«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավագիտության դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանը
– «Կա մեխանիզմ, որ դա կատարվի հարկադրաբար, և կա մեխանիզմ՝ դա չկատարելու, եթե դատարանները կորոշեն՝ այդ որոշումը հակասում է հանրային կարգին: Սրանք կարգավորումներ են, որոնք կան միջազգային համապատասխան իրավական ակտերում և ներպետական իրավական ակտերում: Ես չէի ուզենա շատ մեկնաբանել արբիտրաժային համապատասխան որոշումը, բայց այդ որոշումը վերաբերում է մեր օրենսդրական ակտին, որը կատարվել է Հայաստանի կողմից: Այսինքն՝ Հայաստանը գործել է օրենքի շրջանակներում, իսկ արբիտրաժային որոշմամբ սահմանվում է, որ մենք չպետք է կիրառենք մեր ներպետական օրենսդրությունը: Կներեք, սա մեր պետությունն է, և մենք ասում ենք, որ մեր պետությունը իրավական է: Իրավական պետությունը պետք է հետևի իրավական կարգավորումներին, որոնք կան, գործող են և սահմանադրական են, քանի դեռ հակառակը չի հիմնավորվել, և արբիտրաժային որոշումը հակասում է հենց դրան»,- արդարադատության նախարարն է ասել ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի կատարում Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը ՀԷՑ-ի վերաբերյալ: Պարո՛ն Պետրոսյան, կա՞ չկատարելու մեխանիզմ:
– Այստեղ շատ տրամաբանական հարց է առաջանում. եթե դուք կարծում եք, թե Արբիտրաժային դատարանի որոշումը կիրառելի չէր մեր երկրում, ապա ինչո՞ւ արբիտրաժի վարույթին հանձնելու իրավաչափությունը գնահատելու ուղղությամբ քայլեր չեք ձեռնարկել:
Դա դատական ակտ է, ու եթե Հայաստանը վավերացրել է միջազգային փաստաթուղթ, որի համաձայն Միջազգային արբիտրաժային դատարանի որոշումները կիրառելի են Հայաստանի նկատմամբ, ապա այս դեպքում սա մնում է կիրառման ենթակա դատական ակտ, որն իր կարգավիճակով նույնացվում է Հայաստանի ներպետական դատարանների կայացրած ակտերին, որը չկատարելը քրեական վարույթ նախաձեռնելու հիմք է Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ դատական ակտը չկատարելը:
– Այսինքն՝ նախարարի պարզաբանումը, թե՝ «կա մեխանիզմ, որ դա կատարվի հարկադրաբար, և կա մեխանիզմ՝ դա չկատարելու» իրականությանը չի՞ համապատասխանում:
– Չի համապատասխանում, այո՛, պետք է կատարվի, և չկատարելու դեպքում, կրկնում եմ, Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի հատկանիշներով կարող է վարույթ նախաձեռնվել՝ դատական ակտը դիտավորությամբ չկատարելու համար:
– Ստացվո՞ւմ է, որ կոնկրետ այս դեպքում Հայաստանի մարմինների գործողությունները հակասու՞մ են միջազգային պարտավորություններին։
– Եթե Հայաստանը վավերացնում է միջազգային ինչ-որ կոնվենցիա, պայմանագիր, բնականաբար ստանձնում է վավերացված փաստաթղթով նախատեսված պարտավորութուններ: Նորից եմ ասում, եթե իրենք կարծում էին, որ Միջազգային արբիտրաժային դատարանն իրավասու չէ այդ հարցով որոշում կայացնելու, ապա պետք է ձեռնարկեին համապատասխան միջոցներ, այսինքն՝ անհամաձայնություն հայտնեին, նամակ ներկայացնեին, որ Հայաստանի համար այդ որոշումը կիրառելի չէ: Եթե չեն արել նման բան, ու կա միջազգային պայմանագիր, որով Հայաստանը համարվում է այդ Միջազգային դատարանի տիրույթում գտնվող երկրների ցանկում, ապա պարտավոր են կատարել այդ որոշումները: Այս դեպքում Միջազգային արբիտրաժային դատարանի վճիռը հավասարեցվում է ներպետական դատարանի վճռին, որը ենթակա է պարտադիր կատարման, չկատարելու դեպքում էլ՝ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի հատկանիշներով կարող է քրեական վարույթ նախաձեռնվել, ինչի համար պետք է դիմեն Սամվել Կարապետյանի փաստաբանները:
Այստեղ կարևորն այն է, որ պետք է ճշտել, քանի որ ես այդ ոլորտով չեմ զբաղվում, թե Հայաստանն անդամակցո՞ւմ է այդ պայմանագրին, որովհետև եթե Միջազգային դատարանը քննել է այդ գործը, ես կարծում եմ, որ կա վավերացված պայմանագիր, համաձայնագիր, հակառակ պարագայում Միջազգային դատարանը չէր քննի այդ դատարանի անդամ չհանդիսացող պետության հետ կապված գործ:
Միջազգային արբիտրաժային դատարանն այն կառույցը չէ, որ ասես՝ չեն իմացել, չեն հասկացել, նրանք շատ լավ հասկացել են, որ դա իրենց ենթակա գործ է, իրենք իրավասու են դա քննել ու վճիռ կայացնել: Եթե Հայաստանն էլ անդամակցում է այն կառույցին, որին սպասարկում է Միջազգային արբիտրաժային դատարանը, ապա պարտավոր է կատարել որոշումը:
– Պարո՛ն Պետրոսյան, որոշումը չկատարելը ի՞նչ հետևանքներ է ունենալու պետության համար:
– Նման դեպքերում չկատարելը միշտ ի վնաս պետության է, որովհետև օտարերկրյա ներդրողները որ ուսումնասիրում են տվյալ պետության ներպետական իրավիճակը, տեսնում են, որ տվյալ պետությունը չի կատարում Միջազգային արբիտրաժային դատարանի որոշումը, նրանք երբեք այստեղ ներդրում չեն կատարելու: Իսկ Կառավարության այսօրվա ղեկավարը միայն իր պաշտոնն է ուզում պահել, նրան չի հետաքրքրում, թե Հայաստանի գլխին ի՛նչ փորձանք կբերի, կարևորը՝ իր պաշտոնը պահի, այդ թվում նաև՝ միջազգային հարթակներում խայտառակ լինելու գնով:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















