«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը
– Պարո՛ն Բաբայան, նախօրեին Հանրապետության հրապարակում նշում էին Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը, ինչպե՞ս եք գնահատում միջոցառման անցկացման գաղափարը: Կարծիքներ են հնչում, որ նախընտրական այս տարում տոները մի տեսակ շատացել են ու մեծ շուքով են նշվում: Նման միտում տեսնո՞ւմ եք:
– Այդ դեպքում պետք է ընտրություններն անցկացնել տարին մեկ անգամ, կարծում եմ, մենք միայն կշահենք: Ես հենց հիմա արտերկրում եմ, երեկ Նորվեգիայում էի, տարբեր երկրներում տարբեր ձևով են նշում, կան երկրներ, որտեղ շատ ակտիվ են նշում, կան երկրներ, որտեղ չեն նշում: Ես կարծում եմ, որ շատ ավելի ազատ պետք է լինել այդ հարցում, մենք հաճախակի ուզում ենք ամեն ինչ ազգովի անենք. կա՛մ ազգովի մասնակցում ենք, կա՛մ ազգովի չենք նշում, կա՛մ ազգովի դատապարտում ենք, այդ ցեղային վիճակից պետք է մի օր դուրս գանք, ով կուզի՝ թող մասնակցի, ով չէ՝ չէ:
Կարևորը՝ այդ ամենը պետք է լինի կամավոր, ես ներկա չեմ եղել, ինձ համար դժվար է ասել՝ դա կամավոր էր, թե չէ, միայն որոշակի բաներ եմ տեսել, եթե մարդիկ ուզում են նշել՝ թող նշեն, ով չի ուզում նշել՝ թող չնշի: Ամենակարևորն է, որ մենք ոչ մեկի կամքի վրա չբռնանանք:
Ինչ վերաբերում է նախընտրական գործընթացներից ելնելով նշել-չնշելուն, դե, անցած տարի շատ բան է նշվել կամ չի նշվել, մայիսի 5-ին Գյումրիում համերգ է լինելու՝ Մակրոնի այցով պայմանավորված: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ ընտրատեղամաս գնալիս բոլոր դեպքերում յուրաքանչյուր մարդ շատ ծանր ու թեթև պետք է անի, թե ինչ ընտրություն պետք է անի ու չառաջնորդվի համերգներով կամ ընտրակաշառքներով և այլն: Որքան մայրաքաղաքն ապրի մայրաքաղաքային կյանքով, այնքան շատ ավելի լավ կլինի մեզ համար:
– Պարո՛ն Բաբայան, իսկ ձեր գնահատմամբ՝ նման միջոցառումները հասարակության մեջ առկա այս երկփեղկվածությունը, ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտն ինչ-որ չափով թոթափու՞մ են, թե՞ ավելի են խորացնում:
– Այս վերջին տարիների մեր ամենացավալի կողմն այն է, որ մենք ամեն ինչ կուսակցականացնում ենք ու՝ անկախ բովանդակությունից: Մեր գնահատականը ոչ այնքան վերաբերում է միջոցառման բովանդակությանը, որքան՝ ո՛վ է դա կազմակերպել: Իշխանության կողմնակիցներն ասում են՝ ինչ հրաշք է, անկախ իրականությունից, իսկ ընդդիմությունը՝ հակառակը: Ես կարծում եմ, որ եթե մարդը իր կարծիքը ձևավորում է՝ ելնելով ոչ թե իր քաղաքական նախասիրությունից, այլ իր անձնական, անհատական աշխարհայացքից ու մտածողությունից, ապա նա ավելի շատ ներկայանում է որպես անհատ, որովհետև ինձ համար հանրությունը, անկեղծ ասած, այնքանով արժեք ունի, որքանով այն անհատներից է կազմված, այլ ոչ թե հոտային սկզբունքով է առաջնորդվում: Իշխանական կամ հակաիշխանական լինելը արժեք չէ, արժեքը դու ես քո անհատականությամբ, երբ ունես սեփական կարծիք ամեն ինչի վերաբերյալ:
– Սեփական կարծիքի բացակայությունը մեզանում շա՞տ նկատելի է, եթե այո, ապա ինչո՞վ եք բացատրում այդ փաստը:
– Շատ լավ հարց եք տալիս: Ես կարծում եմ խնդիրը հետևյալն է. սեփական կարծիք ունենալն ու որպես անհատ ներկայանալը նաև պատասխանատվություն է ենթադրում: Շատ կարևոր է, երբ դու ասում ես՝ ես այսպես եմ կարծում, սա մեծամտություն չէ, բայց երբ ես այդպես եմ մտածում, ես այնպես եմ մտածում, ես կրում եմ նաև պատասխանատվություն իմ կարծիքի, իմ մտքի ու որոշման համար: Երբ ես ասում եմ՝ դե, բոլորն այսպես են մտածում, կամ ժողովուրդը այսպես է մտածում, ես լղոզում եմ այդ պատասխանատվությունը, այն բաժանվում է 3 միլիոն մարդու վրա:
