Ակցիզային հարկի բարձրացմամբ՝ Կառավարությունը բյուջեն լցնելու խնդիր է լուծում, քանի որ բյուջեն ունի լուրջ պակասուրդ. Հրանտ Միքայելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը

– Պարո՛ն Միքայելյան, Կառավարությունը հունիսի 11-ի նիստում ընթացք է տվել օրենսդրական նախաձեռնության, որով առաջարկվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Ի՞նչ է սպասում սպառողներին, եթե ԱԺ-ն այս նախաձեռությունը հաստատի:

– Եթե այս նախաձեռնությունը ստանա օրենքի ուժ, ապա կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը: Այս պահին Կառավարությունն ունի հետևյալ խնդիրը. բյուջեն ունի լուրջ պակասուրդ, ինչն ավելացել է վերջին ժամանակներում Կառավարության սահմանած նոր սոցիալական պարտավորությունների դաշտում, իհարկե, նախընտրական փուլում ևս Կառավարությունը նոր պարտավորություններ ստանձնեց: Դա ևս բյուջեի պակասուրդի պատճառ է, որովհետև չնախատեսված ծախսերը ՝ կենսաթոշակի բարձրացումը, առողջության պարտադիր ապահովագրությունը ու մյուս այն գործողությունները, որոնք, կարելի է ասել, նախընտրական բնույթ ունեին, հանգեցրել են այս փաստին, ու այս պահին այդ ծախսը կա, ու ինչի՞ հաշվին պետք է բարձրանան պետության եկամուտները, դե, առաջինը հենց սա են դիտարկել: 

Կարծում եմ, որ շուտով կբարձրանա նաև վիճակախաղերի վրա տուրքը, թեև այս իշխանությունում կան այդ ոլորտի լոբբիստներ, ու հենց այս պատճառով է շատ բան ձգձգվում, որովհետև կա այս ոլորտի հետ կապված լուջ խնդիր՝ խաղադրույքների լուրջ աճը, բայց, այնուամենայնիվ, դրան կհասնեն: Իհարկե, վերոնշյալները առաջնային օգտագործման ապրանքներ չեն, բայց պարզ է, որ բենզինն ու դիզվառելիքը թանկանալուց հետո շղթայաբար բարձրանալու են նաև այլ ապրանքների գները: Այսինքն, ակցիզային հարկի բարձրացմամբ Կառավարությունը բյուջեն լցնելու խնդիր է լուծում: 

– Այսինքն՝ ակցիզային հարկի բարձրացմամբ Կառավարությունը, ըստ էության, փորձում է լրացնել բյուջեի պակասուրդը, սակայն դրա հետևանքները կարող են անմիջականորեն զգալ նաև քաղաքացիները՝ գների շղթայական աճի տեսքով։ Տնտեսության համար լրացուցիչ հարված կարող է դառնալ նաև ռուսական նոր սահմանափակումը։ Նախօրեին հայտնի դարձավ, որ «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 12-ից արգելել է Հայաստանից բուսական ծագման ամբողջ կարանտինային արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև Հայաստանի տարածքով վերաարտահանվող նման ապրանքների մուտքը Ռուսաստան: Այս արգելքը Հայաստանի տնտեսության վրա ի՞նչ ազդեցություն է ունենալու:

– Եթե այդ արգելքը պահպանվի այս ամբողջ սեզոնի համար, ապա սա ունենալու է կործանարար հետևանք գյուղատնտեսության համար, որովհետև այս պայմաններում նոր շուկա գտնելը դժվար է: Մենք նման արգելքների հետևանքները տեսել ենք Վրաստանում, որտեղ գյուղատնտեսությունը մինչև հիմա չի վերականգնել 2003 թվականի մակարդակը, Հայաստանի համար ևս նման հետևանք կարող է լինել, մանավանդ որ վերջին տասնամյակների ընթացքում մենք հենց բուսաբուծության ոլորտում ունենք խնդիրներ՝ պայմանավորված կլիմայական պատճառներով ու նաև պետության անուշադրության պատճառով, իսկ հիմա այս արգելքը լրացուցիչ հարված կլինի, քանի որ Ռուսաստանն արտահանում է Հայաստանում արտադրված բուսաբուծական ապրանքների մոտավորապես 15-25%-ը, որը քանակապես այդքան էլ մեծ կշիռ չէ, բայց եկամուտների տեսանկյունից բավականին զգալի է: 

Կա՛մ պետությունը ու գործարար համայնքը կարողանում են փոփոխություն մտցնել, օրինակ՝ տարբեր վերամշակման գործիքներով այդ նույն ապրանքը մթերել, ու ոլորտը ֆինանսապես այս սեզոնը հաղթահարում է, կա՛մ ոչինչ չեն անում, գյուղատնտեսությունը տուժում է, գյուղացիներն էլ սկսում են արտագաղթել: 

Պետությունն ունի գործիքակազմ, ինչն իհարկե էժան չի լինելու, բայց ամեն դեպքում դա պետքական է, անկախ նրանից՝ Ռուսաստանն արտահանում է, թե չէ, վերամշակման աստիճանը բարձրացնելը շատ կարևոր է: Շատ բան կախված է լինելու պետության ու գործարար համայնքի քայլերից: 

– Պարո՛ն Միքայելյան, իշխանությունները հավաստիացնում են, թե եվրոպական շուկան բաց է, տնտեսության համար խնդիր չի լինելու, այնուամենայնիվ, դուք ներկա պահին դա որքանո՞վ եք իրական համարում, կարո՞ղ է այդ այլընտրանքը ապահովել այն արդյունքը, ինչ տնտեսությունը ունենում էր մինչև Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների այս լարվածությունը:

– Ես կարծում եմ, որ այդ այլընտրանքը չի կարող նույնությամբ աշխատել, որովհետև եվրոպական շուկան շատ մրցունակ է, ոչ տարիֆային սահմանափակումներով լի, ու կա լոգիստիկայի խնդիր: Իշխանության հայտարարությունները միայն լոգիստիկ խնդրի մասին են, մյուս խնդիրները չեն նկատում, մտածում են կամ հույս ունեն, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կհաղթահարվի այդ երկու հանգամանքը, ու կմնա միայն լոգիստիկ խնդիրը: Բայց դա քիչ հավանական է, որովհետև լոգիստիկայի խնդիր է գումարվում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am