոն, բայց որպես ապաստարանային ծառայություն ներառում է ամբողջ հանրապետությունը: Ապաստարանային ծառայությունը ամբողջ հանրապետությունում սպասարկում է Կանանց աջակցման կենտրոնը:
– Որո՞նք են այն հիմնական գործոնները, որ կանանց խանգարում են դիմել օգնության:
– Առաջին հերթին վախն է՝ մեկը բռնարարից, մյուսը՝ հասարակական պարսավանքից: Մյուս գործոնը տնտեսականն է, երբ կինը սկսում է վարանել, որ հնարավոր է իր ու երեխաների խնդիրները չկարողանա միայնակ լուծել, բայց սա քիչ հանդիպող է, հիմնականը վախն է:
– Վերջերս, երբ բռնության մասին բարձրաձայնեց երգիչ Անդրեի նախկին կինը, մեծ աղմուկ բարձրացավ: Հայտնիների կողմից նման դեպքերի բարձրաձայնումը որքանո՞վ է օգնում, որ բռնության ենթարկված կինը ավելի համարձակ լինի, չվախենա ու բարձրաձայնի խնդրի մասին:
– Մի կողմից դրական օրինակ է իհարկե, որովհետև լռության շղթան կարծես թե կոտրվում է, մյուս կողմից՝ հանրությունը շատ զգայուն է այս դեպքերում, որովհետև այն պոտենցիալ դիմողը, որը կարդում է նյութի տակ եղած մեկնաբանությունները, կարող է մտափոխվել: Սա այն առումով է դրական օրինակ, որ թվացյալ երջանկության ներքո հնարավոր են նման խորքային խնդիրներ լինել:
– Ի՞նչ փոփոխություններ կցանկանաք տեսնել օրենքներում, պետական քաղաքականության մեջ, որ բռնության ենթարկվածի համար օգնությունը համապարփակ ու ժամանակին լինի:
– Շատ կարևոր է, որ բռնություն գործադրողների համար հստակ լինի, որ դա պատժելի արարք է, ու պատժելիությունը բարձրանա, որովհետև նման գործերը մեծ մասամբ կարճվում են: Դիմելիությունը բարձր է, բայց քննության ու դատական ակտերի արդյունավետությունը՝ ոչ այնքան բարձր: Միաժամանակ ունենք տարբեր մարմինների միջև զուգահեռ աշխատելու պրակտիկայի պակաս նույն խնդրի վերաբերյալ, ինչպես արդեն ասացի:
Ամենակարևոր հատվածը կրթության ոլորտն է, որովհետև մենք ունենք հանրության գիտակցումը փոխելու երկու գործիք՝ կրթություն ու ԶԼՄ-ներ, երկուսի դեպքում էլ դեռ բացեր ունենք: Ինչպես նաև ատելության խոսքի տարածումը, հանրային բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք ևս շատ հաճախ հանդես են գալիս ատելության ու սեքսիստական խոսքով, որոնք ևս բռնության նախանշաններ են:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am