«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, ինչպես և կանխատեսվում էր, ԱՄՆ-ն հարվածեց Իրանին, և հիմա տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ է, ի՞նչ հնարավոր ռիսկեր է պարունակում այս պատերազմը Հայաստանի համար, և ի՞նչ պետք է անի Հայաստանի իշխանությունն այս իրավիճակում:
– Գիտեք, որ շատ ակտիվ բանակցություններ էին ընթանում Իրանի ու ԱՄՆ-ի միջև, բայց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հիասթափություն հայտնեց բանակցությունների արդյունքից, կարելի էր կանխատեսել, որ առաջին պլան է գալու ռազմական լուծումը: Կանգնած ենք տարածաշրջանային մեծ պատերազմի ռիսկի առաջ, որովհետև երկուստեք հնչում են կոշտ հայտարարություններ, Իսրայելի ու ԱՄՆ-ի պետական շրջանակները չեն էլ թաքցնում, որ Իրանում նաև վարչախմբի փոփոխության խնդիր ունեն: Թեև իրենք ասում են, թե գործողություններն առաջին փուլում չորս օր են նախատեսված, բայց այն մասշտաբային խնդիրները, որոնց մասին խոսում են, չորս օրվա լուծելիք խնդիրներ չեն:
Հիմա դժվար է սցենարներ կանխատեսել, բայց մեծ պատերազմի վտանգը շատ մեծ է, իսկ դա հումանիտար ու անվտանգային շատ լուրջ ռիսկեր է ստեղծել տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի համար: Հատկապես Հայաստանի համար, որովհետև տարածաշրջանային տուրբուլենտությունը առաջին հերթին թույլ պետություններին է հարվածում:
Բնականաբար, Հայաստանի իշխանությունը պետք է պետական-քաղաքական ռեսուրսների կենտրոնացում աներ, պետք է ճգնաժամային կառավարման ռեժիմի անցներ, մի քանի սցենար մշակեր՝ տարբեր զարգացումների համար, բայց ինչպես տեսնում ենք, Հայաստանի իշխանությունը կատարյալ անմեղսունակության մեջ է: Այն պահին, երբ տարածաշրջանային պատերազմի բոթը տարածվեց, իրենք շատ անհոգ քարոզարշավի մեջ են, Նիկոլ Փաշինյանը զառ է գլորում: Ունենք զուգահեռ իրականությամբ ապրող, ադեկվատությունից զուրկ մի իշխանության պատկեր:
– Գուցե այդ նախապատրաստություններն արել են, որ այսպես անհոգ քարոզարշավ են իրականացնում:
– Վստահ եմ, որ ոչ, նման որակի իշխանությունը չի կարող նախապատրաստություն անել, հակառակ պարագայում նույնիսկ այս իրավիճակում գրառումներ չէին անի, թե Հայաստանում խաղաղությունը երաշխավորված է: Եթե անգամ ընդունենք, ինչն իհարկե այդպես չէ, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև ամեն բան նորմալ է, չի կարող տարածաշրջանը կրակի մեջ այրվել, իսկ տարածաշրջանի մի հատվածը խաղաղության մեջ լինել:
– Ի՞նչ է սպասում այս պարագայում Հայաստանին:
– Տարբեր են լինելու սցենարները՝ կախված պատերազմի տևողությունից, եթե երկարատև լինի, ապա անվտանգային ռիսկ կլինի այն մասով, որ Ադրբեջանը կզրկվի Իրանի միջով Նախիջևան անցում կատարելուց ու կսևեռվի Սյունիքի հատվածի վրա, փախստականների մեծ հոսք կարող է լինել՝ միգրացիոն ճգնաժամ, ի վերջո պատերազմ է, որի աշխարհագրությունը կարող է ընդլայնվել:
– Պարո՛ն Սուրենյանց, Իրանում մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու՝ Հայաստանի իշխանության քայլերը, նույն բարեկամ երկրում կատարվածի վերաբերյալ արձագանքն ինչպե՞ս եք գնահատում:
– ԱԳՆ հայտարարությունը ոչինչ չասող էր, անկեղծ ասած, վստահ եմ, որ այս որակի իշխանությունը որևէ սցենար չունի, եթե ինչ-որ բան էլ անեն, ապա դրանք լինելու են իրավիճակային, հապշտապ քայլեր:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















