Սպանդանոցը՝ լակմուս. ավանտյուրայի ժամանակը

Վահրամ Թոքմաջյան

Ցուլը և կովը «Իլիականում» հետապնդում են հերոս Հերակլեսին: Սխրանքներից մեկում Հերակլեսը պետք է Միկենք բերեր այն ցուլը, որը Կրետե էր ուղարկել Պոսեյդոնը։ Կրետեի արքա Մինոսը այդ ցուլը պետք է զոհաբերեր Պոսեյդոնին, բայց հիանալով դրա գեղեցկությամբ՝ արքան ցուլին պահում է իր նախիրում: Փոխարենը՝ մեկ այլ ցուլ է զոհաբերում։

Պոսեյդոնը կատաղեցնում է իր ուղարկած ցլին, որը սկսում է բնաջնջել ողջ շրջակայքը։ Ճիշտ այսպես կարող էր լինել Հայաստանում:

Անասնապահները բաց են թողնում իրենց ցլերին…

Հեռանկարից կարծես թե հնարավոր եղավ խուսափել: Սակայն չի նշանակում, որ ավանտյուրայի ժամանակն ավարտվեց: Եթե Բախտինի մոտ հին հունական ավանտյուրային վեպերի սյուժեի զարգացումներն ամենուրեք հենվում են պատահականությունների վրա, ապա մեզանում դրանք ունեն պատմագիտական օրինաչափություններ: 

Այդ պատմագիտական օրինաչափությունները հիմնվում են հեղափոխություններին հաջորդող պահանջմունքների ու նոր վերադասավորումների վրա: Կար ստատիկ վիճակ, մի անշարժ քաոս, որի մեջ դերերը բաշխված էին:

Այստեղ էական չէ, թե արքաներն էին ծաղրածու կամ՝ հակառակը: Հանրույթը, բառիմաստի ցածր ընկալմամբ, հարմարվել էր որոշակի կանոնների ու, թեկուզ վատ, բայց ստեղծել էր իր բնական միջավայրը: 

Փոփոխություններն իրենց հետ բերում են պահանջմունքներ: Պահանջմունքներ, որոնք ձևակերպվում են անձնավորված: Պահանջմունքների բավարարումը նմանատիպ միջավայրերում խիստ սուբյեկտիվ է:

Օրինակ՝ ազատության ընկալումը: Անհատի մակարդակում ազատություն կարող է դիտարկվել ինքնիրացման այն սահմանները, որոնք նա նախկինում ուներ և այժմ նախկինից առավել է ուզում: Չէ՞ որ ըստ անհատի սուբյեկտիվ ընկալման՝ դրա համար է նա մասնակցել հեղափոխական կառնավալին:

Եղած կաղապարներից անդին տարածվելու և իր պատկերացրած ազատությունների միջոցով անձնային խնդիրը լուծելու: Այստեղ անհատը մեղավոր չէ: Մեղավոր են այն հասարակարգը և կենսամիջավայրը, որում անհատը ձևավորվել է: Իսկ այդ միջավայրը նրան ասել է՝ եղունգ ունես, գլուխդ քորիր:

Անհատի պահանջմունքի բավարարումը բախվում է իշխանության պահանջմունքին, որն այս պահին պետականի գործառույթի արտացոլումն ու կրողն է: Ցանկացած հստակեցում՝ աշխարհագրական, տնտեսական, հասարակական-քաղաքական, կենցաղային, կաշկանդում է ավանտյուրաների ազատությունն ու թեթևությունը:

Ցանկացած կարգավորում, որը կփորձի նոր համակեցության դաշտ բերել պետության հիմնական սուբյեկտին՝ անհատին, կսահմանափակի նրա պատկերացրած ազատությունը:

Անհատը կերպարանափոխության պատրաստ չէ, քանի որ այդ երևույթն ավելի ընդարձակ ընկալում ունի և հնարավոր չէ կազմակերպել կախարդական փոխակերպումներով: Սա պետք է հասկանա պետությունը, տվյալ դեպքում՝ իշխանությունը:

Արդեն մեկ շաբաթ փոթորկվող կրքերը, որոնց ականատես եղանք սպանդանոցների թեմայով, և իշխանության ողջախոհ որոշումը՝ հետաձգել մինչև հուլիսի մեկը, վերևում գրվածի վառ արտացոլումն են: 

Այստեղ անցում ենք կատարում քաոսին: Արդեն շարժունակ քաոսին: Իշխանությունը կենսունակ է, եթե կառավարելի է դարձնում այդ քաոսը: Մի փոքրիկ դրվագում խառնվեցին շերտեր, որոնց միջև սահման անցկացնել հնարավոր չէր:

Իրավամբ քրտինքով աշխատող գյուղացին, նրա քրտինքի վրա յուղոտ թիքա վաստակող դալալն ու գերշահույթ ապահովող մինիօլիգարխը ստեղծեցին այդ շարժունակ քաոսը: Իշխանությունը պատրաստ չէր: Ստեղծվեց մի աբսուրդ վիճակ:

Գյուղացին ճիշտ է. բարձրացնում է հարցեր, որոնք պատասխաններ են պահանջում:

Իշխանությունը ճիշտ է. գործում է պետության և հանրույթի մնացյալ հատվածի շահերից:

Դալալն ու մինիօլիգարխը սխալ են: Սակայն նրանք ճիշտ են յուրովի՝ տուն ենք պահըմ, ախպեր: Այս դրվագում է, որ նրանց հարկ է դուրս բերել կոմֆորտ դաշտից:

Միայն սեփական շահը տեսնելու ու պետության շահը մոռանալու դիպվածից, այլոց իրավունքները ստորադասելու մտայնությունից: Այստեղ առաջ է գալիս ավանտյուրան՝ բառի խորհրդային ու մեզ համար ավելի մատչելի իմաստով:

Ի՞նչ պետք է աներ, որ չարեց իշխանությունը: Հետայսու ցանկացած փոփոխություն, նոր համակեցություն, ասել կուզի՝ դրական համակեցություն, սահմանների, նոր խաղի կանոնների ձևակերպում, որը կբխի օրինականությունից և կփորձի իմաստավորել հայաստանյան իրադարձությունները, կարժանանա նույն ճակատագրին, եթե.

  • դրանք կատարելուց առաջ չուսումնասիրվեն,
  • շահառու խմբերի հետ լայնածավալ աշխատանքներ չկատարվեն,
  • փոփոխությունների համար անհրաժեշտ պայմաններ չստեղծվեն:

Այս ամենի բացակայության դեպքում մենք նորից կկանգնենք նույն՝ փակ շղթայի առաջ: Եվ վաղը հարբած կամ հաշիշասեր տաքսիստը, որը մեքենան վարում է հերթական օղու շիշը գնելու կամ խոտի չափաբաժինն ունենալու համար, կփակի Հանրապետության հրապարակն ու կհրաժարվի պարտադիր բուժզննում անցնելուց՝ վտանգելով քաղաքացու ու իր աշխատանքին բարեխղճորեն վերաբերվող մեկ այլ տաքսիստի կյանք: Ինչո՞ւ…

Լուցիոսի կերպարանափոխումը ավանակի ու հետո ավանակից մարդու՝ միստիկ մաքրագործման շնորհիվ էր, իսկ մեր խնդիրներին այն բնորոշ չէ: Մենք ապրում ենք հայաստանյան հեղափոխական իրականության մեջ, որտեղ շարժունակ քաոսը կխեղդի, եթե կառավարելի չդառնա:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am