Սոցիալական աջակցությու՞ն, թե՞ խրախուսանք լավ սովորողերին.Ուսանողների աջակցության կառավարության 14-րդ միջոցառումը միանշանակ չի ընդունվել

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

Կորոնավիրուսի հաղթահարման կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից 14-րդը, որն ուղիղ առնչվում էր ուսանողությանը, դժգոհության առիթ է հանդիսացել։ 

Ուսանողներից ոմանք պնդում են՝ կառավարությունը խտրական մոտեցում է ցուցաբերում այն դեպքում, երբ պետք է սոցիալական աջակցություն ցուցաբերի նեղ դրության մեջ հայտնված ուսանողին, այլ ոչ թե խրախուսի միայն լավ սովորողներին:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին կառավարություն հայտարարեց այս ծրագրի մեկնարկի մասին՝ նշելով, որ աջակցություն կստանան ուսանողները: Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկացրեց նաեւ ՀՀ վարչապետը: 

Սակայն,  կառավարությունն աջակցությունն այս ծրագրում որոշ վերապահումներ ունի: 

Մասնավորապես, պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և օրդինատուրայի 90 և ավելի ՄՈԳ ունեցող և ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100 տոկոսով։ 

90 և ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75 տոկոսով։ 

Ավարտող ուսանողները, որոնք ուսվարձի պարտք չունեն, կարող են հրաժարվել աջակցությունից կամ ստանալ գումարը, եթե այն վճարվել է ֆիզիկական անձի կողմից։ 

Իսկ եթե ավարտող ուսանողի վարձը վճարվել է ուսանողական վարկի միջոցով, գումարը կուղղվի վարկի սպասարկմանը։ 

Բացի այդ, ուսանողական վարկերի տրամադրման ընթացակարգը կպարզեցվի։ 

80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների գործող և նոր տրվող վարկերի տոկոսները 2020 թվականի համար կզրոյացվեն՝ այդ թվում պետության կողմից հավատարմագրում ունեցող բուհերի ուսանողների համար։ Նույն ծրագրով 80-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն 5 տոկոսով, այսինքն՝ վարկերը հասանելի կլինեն 4 տոկոսով։

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը «Մեդիալաբին» ասում է՝ ուսանողությունը հիմնականում դժգոհ է կառավարության ցուցաբերող աջակցությունից, և գոհ են միայն նրանք, ովքեր ակամա համարվում են շահառու։ 

«Ամենասկզբում՝ դեռ ապրիլի 2-ին, կառավարությանն ուղղված պահանջի հիմքում ընկած է եղել սոցիալական աջակցություն տրամադրել այն ուսանողներին, որոնք կամ ում ընտանիքի անդամները տուժել են արտակարգ դրության պայմաններում», -ասում է Ափոյանը։ 

Կառավարությանը ուսանողներն առաջարկել են բոլորին անխտիր տրամադրել ֆինանսական օգնություն՝ մինչև 25 տոկոս չափով։ 

Այդ կապակցությամբ երիտասարդները Ֆեյսբուքում նույնիսկ ֆլեշմոբ են կազմակերպել՝ իրենց ֆեյսբուքյան գլխավոր լուսանկարներին փակցնելով «մինչև 25 տոկոս զեղչ ուսանողներին»։ 

Ափոյանի համար հասկանալի է՝ կառավարությունն այս ծրագրով խրախուսում է բարձր առաջադիմություն ցուցաբերող ուսանողներին, բայց, նրա խոսքով՝ խրախուսել կարելի է այլ պահի, այլ ժամանակներում, հիմա պետք է միայն սոցիալական աջակցություն տրամադրել։ 

Առայժմ հստակ չէ, թե որքան ուսանող կարող է հայտնվել կառավարության առաջարկած աջակցության թիրախում, Դավիթ Ափոյանի խոսքով՝ այդ շրջանակի ուսանողների թիվը չի կարող անցնել 500-ը։ 

«Ստացվում է՝ 14 հազար ուսանողներից կարող են աջակցություն ստանալ այդ մոտ 500 ուսանողները։ Ընդ որում, կան ուսանողներ, որոնք ֆինանսավորվում են հիմնադրամների կողմից՝ բարձր առաջադիմության համար։ Հետևաբար ստացվում է, որ կառավարության ծրագրի թիրախում հայտնվում են քիչ թվով ուսանողներ։ Այս իրավիճակում մենք պետք է խնդիր ունենանք ուսանողներին սոցիալական աջակցություն տրամադրել և ոչ թե խրախուսենք»,- նշում է ուսխորհրդի նախագահը։ 

Կառավարության հակաճգնաժամային 14-րդ միջոցառումը առանձնահատուկ ոգևորություն էր առաջացրել, մասնավորապես, ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի մոտ, որի շփումն այս օրերին ուսանողության հետ վիրտուալ է։ 

Նրա պնդմամբ՝ պետությունը պետք է խրախուսի լավ սովորող ուսանողներին, այդ իսկ պատճառով ինքը պաշտպանում է կառավարության այս միջոցառումը։ 

«Այո՛, պետության օժանդակությունը պետք է ուղղվի լավ սովորողներին։ Դա երկու կարևոր հարց է լուծում։ Վերջին տարիներին ուսանողները շատ վատ են հաճախում դասերի՝ նշելով, որ աշխատում են։ Եվ բացի այդ, Հարկային օրենսգրքի վերջին փոփոխությունից հետո ուսանողներն ավելի շատ են ձգտելու աշխատել, իսկ դրա արդյունքում, վստահ եմ՝ կրթության որակն է տուժելու։ Հետևաբար, այս պարագայում կառավարության այս նախաձեռնությունը հիանալի գործիք է լավ սովորող ուսանողներին խթանելու համար»,- «Մեդիալաբին» ասում է Դավիթ Պիպոյանը։

Հիշեցնենք՝ Հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությամբ՝ աշխատող ուսանողների եկամտահարկը վերադարձվում է իրենց՝ ուսման վարձի հետ կապված խնդիրը մեղմելու համար։ Ազգային ժողովն ընդունել էր օրենքը, և կառավարությունը շուտով մշակելու է համապատասխան կարգը, որի հիման վրա էլ սեպտեմբերից այն կսկսի գործել։

Դասախոսն ասում է՝ ինքը կողմ է, որ ուսանողն աշխատի, բայց Հայաստանում աշխատող ուսանողների հեռավար կրթություն ստանալու մեխանիզմները չեն գործում, և արդյունքում դասախոսն անընդհատ փորձում է ընդառաջ գնալ ուսանողներին։ 

«Չգիտես ինչու, աշխատող ուսանողներին հասկանալու, նրանց դրության մեջ մտնելու ֆունկցիան անընդհատ դրված է դասախոսի վրա։ Չսովորող ուսանողներին ոչ միայն չպետք է օգնի պետությունը, այլև դասախոսներին նույնիսկ պետք է փոխհատուցի։ Հավատացե՛ք, լսարան մտնող ոչ մի մարդու համար հաճելի չէ նստել ամիսներով կուրս մոդեռնիզացնել ու պարզվի՝ լսարանում մի քանի հոգու է հետաքրքիր», – նշում է Դավիթ Պիպոյանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կառավարության հակաճգնաժամային 14-րդ միջոցառման վերաբերյալ դժգոհություններին այս պահին չեն արձագանքում։

«Որոշման կետերը քննարկման փուլում են, ընդունումից հետո կտրվի պատշաճ պարզաբանում»,- ի պատասխան «Մեդիալաբի» հարցման, տեղեկացրել են  ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունից։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am