Մեր ծառայողներին մենք չենք պատժում՝ օրվա իշխանության լոզունգը սա է, իսկ բռնությունը ևս ծառայություն է. Զառա Հովհաննիսյան

Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյանի

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան, փաստաբան Զառա Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, լրագրող, Երևանի մամուլի ակումբի ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանին բռնության ենթարկած Երևանի քաղաքապետարանի հասարակական պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանին քաղաքապետ Տիգրան Ավինյանը խիստ նկատողություն է տվել և ուղարկել արձակուրդ: Ինչպե՞ս կգնահատեք քաղաքապետի այս որոշումը:

– Մշտապես, ցանկացած բռնության ակտի, էթիկայի խախտման պարագայում շատ կարևոր է, թե ինչպիսին է պետության արձագանքը, արդյոք խրախուսո՞ւմ է, թե՞ պատժում: Այստեղ հստակորեն, կապված վերջին միջադեպի հետ, ոչ միայն չի կիրառվում պատժողական քաղաքականություն, այլ նաև խրախուսում են պաշտոնյային՝ նրան ուղարկելով կարծես թե վաստակած արձակուրդ՝ ծառայեց, հոգնեց ու գնաց հանգստանալու: 

Այստեղ ակնհայտ է դառնում նաև այն, թե ինչպես է գնահատվում ծառայությունը պետության տարբեր մարմինների կողմից. բռնություն կիրառելը, հայհոյելը, սպառնալիքներ հնչեցնելը փաստացի ծառայություն են պետական այս կամ այն մարմնին, այս դեպքում՝ քաղաքապետարանին, որի վերաբերյալ հնչել է քննադատություն: Խոսքի ազատությունը, քննադատական մտածողությունը պատժելի են, խրախուսելի է այն անձը, որը ծառայում է այդ իրավունքը խլելուն, այդ իրավունքը ճնշելուն՝ հասարակության ամենատարբեր շերտերի մեջ: 

– Նմանատիպ գործողությունները ձեր գնահատմամբ այսօր պետակա՞ն մակարդակով, թե՞ կոնկրետ կառույցի մակարդակով խրախուսվող գործողություններ են, ինչպես ասում եք: 

– Կարելի է ասել՝ իշխող ուժի մոտեցումն է, որովհետև այս համատեքստում որևէ դատապարտող հայտարարություն, կեցվածք կամ անհատական բնույթի գրառում տվյալ կուսակցության կողմից բացարձակապես չհնչեցին, ինչը նշանակում է, որ մենք մեր ծառայողներին չենք պատժելու, հակառակը՝ խրախուսելու ենք, դա նաև ազդակ է հետագա ընտրական գործընթացների ժամանակ տեղի ունեցող դեպքերի համար: 

Ես միշտ ասել եմ, որ խոսքի մշակույթի անկումը, որը հանգեցրել է և՛ բռնության բառապաշարին, և՛ ատելության խոսքին, և՛ սպառնալիքներին, որոնք համատարած են դարձել, հանգեցնելու են ֆիզիկական հաշվեհարդարների, ինչն այս դեպքում հստակ երևում է պատճառահետևանքային կապերով: Այս ամենին տրվում է բաց ընթացք, այսինքն՝ կարելի է մեր ընդդիմախոսներին խոսքային մակարդակում բռնության ենթարկել, ֆիզիկական բռնությունը ևս թույլատրելի է, ու այդ ամենը ոչ միայն պատժելի չէ, այլ նաև խրախուսելի է հանուն կուսակցության, հանուն իրենց վերարտադրության:

– Տիկի՛ն Հովհաննիսյան, իշխանության ներկայացուցիչներից շատերն են հայտնվում նմանատիպ աղմկահարույց միջադեպերի կիզակետում, դա ինչի՞ հետևանք է:

– Դա բռնության մշակույթի տոտալ ընդունելիության հետևանք է, ու էլի եմ ասում, եթե նույնիսկ հասարակության մեջ կա ագրեսիա, ապա շատ կարևոր է, թե պետությունն ինչ արձագանք ունի դրա վերաբերյալ: Ընդամենը օրեր առաջ տեղի ունեցավ մի դեպք, երբ իշխող քաղաքական ուժի պատգամավորը սեքսիստական, մարդու անձնական, ընտանեկան կյանքը չհարգող խոսքային բռնություն դրսևորեց ընդդիմադիր կին պատգամավորի նկատմամբ, դարձյալ մնաց անարձագանք, հիմա անցան ֆիզիկական բռնության, դարձյալ մնում է անարձագանք: Այս իշխանության լոզունգը սա է՝ մեր ծառայողներին մենք չենք պատժում, իսկ բռնությունը ընկալվում է որպես ծառայություն:

– Առջևում նախընտրական տարի է, ու հաշվի առնելով այն միջավայրը, որն առկա է այսօր Հայաստանում, դուք էլ նշեցիք իշխանության լոզունգը, վերաբերմունքը նմանատիպ դեպքերին, ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել այդ պարագայում:

– Ազդակները հետևյալն են. մթնոլորտը միտումնավոր թեժացնում են, հասարակությունը բևեռացվում է, հասարակության տարբեր խմբերին փորձ է արվում հանել միմյանց դեմ, ու դա պետական ինստիտուտների բացակայության կամ թողտվության հետևանք է: Եթե բռնությունը հստակ դատապարտելի լինի, ու պետությունը ոչ միայն պատժիչ, այլ նաև կանխարգելիչ քայլեր ձեռնարկի, ապա մենք չենք տեսնի հասարակության այս տոտալ բևեռացումն ու այդ ընթացքում նաև նոր բռնությունների ծնունդը ու շարունակականությունը: 

Նախընտրական ու հետընտրական գործընթացները Հայաստանում մշտապես եղել են բուռն ու գերլարված, ու սա հասարակության համար լրջագույն թեստ է, թե ինչպե՛ս է անցնելու այդ ճանապարհը, որով հնարավոր է լինում ձևավորել իշխանություն: Իշխանության ձևավորման ճանապարհը բռնության մեթոդներով տանելն արդեն իսկ ազատ կամքի սահմանափակում է: Ընտրությունը նշանակում է բռնությունից զերծ, ազատ կամարտահայտում, այսօր արդեն մենք այդ միջավայրը չունենք ու այդ միջավայրի թեժացումը գնալով տեսնելու ենք:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am