«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը
– Տիկի՛ն Ղազարյան, նախօրեին ձեր խմբակցությունը հայտարարություն տարածեց՝ դատապարտելով ենթադրյալ ահաբեկչական փորձը, կետերից մեկում կոչ է արվում բոլոր քաղաքական ուժերին ու կազմակերպություններին «աներկբայորեն դատապարտել» տեղի ունեցածը: Սա պահա՞նջ է, պարտադրա՞նք:
– Խորհրդարանը՝ որպես քաղաքական մարմին, իր քաղաքական գնահատականը տվեց ահաբեկչության փորձի վերաբերյալ, ու քանի որ մինչ այս էլ հրապարակվել էր թե՛ «Հայաստան» խմբակցության և թե՛ «Պատիվ ունեմ»-ի հայտարարությունը ահաբեկչության փորձի վերաբերյալ, ակնհայտ էր, որ եթե չեն քննադատում ահաբեկչության փորձը, ապա ստացվում է, որ կա՛մ արդարացնում են, կա՛մ աջակցում նման գործընթացների պարբերական լինելուն:
Քանի որ մեր գիտակցական կյանքում Հայաստանում մի քանի ահաբեկչությունների ականատես ենք եղել՝ հոկտեմբերի 27, մարտի 1, ինչու չէ՝ նոյեմբերի 9-ի հարձակումը Կառավարության ու ԱԺ շենքերի վրա, նախկին նախագահների օրոք դրանք ոչ մի կերպ չեն դատապարտվել ու քաղաքական գնահատական չի տրվել այդ ամենին, դրա համար էլ մարդիկ այսօր մտածում են, որ իշխանության գալու իրենց միակ ճանապարհը նման եղանակն է, երբ գիտեն, որ ընտրություններով ոչնչի չեն հասնի:
Երեկ, երբ մենք ահաբեկչությունը դատապարտող հայտարարություն էինք ընդունում, երկու խմբակցությունները, ակնհայտորեն, միմյանց հերթ չտալով, փախան դահլիճից, դա ուղղակի փախուստ էր: Սա ևս մեկ անգամ վկայում է կամ հիմք է տալիս մտածելու, որ այս մարդիկ կա՛մ այդ ահաբեկչության շահառուներն էին, կա՛մ ինչ-որ կերպ ներգրավված էին դրանում: Այսօր էլ դատախազը եկել է միջնորդություն է ներկայացնում, որպեսզի նրանցից երեքին զրկեն անձեռնմխելիությունից, իսկ մեկին՝ նույնիսկ կալանքի տանեն:
– Ովքեր չեն դատապարտի ինչ-որ պատժի՞ են ենթարկվելու:
– Դա պարտադրանք չէ, դա ուղղակի ցուցիչ է, որ եթե չես դատապարտում կամ լռում ես, ավտոմատ խրախուսում ես նման քայլերը, եթե դու քաղաքական գործիչ ես, քաղաքականությամբ ես զբաղվում, ապա պետք է հոգ տանես, որ երկրում նման ահաբեկչություններ չլինեն: Մանավանդ այս վերջին ծրագրված ահաբեկչությունն իր մասշտաբով աննախադեպ էր ու ներգրավում էր ՀՀ բազմաթիվ անմեղ քաղաքացիների, որոնք կարող էին լինել այն ավտոբուսներում, որոնք պետք է վառվեին, ու ինչպես պլանում էր նշված՝ գումարով կոմպենսացիա էին ուզում տալ մարդկային կյանքերին, որն ուղղակի սահմռկեցուցիչ է, ուրիշ բառով նկարագրել հնարավոր չէ:
– Տիկի՛ն Ղազարյան, այս գործընթացները, ոմանց կարծիքով, բնավ կապ չունեն իրավականության ու օրենքի հետ, սա զուտ բռնապետական պետությանը բնորոշ գործողություններ են համարում:
– Իրենք ամեն ինչ փորձում են հարթեցնել, որովհետև այլ կերպ չեն կարող, ի վերջո դատախազը եկել է ու հստակ փաստերի վրա միջնորդություն է ներկայացնում: Հստակ փաստ է, որ այդ շենքը կառուցվել է, բանակի ռեսուրսը ներգրավելով առանձնատուն են սարքել պաշտպանության նախարարի համար, սա կոռուպցիայի վառ դրսևորում է: Հիմա սա բռնապետությո՞ւն է, թե՞ արդարադատության վերականգնում:
– Ընդդիմությունն ասում է, որ ձեր թիմակիցներն էլ են կոռուպցիոն գործերի մեջ, ձեր նախարարներն էլ են կասկածելի միջոցներով առանձնատներ կառուցում, ինչո՞ւ դրանց չեք անդրադառնում:
– Եթե ունեն փաստական տվյալներ, ապա թող ներկայացնեն, մեր թիմակիցներից շատերի նկատմամբ էլ են հարուցվել քրգործեր, կալանավորվել են, այսինքն՝ մեզ համար տարբերություն չկա՝ մեր թիմակիցն է, թե՞ չէ, եթե ակնհայտ փաստերով ապացուցվում է այդ մարդու մեղավոր լինելը, ապա նա պատասխանատվության է ենթարկվում: Մի տարի էլ չի անցել, որ Հովիկ Աղազարյանի դեմ գործ հարուցվեց, նա մեր թիմակիցն էր, խնայեցի՞նք, երբ տեսանք ապօրինություն էր մարդու կողմից, իհարկե ո՛չ:
– Հակադարձում են, որ եթե պարոն Աղազարյանը չհրաժարվեր Նիկոլ Փաշինյանի պահանջը կատարելուց, այն է՝ մանդատը վայր դնելուց, նրա նկատմամբ քրեական գործ չէր հարուցվի:
– Ո՛չ, նրա արարքների մեջ հանցակազմ կար: Այդ նույն ժամանակ Հակոբ Ասլանյանն էլ դուրս եկավ խմբակցությունից, բայց նրա նկատմամբ քրեական գործ չկա, որովհետև մարդը կոռուպցիայի մեջ թաթախված չէ: Թող հստակ ու բազմակողմանի փաստերը ներկայացնեն, խնդրում եմ:
– Փաստորեն չե՞ք ընդունում, որ օրենքներ են խախտվում՝ նույն նախաքննության գաղտնիության, մարդու անմեղության կանխավարկածի:
– Շնորհակալ եմ այս հարցի համար իսկապես. այս ամենի մեջ այնքան ակնհայտ փաստ կա, մեր պատգամավորներն արդեն տեղադրեցին միջնորդությունից հատվածներ, երբ խոսում են հոգևորականն ու դաշնակցականը, որտեղ ակնհայտ է, որ իրենք ծրագրել են քաղաքական էլիտայի գլխատում: Այսօր օրենքներն իսկապես սկսել են գործել բոլորի նկատմամբ հավասարապես, ու արտոնյալներ չկան, դրանից էլ նեղվում են, որովհետև իրենք ժամանակին կարող էին ամեն ինչ անել ու անպատիժ մնալ: Չեմ խորշի ասել, որ իրենց ժամանակ ավելի շատ անմեղ մարդիկ էին նստած բանտերում, քան մեղավորներ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















