Այս իշխանությունը գնում է դեպի դիկտատուրա, սա դեռ սկիզբն է, տեսնելու ենք ավելի այլանդակ ու դատապարտելի պրոցեսներ. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Նժար» սահմանադրական շարժման անդամ Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, այսօր առավոտվանից բերման են ենթարկվել արդեն տասներկու հոգևորականներ, այդ թվում՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը, որին արդեն մեղադրանք է առաջադրվել։ Շատերը այս իրադարձությունները համեմատում են 1937 թվականի մթնոլորտի հետ։ Ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցողը։

– Մենք դեպի 37 ակտիվ քայլերով գնում էինք, ու դրա նախադրյալները կային տևական ժամանակ, ու ես ապշած եմ, թե ինձանից շատ ավելի փորձառու քաղաքական ու հասարակական գործիչները սկզբունքորեն դա չէին ուզում տեսնել: Բայց եթե 37-ին ձերբակալություններն արվում էին իշխանությունը ներսից ամրացնելու ու, իրենց պատկերացումներով, հակապետական էլեմենտներին վերացնելու համար, ապա սա ակնհայտորեն դրսից պատվերով աշխատանք է, դա կասկածից դուրս է այլևս, որովհետև որ պահից Ադրբեջանից հնչում են հոխորտանքներ, ինչ-որ անուղղակի պահանջներ, դրանց անմիջապես հետևում են շատ հստակ գործողություններ: 

Ես չեմ պատկերացնում, թե այդ ի՛նչ արած պետք է լինեին, որ այսքան մեծ թվով ոստիկաններով գնային հոգևորականներին բերման ենթարկելու: Ես որևէ հույս չունեմ, որ մենք արդարադատության համակարգում գոնե մեկ բարեխիղճ քննիչ, դատախազ կամ դատավոր ենք ունենալու, որից կարելի է արդարադատություն ակնկալել, բայց սպասենք ու տեսնենք, թե այս անգամ ինչ անհեթեթ, անհիմն «ապացույցներ» կներկայացնեն: 

– Հաղորդում է տրվել, թե հոգևորականներին պարտադրել են մասնակցել հանրահավաքների։ Այդ հաղորդման հիման վրա իրականացված ձերբակալություններն ու խուզարկությունները, Ձեր կարծիքով, կարելի՞ է համարել օրինաչափ։

– Մենք ունենք ԱՆԻՖ-ի բառացիորեն անհաշվելի թվով պետությունից թալանված գումարներ, որևէ բերման ենթարկված, որևէ մեղադրյալ չտեսանք արդեն երկար ժամանակ: Բայց ունենք ենթադրյալ հանցագործություն մեկ անձի հայտարարության հիման վրա, որի հետքերով արագ, անմիջապես գնացել են մարդկանց բերման ենթարկելու: 

Բայց այդ մարդկանց կարող էին հրավիրել հարցաքննության, եթե հրավիրել են, ու հոգևորականները չեն գնացել, չեն ներկայացել իրավապահ մարմինների հրավերով, տրամաբանություն կարող էր լինել այս ամենում, գուցե, բայց մենք հերթական անգամ տեսնելու ենք, որ որևէ լուրջ բան չի լինելու: Ամենայն հավանականությամբ, նրանց մի մասին կալանքի կտանեն, թե հետո ի՛նչ կպարզվի, կարևոր չէ:

Զուտ հիշեցնեմ, որ ՔՊ-ի միջոցառումների ժամանակ լրագրողները խոսում էին մարդկանց հետ, և պարզվում էր, որ պոլիկլինիկաների, գրադարանների, տարբեր պետական կառույցների աշխատողներ էին, նույն տրամաբանությամբ՝ այդ մարդկանց ստիպել էին մասնակցել հավաքի, բայց այդ մասով որևէ հարուցված գործ չկա: 

Այո՛, այս իշխանությունը գնում է դեպի դիկտատուրա, սա դեռ սկիզբն է, տեսնելու ենք ավելի այլանդակ ու դատապարտելի պրոցեսներ, եթե չկարողանանք կասեցնել այս ընթացքը, ինչ-որ իմաստով սա հասարակությանն ուղղված մեսիջ է: Ակնհայտ է, որ սա մեր պետականությունը թուլացնելուն միտված գործողություններ են: 

–  Տիկի՛ն Կարապետյանց, կարծում եք՞, որ այս դեպքերը Ադրբեջանի հայտարարությունների հետևանք են։

– Ամենայն հավանականությամբ՝ այո՛, ես ենթադրում եմ, որ այո՛: Եթե դու ունես ներսում վտանգ, արվել են գործողություններ, որոնք մեծագույն վտանգ են ներկայացնում քո պետության անվտանգության տեսանկյունից, մենք տեսանք, որ նման ապացույցներ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ մի խայտառակ դատական ակտ կայացրեցին, Բագրատ Սրբազանի վերաբերյալ մենք տեսանք, թե ինչպես են կեղծել ապացույցները: Չգիտեմ, թե ներքին խնդիրներ որքանով է լուծում, բայց հատկապես Ադրբեջանին սիրաշահելու, նրան հաճոյանալու մոլուցք ունի: 

Խաղաղությունը ինքը ներկայացնում է որպես նախընտրական քարոզարշավի խաղաքարտ, ու քանի որ իր ձեռքին որևէ լծակ չկա այդ խաղաղությունը բերելու, հիմնական լծակներն Ադրբեջանի ձեռքին են, դա նշանակում է, որ Ալիևի ցանկությամբ է լինելու Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը, դրա համար էլ անընդհատ կարող է պահանջներ ներկայացնել վերջինին, իսկ Փաշինյանն էլ խելոք դրանք կատարելու է, որպեսզի կարողանա վերընտրվել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am