Նորմալ երկրում այս բացահայտումից հետո այդ մարդկանց ազատ կարձակեին, պարզից պարզ է, որ այդ գործը շինծու է. Հայկ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը

– Պարո՛ն Սահակյան, Բագրատ Սրբազանի մասնակցությամբ հայտնի ձայնագրության հիման վրա հարուցված՝ ահաբեկչություն նախապատրաստելու վերաբերյալ քրեական գործի մասին. նախօրեին նրա պաշտպանական խումբը հրապարակեց ձայնագրության ամբողջական տարբերակը, և ըստ նրանց՝ այն թույլ չի տալիս եզրակացնել, որ «պատերի տակ գյուլլել» արտահայտությունը վերաբերում էր իշխանության ներկայացուցիչներին, ինչպես պնդում էին իշխանական շրջանակները։ Կատարվածի վերաբերյալ ձեր գնահատականը ո՞րն է։

– Ցավով պետք է արձանագրեմ, որ սա նորություն չէ, ու Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր կողմից թիրախավորված «նախկինների» «բարի ավանդույթները»: Նախկինում ևս մենք տեսել ենք նմանատիպ դեպքեր, երբ իրենց քաղաքական հակառակորդներից ձերբազատվելու համար ամենաստոր մեթոդներն ու միջոցները կիրառվել են: Հիմա չթվարկեմ, բայց ովքեր ապրել են Սարգսյանի, Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին Հայաստանում ու քաղաքական հասունություն են ունեցել, հաստատ հիշում են նման շատ դեպքեր, երբ կեղծ ու շինծու հոդվածներով մարդկանց զրկում են քաղաքականությամբ զբաղվելուց: 

Այս մարդիկ առաջին քաղբանտարկյալները չեն, ուղղակի այս պարագայում հանրությունն ապացուցված տեսավ, թե ինչպես է իրավական ողջ համակարգը՝ ծայրից ծայր, որոնք մեր հաշվին աշխատավարձ են ստանում ու պարտավորված են երկրում արդարադատություն իրականացնել, լծված Նիկոլի հրամանները կատարելուն, ավելի ճիշտ՝ օրվա իշխանության: Իրենց համար կապ չունի անձը, համակարգն այդպես է աշխատում, իրենք հլու-հնազանդ կամակատարներ են, նրանք չունեն Ես, սկզբունքներ: Նրանք ծառայություն են մատուցում՝ անգամ գնալով Հանրային հեռուստաընկերություն, հանրության աչքերի մեջ նայելով՝ սուտ խոսելով, իմանալով, որ կարճ ժամանակ հետո դա բացահայտվելու է, միևնույն է՝ գնում են դրան: Սա իրականություն է, որում մենք ապրում ենք 2018 թվականից հետո, ցավոք սրտի, ոչինչ չփոխվեց՝ բացի դերակատարներից: 

– Այս հրապարակումից հետո ի՞նչ զարգացումներ պետք է լինեն:

– Ինչ կցանկանա Նիկոլը: Նորմալ երկրում այս բացահայտումից հետո այդ մարդկանց կալանավայրում պահելու որևէ հիմք արդեն չէր լինի, նրանք պետք է ազատ արձակվեին, եթե ամեն բան նորմալ աշխատեր, եթե Հայաստանում գործեին օրենքը, Սահմանադրությունը: Պարզից պարզ է, որ այդ գործը շինծու է, ես հիմա հետևում եմ համացանցային քննարկումներին, ու իշխանության տարատեսակ «սազանդարները» հիմա էլ ասում են՝ ի՛նչ անենք, որ իշխանության ներկայացուցիչներին նկատի չի ունեցել, բայց սպառնալիք է հնչում, չէ՞: Որևէ սկզբունք, արժեք ու մարդկային ոչինչ չկան, հրաման կատարել, փողը ստանալ ու վերջ: 

– Պարո՛ն Սահակյան, շարքային քաղաքացին այս ամենից ի՞նչ հետևություն պետք է անի:

– Սովորական քաղաքացին շատ ավելի խոցելի վիճակում է, որ ոստիկանության բաժանմունքներում մարդկանց ծեծում, ջարդում են, խոսում է այն մասին, որ չկա արդարադատություն, իրավունքների պաշտպանությունն էլ իջեցված է ամենանվազագույն մակարդակ: Քաղաքացու իրավունքների պաշտպանվածությունը ընդամենը բարձրագոչ հայտարարություն է, հողի վրա չկա նման բան, ամենուրեք մարդկանց իրավունքներ են խախտվում, ինչի՛ մասին է խոսքը: Իրավական տեսանկյունից Հայաստանում քաղաքացին անպաշտպան է:

– Իսկ միջազգային իրավապաշտպան կառույցներն այդ դեպքում ինչո՞ւ չեն անդրադառնում Հայաստանում առկա այդ խախտումներին, որոնց մասին ասում եք:

– Որովհետև այն համակարգը, որ գործում էր և ուներ ազդեցություն ու հեղինակություն, այլևս չկա, հիմա փլուզվում է մեր աչքի առաջ: Այն հեգեմոն ուժը՝ ԱՄՆ-ն կամ հավաքական Արևմուտքը, որը պետք է պատժեր նման ղեկավարներին, ի՞նչ է անում հիմա. մի քանի օր առաջ, մեր աչքի առաջ ԱՄՆ նախագահը նստել էր մարդասպանի՝ Ալիևի կողքին, թփթփացնում էր մեջքին, ասելով՝ որ լավ տղա է: 

Հասկանո՞ւմ եք, դա աբսուրդ է, մարդ, որը ցեղասպանություն է իրականացրել, ԱՄՆ-ի կողմից պաշտպանվող միջազգային գրեթե բոլոր իրավական նորմերը խախտել է, այսօր նույն ԱՄՆ նախագահի կողմից համարվում է լավ ղեկավար ու առաջնորդ, ինչի՛ մասին է խոսքը: Այն աշխարհն այլևս գոյություն չունի, ու այդ բոլոր նորմերն այլևս արժեզրկված են: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am