Նվիրել, ապա հետ գնել. «Վիվա Արմենիա»-ի զարմանահրաշ գործարքը

2024 թվականի փետրվարին Հայաստանի Կառավարությունը, «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերության առաջարկով, որպես նվիրատվություն ընդունել էր վերջինիս կողմից փոխանցված «Վիվա Արմենիա» (նախկինում՝ «ՄՏՍ Հայաստան») ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը։ Ընկերությունը, որը ձեռք էր բերել ռուսական «ՄՏՍ» խմբից հեռահաղորդակցական այս օպերատորը, հայտարարել էր, որ այս քայլը պայմանավորված է ընկերության՝ Հայաստանում ռազմավարական ներկայություն ապահովելու ցանկությամբ։ Կառավարության որոշմամբ բաժնեմասի կառավարումը հանձնվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։

Ընդամենը մեկ տարի անց այս նույն ընկերությունը, որը նվիրել էր բաժնեմասը, պաշտոնապես դիմել է ՀՀ Կառավարությանը՝ առաջարկելով կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր, ըստ որի իրավունք կստանա մինչև 2028 թվականը 50 միլիոն ԱՄՆ դոլարով հետ գնելու նույն նվիրաբերված բաժնեմասը։

Կառավարության որոշման նախագծի ամփոփաթերթում ՀՀ ֆինանսների նախարարությունը բազմաթիվ խնդիրներ է տեսել պայմանագրի նախագծում, մատնանշել է, որ 50 միլիոն դոլարը սահմանվել է առանց բաժնետոմսերի անկախ գնահատման, ինչը կարող է հակասել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի պահանջներին։ 

Նշվել է նաև, որ բացակայում են բաժնետիրական համաձայնագրերը, որոնք պարտադիր են եղել դեռևս նվիրատվության որոշմամբ, հասկանալի չէ՝ ինչո՞վ է պայմանավորված մինչև 2028 թվականի մայիսի 15-ը սահմանված ժամկետի ընտրությունը, անորոշ է առկա բաժնետոմսերից շահույթ ստանալու կամ շահաբաժինների բաշխման մեխանիզմը, ինչը, բնականաբար, կարող է ազդեցություն ունենալ բաժնեմասի ֆինանսական արժեքի վրա։ 

Ֆինանսների նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ նման գործարքները հակասում են Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ մշակված պետական մասնակցության հայեցակարգին, համաձայն որի՝ մինորիտար բաժնեմասերը պետությունը կարող է պահել միայն ժամանակավոր՝ որոշակի նպատակով, և պետք է կառավարի պրոֆեսիոնալ կառավարչի միջոցով՝ ելքի հստակ ռազմավարությամբ։

Չնայած ֆինանսների նախարարության բազմաթիվ մտահոգություններին՝ այսօր Կառավարությունն ընդունեց վիճահարույց որոշումը, որով թույլատրեց ՀՀ վարչապետի աշխատակազմին կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիրը։ 

Այս գործընթացը՝ սկսած կամավոր նվիրատվությունից մինչև նույն բաժնեմասի հետգնման առաջարկը հենց նվիրաբերվածի կողմից, բարձրացնում է մի շարք սկզբունքային հարցեր։ 

Երբ մասնավոր ընկերությունը նախ պետությանն է նվիրում բաժնեմաս, ապա իր իսկ նախաձեռնությամբ պայմանավորվում է այն հետ գնելու մասին՝ ֆիքսված արժեքով, ձևավորվում է պետական մասնակցության կառավարման նոր և վիճահարույց պրակտիկա։ Այս մոդելի պարագայում պետական մասնակցությունը վերածվում է ձևականության, իսկ որոշումների կայացման գործընթացը՝ փակ և ոչ թափանցիկ բանակցությունների արդյունքում ընդունվող մեխանիզմի։

Այս ֆոնին հարց է առաջանում․ արդյոք Կառավարությունը նույն ձևաչափով պատրաստվո՞ւմ է հրաժարվել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և «Լիդիան Արմենիայի» իր բաժնեմասերից։ 

Եթե «նվիրել, ապա հետ գնել» մեխանիզմը կարող է դառնալ ընդունված գործելակերպ, ապա հանրությունն առնվազն պետք է տեղեկացված լինի նման հեռանկարի մասին, այլապես տպավորություն է ստեղծվում, որ տարբեր մասնավոր ընկերությունների կողմից ՀՀ Կառավարությանը «կամավոր» նվիրաբերվող բաժնետոմսերի այս մոդելը վերածվում է Կառավարության կողմից խնդրահարույց ակտիվների վաճառքը լեգիտիմացնող գործիքի:

Մարի Ներսեսյան

MediaLab.am