«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը
– Պարո՛ն Սարգսյան, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում, Ադրբեջանի նախագահը ևս ելույթ ունեցավ, կրկին խոսեց «Զանգեզուրի միջանցքի» մասին, Փաշինյանն էլ պահանջեց, որ Ալիևն ասի, թե ի՞նչ նկատի ունի: Ստացվում է, որ գլխավոր հարցերից մեկի շուրջ այդպես էլ համաձայնություն ձեռք չի բերվել, այդ դեպքում ինչպե՞ս է Հայաստանի իշխանությունը հայտարարում, թե օգոստոսի 8-ից հետո մենք խաղաղություն ենք ձեռք բերել:
– Այստեղ էականն այն է, որ պետք է գնահատական տրվի, թե ի՛նչ վիճակ է ստեղծվել օգոստոսի 8-ից հետո: Այն, որ Փաշինյանն ամեն կերպ պնդում է, թե ինքն արդեն խաղաղություն է բերել, ու խաղաղությունն արդեն կա, դա այլ հարց է, բայց փաստ է, որ ընդամենը ստորագրվել է համաձայնագիր, որ կողմերը կաշխատեն այն ուղղությամբ, որպեսզի վերջնական պայմանագիրը ստորագրվի: Օգոստոսի 8-ին իրականում եղել է այն, որ համաձայնություն է տրվել ամերիկյան կողմին ներկա լինել Հայաստանի այդ հատվածում, այսինքն՝ այդ հատվածը հանձնվել է ԱՄՆ-ին: Սա է թույլ տալիս իշխանությանը, որ խոսեն այն մասին, թե իրենք խաղաղություն են բերել:
Սա ֆունդամենտալ խնդիր է, ու ամեն ինչ կախված է ամերիկացիների գալուց, ես ասել եմ արդեն, որ այս հարցը նաև համաձայնեցված է ռուսական կողմի հետ, որովհետև դրանից հետո եղած Ռուսաստանի վերաբերմունքը ցույց է տվել, որ առանձնապես չկար հակադրություն հարցի վերաբերյալ: Սա էականորեն փոխել է քաղաքական իրավիճակը, ինչն էլ բերել է ոչ թե խաղաղության, այլ կրակի դադարեցման կամ հրադադարի:
Փաստն այն է, որ այսօր հրադադար է, հիմա դա որքա՞ն կտևի, վատն այն է, որ դա արդեն շատ քիչ է կախված Հայաստանից, որովհետև ամենաֆունդամենտալ խաղաքարտը, որ եղել է Հայաստանի ձեռքին, այն է՝ Մեղրիի հատվածը՝ որպես Հայաստանի ամենառազմավարական նշանակություն ունեցող կետ, հանձնելով ԱՄՆ-ի վերահսկողությանը, Հայաստանը կորցրել է իրավիճակի վրա ազդելու իր հնարավորությունները: Հիմա ամեն բան կախված է ԱՄՆ նախագահից, որը հաճախ Հայաստանի անունն էլ է մոռանում:
Սա նաև խնդրի էությունն է փոխել. Հայաստանի տարածքում ստեղծվել է մի իրավիճակ, որը իսկական կռվախնձոր է, այսինքն՝ մի քանի պետություն տարբեր շահեր ունեն այդ հատվածում, ստեղծվել է մի նոր երևույթ, որն իր պայթյունավտանգությամբ շատ ավելին է, քան եղել է Արցախն իր խնդրով:
Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է իր մոտեցումները, որևէ կերպ չի հրաժարվում իր պայմաններից, ու փաստն այն է, որ չի ստորագրվել պայմանագիր, ու էլ չեմ ասում, որ ժամանակին իրենք ասում էին, որ այն փաստաթուղթը, որը Հայաստանում կոչում են խաղաղության պայմանագիր, բնավ էլ այդ չէ, դրանք նախնական պայմաններ են՝ հետագա բանակցությունների համար: Բայց անգամ դա չի ստորագրվում, ու այստեղից է հարց առաջանում, թե Ադրբեջանին ընդհանրապես պե՞տք է այդ պայմանագիրը:
