Պաստառ պոկելուց մինչև ինքնասպանություն երկու քայլ է, և այդ քայլերն անցնում են իրավապահ և առողջապահության համակարգերի միջով։ Երբ մարդուն ձերբակալում են պաստառ պոկելու համար, և նա, ի հետևանք, ինքնասպան է լինում հոգեկան առողջության կենտրոնում, դա մեկ անձի կամ մեկ ընտանիքի ողբերգություն չէ, այլ բացահայտում է Հայաստանի իրավապահ և հոգեկան առողջության համակարգերում առկա մի շարք խորքային խնդիրներ՝ օրենքի կամայական կիրառում, արարքի հետ աղերս չունեցող քրեական հետապնդում, հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդկանց նկատմամբ անտեսված խոցելիություն և կյանքի իրավունքի պաշտպանության ձախողում։
Նախ խոսենք իրավապահ համակարգից, որը քարոզարշավի օրերին աչքի է ընկնում օրենքների կամայական կիրառմամբ և մեկնաբանությամբ, անօրինական ձերբակալություններով, որի վառ օրինակներից մեկն է նաև Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի ձերբակալությունը, որին մեղադրում են խուլիգանության մեջ, այնինչ անձը վարչապետին է ուղղել քաղաքական բնույթի քննադատություն, որին ի պատասխան վարչապետը հնչեցրել է անձնական բնույթի, արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ, այդ թվում՝ «գնայիր զոհվեիր…» ձևակերպմամբ արձագանք։
Բայց վերադառնանք նախընտրական պաստառի գործով ձերբակալված Արմեն Հովհաննիսյանի ինքնասպանության ողբերգական դեպքին, ցույց տալու համար համակարգային աղաղակող ձևախեղումները, որոնք նույնիսկ կարող են մարդու կյանք արժենալ։
Այս գործի առաջին խնդիրը արարքի իրավական որակումն է։
ՀՀ օրենսդրությամբ նախընտրական քարոզչական պաստառները պոկելը կամ վնասելը վարչական իրավախախտում է։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.11-րդ հոդվածը նման արարքի համար նախատեսում է տուգանք՝ 50 հազարից 100 հազար դրամի չափով։
Սակայն, այս դեպքում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով՝ նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու հատկանիշներով։ Այս հոդվածը նախատեսում է առավելագույնը մինչև 3 տարի ազատազրկում։
Այսինքն՝ մարդը, որը կարող էր ծայրահեղ դեպքում տուգանվել, հայտնվել է անազատության մեջ, իրավապահ համակարգի վերահսկողության ներքո, որը ոչ այլ ինչ է, քան քարոզչական ժամանակահատվածում քաղաքական ճնշման հնարավոր դրսևորում, առավել ևս այն պարագայում, երբ ընդդիմադիր գործիչների պաստառներն անխոչընդոտ վնասվում են յուրաքանչյուր քայլափոխի։
Դեպքի երկրորդ առանցքային շերտը բացահայտում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց նկատմամբ համակարգային անընդունելի արձագանքը։ Երբ հոգեբանական ճնշումներով ու նվաստացումներով, վախ ներշնչելով, ձերբակալություններով կարող են մարդու առանց այդ էլ վնասված հոգեկան առողջությունը վատթարացնել։
Արմեն Հովհաննիսյանի ընտանիքը երկար տարիներ ապրել է Արցախում, իսկ բռնի տեղահանումից հետո վերադարձել Հայաստան։ Այս հանգամանքը ևս կարևոր է, որովհետև Արցախից տեղահանված բազմաթիվ մարդիկ ապրել են խորքային հոգեբանական տրավմաներ, հետտրավմատիկ սթրես, սոցիալական ապակայունացում և հոգեկան առողջության խնդիրների սրացում։
Այդ պայմաններում իրավապահ համակարգի ցանկացած կոշտ միջամտություն՝ բերման ենթարկում, ձերբակալում, մեկուսացում կամ հարցաքննություն, կարող էր դառնալ լրացուցիչ ծանր սթրեսային գործոն։