Եթե նկատել եք, երբ համացանցում մենք հաճախակի դիմում ենք միմյանց, ասում ենք՝ ժողովուրդ, ձեզ բան եմ ասում, բայց եղած-չեղած մի չորս մարդ է քեզ արձագանքում, ինչո՞ւ ես դիմում ժողովրդին: Սա միայն մեզ չէ բնորոշ, շատերին է բնորոշ, այդպես ավելի հարմար է ապրել: Ավելի դժվար է ապրել, երբ դու հասկանում ես, որ դու ես քո ճակատագրի ու որոշումների տերը, քո ընտանիքի պատասխանատուն դու ես:
Երբ դու ասում ես՝ դե, ես ինչ անեմ, կյանքն է այսպիսին, կամ իշխանությունը այդ է թույլ տալիս, ընդ որում, կապ չունի՝ ի՛նչ իշխանություն, կան մարդիկ, որոնք իրենց անձնական անկարողությունները ու դժբախտությունները միշտ կապում են տարբեր իշխանությունների հետ՝ կլինի Լևոն Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը, թե Փաշինյանը: Ամեն անգամ գտնում են մեղավոր, բայց երբեք չեն անդրադառնում սեփական անձին: Մեր բոլոր անհաջողությունների պատճառը մենք պետք է գտնենք մեր մեջ, գուցե դա միշտ արդարացված չէ իրականության մեջ, բայց դա շատ օգտակար է, երբ դու քեզանից դուրս մեղավորներ չես փնտրում, մեղավորներ միշտ կարելի է գտնել: Ձեր հարցի պատասխանը՝ պատասխանատվությունից վախենալ, պատասխանատվության հարց է:
– Կարո՞ղ ենք ասել, որ սեփական կարծիք չունենալը խրախուսվում է պետական մակարդակով, որովհետև գոնե այս իշխանությունը իր յուրաքանչյուր քայլ, խոսույթ հիմնավորում է ժողովրդի պահանջով, ձայնով, ասում են՝ ժողովուրդն է այդպես ուզել, մենք էլ անում ենք:
– Քաղաքական ուժերը ընդհանրապես պարտավոր են խոսել ժողովրդի անունից՝ անկախ տրամադրություններից ու աջակցության չափից: Սա բնական է, բայց իմ խոսքը քաղաքական ուժերի մասին չէ, ինձ համար, անկեղծ ասած, մեծամասնությունը այդքան էլ նշանակություն չունի, ինձ համար քանակը նշանակություն չունի, ինձ համար կարևոր է բովանդակությունը:
– Հարցս հետևյալն էր, պարո՛ն Բաբայան, չպե՞տք է օրինակ լինի, որ հանրությունը տեսնի դա ու ընդօրինակի, տեսնի, թե պատասխանատվության զգացումն ինչքան կարևոր է, ու ինքն էլ փորձի այդպես ապրել, սեփական կարծիք արտահայտել:
– Էլի շատ կարևոր հարց տվեցիք, հիմնականում մենք օրինակ ենք վերցնում քաղաքական ուժերին, բայց դա այդպես չպետք է լինի, որովհետև նրանք քաղաքական ուժեր են, իրենց գործունեության մեջ իրենք ավելի քառակուսի են, մարդը ավելի բազմաբևեռ է, ավելի ծավալային է: Շատ կարևոր է, թե մենք ինչպիսի դերակատարում ենք տալիս մարդկանց, որոնք մեր հասարակության մեջ կարողացել են իրենց ձևակերպել որպես անհատներ: Այստեղ էլի շատ մարդիկ ընկնում են քաղաքական ուժերի հետևից, փորձեմ բացատրել, թե ինչ տեսակետից. իքս մտավորականը եկավ կանգնեց ինձ հետ հարթակում՝ հանճարեղ է, փորձեց ինչ-որ հայացք արտահայտել, որը չհամընկավ իմ կարծիքի հետ, ուրեմն դավաճան է:
Շատ պարզունակ ենք, մենք ոչ թե փորձում ենք հասկանալ յուրաքանչյուր մարդու էությունը, հայացքները, պարտադիր չէ համաձայնել դրա հետ, մենք փորձում ենք հաճախ պիտակավորել: Հաճախ ենք, չէ՞, լսում՝ ո՞ւր են մեր մտավորականները, իսկ արդյոք մենք ուզո՞ւմ ենք այդ մտավորականներին տեսնել, թե՞ ուզում ենք, որ այդ մտավորականի կարծիքն անպայման մեր կարծիքին համընկնի, հակառակ դեպքում նա մտավորական չէ: Որքան շուտ մենք բաժանենք քաղաքականությունը իրական կյանքից, այդքան ավելի կշահենք: Կյանքը շատ ավելի բարդ է, քան նախընտրական պայքարը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















