«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
– Պարո՛ն Միքայելյան, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն օրերս անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է առաջարկում առաջին նախագահը որպես լուծում:
– Այս դիրքորոշումը, մեծ հաշվով, հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումից չի տարբերվում ըստ էության, ըստ որի՝ սա միջանցք չէ, ու Հայաստանը պետք է վերահսկի այն: Միակ տարբերությունն այն է, որ իշխանությունը թույլ է տալիս այնտեղ ոչ պետական՝ երրորդ կողմի ներկայություն, մինչդեռ Տեր-Պետրոսյանի մոտեցումն այն է, որ երրորդ կողմ չպետք է լինի:
Մենք ունենք մեծ խնդիր, որ այդ տարածքը վարձակալվում է ԱՄՆ-ի կողմից 99 տարով՝ հաջորդ 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Այսինքն՝ Հայաստանը, որն իբրև պետություն 34 տարեկան է, իր ամենառազմավարական տարածքներից մեկը վարձակալության է հանձնում է օտար պետության, հնարավոր է՝ մինչև երկու դարով: Մենք հասկանում ենք, որ սա ուղղակի տարածք տալ է, ու շատ անհասկանալի է այդ առումով որոշների հրճվանքը:
Հիմա Տեր-Պետրոսյանի ասածի մասով. Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են միջանցք ու պատրաստ են ուժ կիրառել, որպեսզի այդ միջանցքը բացվի: Ի՞նչ մեխանիզմներ ու իրական կարողություններ մենք ունենք, որպեսզի թույլ չտանք, որ դա տեղի ունենա: Ու այստեղ միայն պետական դիրքորոշումը բավական չէ, այսինքն՝ նրանց ուժային ճնշմանը մենք ի՞նչ ուժային հակազդեցություն կարող ենք ցուցաբերել: Այս հարցն է, որ հստակ պատասխան չունի, բայց հենց սա է այս պահի դրությամբ իշխանության անելիքը կամ Տեր-Պետրոսյանի, եթե ինքը լիներ իշխանության:
Այս հարցը պետք է պատասխան ստանա, թե չէ ուղղակի ասել՝ սա միջանցք չէ, սա ուղղակի ճանապարհ է, ինչպես իշխանությունն է ասում, որևէ բան չի փոխելու: Պետք է մեխանիզմներ ստեղծել Հայաստանը պաշտպանելու նման հարձակումից, մանավանդ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանկությունները:
Մենք հասկանում ենք, որ նույնիսկ միայն միջանցքը չէ, այլ՝ զավթել այս տարածքը, օրինակ՝ օկուպացված Արցախում պատի վրա քարտեզ են դրել, որտեղ Մեղրու, ինչպես նաև Քաջարանի շրջանի հարավն ամբողջությամբ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք է, այսինքն՝ նրանց մտադրությունն ակնհայտ է: Այս պարագայում մենք ինչպե՞ս ենք պաշտպանում այս տարածքները:
Ավելին ասեմ՝ պատկերացրեք, որ ԱՄՆ-ն մտնում է մեր տարածք, իսկ հետո, օրինակ՝ ԱՄՆ-ում տնտեսական խնդիրներ են առաջանում, ու ԱՄՆ-ն հայտարարում է, որ իր օտարերկրյա բազաներն ու օբյեկտները հետ է կանչում՝ հատկապես այս տարածաշրջանից: Ադրբեջանն էլ ասում է՝ քանի որ ԱՄՆ-ն դուրս է գալիս այդտեղից, ուրեմն մենք պետք է մտնենք, ու մտնում է, մենք ի՞նչ ենք անում: Այսինքն՝ մենք Ադրբեջանին պատրվակ ենք տալիս, որպեսզի նա կարողանա ուժային ճանապարհով զավթել այդ տարածքը, ինչպես Արցախի պարագայում օգտագործեց զանազան պատրվակներ՝ առանց իրավական հիմքերի: Ամփոփելով՝ Տեր-Պետրոսյանի ասածի մասով, գլխավորն այն չէ, թե ինչ դիրքորոշում ունի, այլ այն, թե ի՞նչ եղանակով է այդ դիրքորոշումն իրագործում:
– Այսինքն՝ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը այդ մասով ամենևին էլ անվանգության երաշխիք չե՞ք համարում, գոնե Սյունիքի մասով:
– Իհարկե ո՛չ, մարդիկ, որոնք ասում են, թե ԱՄՆ-ի խոսքն արդեն բավարար է, ապա նրանք ընդհանրապես ոչինչ չեն հասկանում միջազգային քաղաքականությունից, հարաբերություններից ու պատմությունից: Մի քանի օր առաջ Իսրայելը հարձակվեց Կատարի վրա, որը լիարժեք գտնվում էր ԱՄՆ-ի պաշտպանության տակ, իսկ ի՞նչ է անում ԱՄՆ-ն, ասում է՝ վա՛յ, ինչ վատ է, որ սա տեղի ունեցավ: Հիմա մեր պարագայում էլ կարող է նույնը լինել՝ չնայած մի քանի հարյուր էջանոց փաստաթղթերի:
Հասկանալի է, որ ԱՄՆ-ի խոսքի վրա հույս դնելը, մեղմ ասած, ճիշտ չէ: Ավելին՝ Թուրքիան ու Ադրբեջանը կարողացել են նախ այս միջանցքից, եկեք հենց այդպես էլ անվանենք, դուրս հանել ռուսներին, հիմա հերթն ամերիկացիներինն է, ու համոզված եմ, որ իրենք ամեն ինչ անելու են, որ ամերիկացիներին էլ հանեն այնտեղից:
Սա նրանց քաղաքականությունն է, ու նրանց հաջորդ քայլը դա է լինելու, հիմա մենք ո՞նց ենք անելու, որ ԱՄՆ-ն դուրս չգա այդտեղից: Սա շատ իրատեսական ու լուրջ խնդիր է, իսկ մեզ մոտ անվտանգությանը նայում են որպես մանկապարտեզի ինչ-որ խաղի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