Առայժմ հայտնի չէ՝ արդյոք ոստիկանությունում ինչպես են վարվել բերման ենթարկվածի հետ, եղե՞լ են արդոք ճնշումներ, բռնություններ, վախի ներշնչման գործոններ, թե ոչ, և, վերջապես, գնահատվե՞լ է արդյոք նրա հոգեկան վիճակը, ներգրավվե՞լ է հոգեբույժ, ապահովվե՞լ է փաստաբանի մասնակցությունը և այլն։ Այս ամենը, ինչպես և փակ ու կիսափակ հաստատություններում գրանցված այլ մահերի պարագայում, մենք այդպես էլ չենք իմանա։ Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ կիրառվել է քրեական արդարադատության ամենակոշտ գործիքներից մեկը՝ ազատությունից զրկումը։ Եվ հենց այդ կետում պետությունն ուներ կարևոր պարտավորություն՝ ոչ թե խորացնել մարդու խոցելիությունը, այլ կանխել հնարավոր վտանգը։
Հասարակությունը մինչ այժմ չունի պատասխաններ, թե ինչ վիճակում է Արմեն Հովհաննիսյանը տեղափոխվել Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, ինչ եզրակացություն են տվել բժիշկները, ինչ հսկողություն է սահմանվել, և ինչու հնարավոր չի եղել կանխել նրա մահը՝ պետության անմիջական վերահսկողության տակ գտնվելու պարագայում։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայուն պրակտիկայի համաձայն՝ եթե անձը գտնվում է պետության փաստացի վերահսկողության ներքո, պետությունը կրում է նրա կյանքի իրավունքի պաշտպանության ապահովման ամբողջական պատասխանատվություն։ Այս պարտավորությունը հատկապես խիստ է, երբ խոսքը հոգեկան առողջության խնդիր ունեցող կամ ինքնավնասման ռիսկ ունեցող անձանց մասին է։
Այդպիսի դեպքերում պետությունը պարտավոր է գնահատել ինքնասպանության ռիսկը, ապահովել շարունակական հսկողություն, բացառել ինքնավնասման միջոցների հասանելիությունը, իրականացնել հատուկ պաշտպանական միջոցառումներ։
Եթե մարդը կարողացել է ինքնասպան լինել պետական հաստատությունում, դա առնվազն նշանակում է, որ համակարգը ձախողվել է, իսկ հանրային ընկալումներում դա նշանակում է, որ համակարգն ինքն է հասցրել մարդուն մահվան։
Այս ողբերգական դեպքը նորից ուշադրության կենտրոն բերեց նաև հոգեբուժական հաստատությունների նկատմամբ հանրային վերահսկողության խնդիրը Հայաստանում։ Տարիներ շարունակ իրավապաշտպան կազմակերպությունները ահազանգում են, որ հոգեկան առողջության հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները հաճախ ձևական են, իսկ արտաքին վերահսկողությունը՝ թույլ։
Հատկապես վտանգավոր է, երբ հոգեբուժական հաստատությունները վերածվում են փակ տարածքների, որտեղ մարդու իրավունքները դառնում են երկրորդական։ Իսկ երբ այս ամենը կատարվում է քաղաքական ներկայիս համատեքստում, արթնանում է նաև խորհրդային ոչ վաղ անցյալում գործած պատժիչ հոգեբուժության հիշողությունը, որտեղ հոգեբուժական համակարգի մի հատվածն օգտագործվում էր այլախոհներին, ակտիվիստներին, հավատացյալներին և իշխանությանը քննադատող մարդկանց ճնշելու համար։
Իհարկե ներկայիս Հայաստանը չի կարելի համեմատել Խորհրդային Միության հետ, սակայն սա մեզ պետք է հիշեցնի մի բան, թե որքան վտանգավոր կարող է դառնալ բժշկության և պետական ուժային համակարգի միաձուլումը։
Եվ այս համատեքստում Արմեն Հովհաննիսյանի մահը չի կարող մնալ հերթական ողբերգական դեպքերից մեկը, որը մի քանի օր քննարկվելուց հետո կկորչի քաղաքական աղմուկի մեջ։ Այս դեպքը չափում է պետության իրական վերաբերմունքը մարդու արժանապատվության, ազատության և կյանքի իրավունքի նկատմամբ։
Եվ եթե այս ողբերգությունից հետո հանրությունը կրկին չստանա հստակ պատասխաններ՝ ով և ինչ հիմքով որոշեց մարդուն զրկել ազատությունից, ինչպես է գնահատվել նրա հոգեկան վիճակը, ինչ վերահսկողություն է իրականացվել, և ինչու պետությանը չի հաջողվել կանխել նրա մահը, ապա այս դեպքը հանրային հիշողության մեջ մնալու է որպես պետության ձախողման և անպատասխանատվության խորհրդանիշ։
Զարուհի Հովհաննիսյան
MediaLab.am

