«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը
– Տիկի՛ն Ղազարյան, ձեր գործընկեր Ալեն Սիմոնյանի հետ համատեղ օրենքի նախագիծ եք մշակել, որը վերաբերում է Հայաստանի ՀՀ դրոշին: Կառավարությունը օրերս նախագիծն ուղարկեց լրամշակման: Ի՞նչ փոփոխություններ եք առաջարկում նախագծով, ի՞նչ խնդիր էր նկատել Կառավարությունը:
– Նախագծի հիմնական նպատակն այն է, որ Հայաստանի բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ տեղադրվի Հայաստանի պետական դրոշը, ինչը շատ կարևոր ու խորհրդանշական նշանակություն ունի ազգային ինքնագիտակցության բարձրացման, կրթական ու այլ առումներով:
Մենք քարոզարշավի ընթացքում, երբ շրջեցինք Հայաստանի մարզերով, հասկացանք, որ ոչ մի տեղ չկա Հայաստանի դրոշը: Վարչական շրջաններն առանձնացված են մուտքերով, բայց դրոշ ոչ մի տեղ չենք նկատել ու որոշեցինք, որ շատ ավելի լավ ու խորհրդանշական կլինի, որ մեր պետական դրոշը տեղադրված լինի հիմնական մուտքերի մոտ:
Կառավարության նկատած խնդիրները ձևակերպումերի հետ էին կապված՝ բնակավայրեր, վարչական շրջան։ Վարչական շրջան ասելով հիմնականում հասկանում են Երևանի վարչական շրջանները, բայց համայնքներում ներառված գյուղերը կոչվում են բնակավայրեր: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում ենք նաև փոփոխություն կատարել, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինները հետևեն դրոշի տեղադրման, խնամքի, բարձրացման, իջեցման ու մյուս կարգերի հետ կապված ընթացքին, այսինքն՝ այդ ամենը անելու է տեղական ինքնակառավարման մարմինը: «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի հիմնական նպատակը սա է ու այն չի ենթադրում ձևի կամ դիզայնի հետ կապված փոփոխություն:
– Իսկ ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ Հայաստանի պետական դրոշը մինչ այժմ տեղադրված չի եղել քաղաքային և գյուղական բնակավայրերի վարչական սահմաններին:
– Այս հինգ տարվա ընթացքում, ինչ պատգամավոր եմ, անընդհատ այդ հարցի մասին խոսել ենք, մի քանի տարի առաջ էլ այլ նախագիծ շրջանառվեց, որովհետև դպրոցներում ու այլ պետական հիմնարկներում պատշաճ տեղադրված չէ դրոշը, ու առհասարակ մեր պետական խորհրդանիշները շատ քիչ են օգտագործվում, ինչը վատ է: Շատ քիչ տեղերում ենք հանդիպում պետական դրոշ, ինչը բացասաբար է ազդում մեր ազգային ինքնագիտակցության վրա:
Այսօր արդեն իրականություն է այն, որ դպրոցներում ու պետական այլ հիմնարկներում Հայաստանի պետական դրոշը կա, փոփոխություն եղավ օրհներգի վերաբերյալ, ինչը կրկին արժևորման նպատակ էր հետապնդում: Հիմա հարց ունեինք դրոշը համայնքներում հնարավորինս շատ տեսնելու ու որոշեցինք այդ նախագծով հանդես գալ, որ բոլոր վարչական տարածքներն էլ իրենց մուտքերում ունենան ամրացված Հայաստանի պետական դրոշը: Այս ամենը միտված է պետական խորհրդանիշների արժևորմանը:
– Տիկի՛ն Ղազարյան, եթե ՏԻՄ-երը օրենքին չհետևեն, ապա ի՞նչ պատիժ եք նախատեսել դրա համար, թե՞ պատիժ չի ենթադրում:
– Դրոշի վերաբերյալ հսկողություն իրականացնող մարմինը արդեն իսկ ունի պատժի վերաբերյալ որոշում, հետևաբար դա մենք չենք արել, իսկ օրենքի պահանջը չկատարելն արդեն տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի պատասխանատվությունն է ենթադրում:
– Նախագիծն ա՞յս նստաշրջանում կներկայացվի Ազգային ժողով, թե՞ արդեն կմնա աշնանային նստաշրջանում:
– Հուլիսի 2-ի արտահերթ նիստի օրակարգում կլինի նախագիծը, վաղն այն ներառելու ենք հանձնաժողովի օրակարգում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