Ի պատասխան ձեր հարցին ասեմ, որ ՄԱԿ-ում խոսելով դրա մասին՝ Ալիևն ամեն կերպ ներկայացրեց այսօրվա վիճակն ու իր իրավունքները, որովհետև ամեն ինչ Ադրբեջանի ղեկավարի խոսքում կապված էր նրա հետ, որ Հայաստանը 30 տարի օկուպացրել է իրենց տարածքը, որ այն ֆաշիստական պետություն է և այլն: Ալիևը, ի տարբերություն ՀՀ իշխանությունների, փայլուն գիտի, որ սա ընդամենը հրադադար է, ուրիշ ոչ մի բան: Ալիևն ամբողջ աշխարհի առաջ Հայաստանին մեղադրեց ամենածանր մեղադրանքով՝ օկուպանտ լինելու մեջ:
– Այդ մեղադրանքի հետևանքները որո՞նք են լինելու:
– Ընդհանրապես օկուպանտ լինելը գիտե՞ք ինչ է. կարող է վաղը հավաքվեն, քեզ հողին հավասարեցնեն, իսկ բոլորը ծափահարեն, առանց այդ էլ Ադրբեջանը շուրջ մեկ ամիս առաջ հավաքել էր այդ իսլամական կոնֆերանսը ու բոլոր մասնակից երկրներին պարտադրել էր, որ նրանք էլ ստորագրեն այդ մեղադրանքի տակ, որն ուղղված է Հայաստանի դեմ: Սա արդեն կատակ բան չէ:
Հայաստանը պետք է գոնե մեկ անգամ դրա դեմ խոսի, բայց երբեք չեն խոսում դրա դեմ, հետաքրքիր է, որ Փաշինյանը՝ Հայաստանի օկուպանտ լինելու Ալիևի թեզի դեմ ոչինչ չասաց, ա՛յ սա շատ լուրջ խնդիր է: Ըստ երևույթին, Հայաստանը չի գնում դրան, որովհետև ամեն ինչ, որ կապված է Արցախի հետ, տաբու է, հանված է, սա որոշում է, ու իշխանությունը դրան է ենթարկվում:
Իրականությունը սա է, հողի վրա ունենք այս իրավիճակը, նաև այն, որ Մեղրիի մասով եղավ կոնսենսուս, ու ինչ-որ բլոկ դրեցին Ադրբեջանի հարձակման դեմ, որովհետև այդ հարձակումն իսկապես սպասվում էր: Ժամանակին ԱՄՆ նախագահի տեղակալը երկու անգամ հայտարարեց, որ վտանգի տակ է Հայաստանը, Ադրբեջանը նոր հարձակում կսկսի, ու երբ օգոստոսի 8-ին ստորագրվեց այդ փաստաթուղթը, նա նորից ելույթ ունեցավ ու ասաց՝ մենք կանգնեցրինք այդ հարձակումը: Փաստորեն իմաստը դա էր, ԱՄՆ-ն գուցե երբևէ չգա էլ Հայաստան, դա հետո կերևա, բայց այն, որ այդ ամենի հիմնական նպատակը Ադրբեջանի ագրեսիան կանգնեցնելն էր, միանշանակ է:
– Պարո՛ն Սարգսյան, դրա համա՞ր եք ասում, որ հիմա ընդամենը հրադադար է:
– Իհարկե, հրադադարը հենց սա է, որ վիճակ է ստեղծվում կրակի դադարեցման, հնարավոր է, առավոտյան վիճակը փոխվի, ու կրակ սկսվի, խնդիրն այն է, թե որքան կտևի տարբեր երկրների այս սիտուացիոն համաձայնությունը: Ի վերջո, վերջին կրակը եղել է օգոստոսի 7-ին, մինչև ամսի 8-ի ստորագրությունը Ադրբեջանը Գորիսի սահմանին կրակում էր: Մի օրվա մեջ կանգնում է, մի օրվա մեջ էլ կարող է սկսվել: Սա է իրողությունը, որը ես տեսնում եմ:
Քրիստինե Աղաբեկյան


















