Փաշինյանի թեթև ձեռքով Հայաստանի ճակատին դաջվում է ագրեսորի ու օկուպանտի խարանը, ինչին երկար ժամանակ ձգտում է Ադրբեջանը. Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը 

– «Ասում եմ՝ եթե մենք ենք ներքաշել պատերազմի մեջ, 2018-ի դրությամբ 18 տարեկան զինվորը ի՞նչ գործ ուներ Հայաստանի  միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»,- ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում անցկացվող պանելային քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսքն ուղղելով երեք նախկին նախագահներին: Պարո՛ն Սուրենյանց, այս հայտարարության հետևանքները պետության համար որո՞նք են լինելու:

– Սկզբունքորեն սա Հայաստանի դեմ ցուցմունք է, որովհետև նրան, ինչին ձգտում էր հասնել Ադրբեջանը 30 տարի, որ Հայաստանը ճանաչվի օկուպանտ ու ագրեսոր երկիր, Նիկոլ Փաշինյանի այս մեկ հայտարարությամբ Բաքուն հասավ: Այս հայտարարությունը իր վտանգավորության աստիճանով հավասար է Արցախի կորստին, որովհետև մի կողմից խեղաթյուրվում է Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, որի հիմքում միանշանակ ինքնորոշման իրավունքն էր, որն էլ իր հերթին բխում էր միջազգային իրավունքից, հիմնարար փաստաթղթեր կան այդ մասով: Հայ զինվորը Լեռնային Ղարաբաղում ո՛չ օկուպանտ է եղել, ո՛չ էլ ագրեսոր, որովհետև կատարել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքն ապահովողի դերակատարություն: 

Հայաստանի երեք նախագահն էլ շեշտել է, որ այդ ներկայությունը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար միջազգային երաշխիքներ չեն ստեղծվել: Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով Հայաստանի ճակատին դաջվում է ագրեսորի ու օկուպանտի խարանը, որովհետև լրիվ այլ բան է, երբ նման բան հայտարարում է երկրի ղեկավարը: Կասկած չունենաք, որ Ադրբեջանն օգտվելու է այս հայտարարությունից, նախ սա օգտագործելու է հիմք՝ նոր ճնշումների համար, ես չեմ բացառում, որ Ադրբեջանը միջազգային դատարաններում այս հայտարարության հիմքով հայցեր ներկայացնի, ու չեմ բացառում, որ առնվազն պահանջի, որ Հայաստանում քրեական պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, որոնց հրամանով Ադրբեջանի «օկուպացիայի» հիմքեր են դրվել։ Այսինքն՝ այս հայտարարությունից տրամաբանորեն բխում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործեր պիտի հարուցվեն: 

– Իսկ Նիկոլ Փաշինյանի դե՞մ:

– Նաև՝ իր, բայց քանի որ ինքը հիմա այլ պատմուճանով է հանդես գալիս՝ խաղաղասերի, նոր հանրապետություն հռչակողի, Ադրբեջանի հետ բարիդրացիություն հաստատողի, ապա սա իր համար ինչ-որ «բոնուս» կապահովի, և, ի վերջո, մեր թշնամական հարևաններին Նիկոլ Փաշինյանը պետք է հենց այս կարգավիճակով, որպեսզի նրա ձեռքով Հայաստանում ոչնչացնեն երրորդ հանրապետության, 88-ի շարժման քաղաքակրթական, քաղաքական հիմքերը:

– Պարո՛ն Սուրենյանց, ձեր խոսքից ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը այս ամենի հետևանքները գիտակցելո՞վ է նման հայտարարություն անում:

– Ընդհանրապես, սպոնտան, չմտածված հայտարարություններ կարող են լինել զանգվածային ակցիաների ժամանակ բանավոր խոսքում, երբ հավաքված ժողովրդի կամ լսարանի էմոցիաներին տրվելով՝ ինչ-որ արտահայտություններ ես անում: 

– Կոնկրետ այս հայտարարության հետևանքներից ազատվելու ճանապարհ կա՞:

– Նիկոլ Փաշինյանն այնպիսի անշրջելիության կետերի է հասցնում մեզ, որ ցանկացած նոր իշխանության համար չափազանց դժվար է լինելու իրավիճակը շտկել: Ես չգիտեմ, թե այդ ի՛նչ հրաշագործ իշխանություններ պետք է գան, որ կարողանան այս հայտարարության կամ Փաշինյանի այլ քայլերի հետևանքները սրբագրել: 

Մեկ օրինակ բերեմ, որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի. մինչև հիմա մենք՝ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, վարպետորեն ու շատ արդարացված օգտագործում ենք Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի մի հայտարարություն, որով նա Խոջալուի ցեղասպանության պատասխանատվությունը դնում էր Ադրբեջանի Ժողովրդական ճակատի վրա: Ինչո՞ւ պետք է մենք օգտագործենք, իսկ Ադրբեջանը չօգտագործի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am