«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը
– Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել, որով դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով հրապարակայնորեն հայտնել իր դիրքորոշումը Ադրբեջանի առաջ քաշած մեղադրանքների վերաբերյալ, որոնք առնչվում են 2020 թվականի պատերազմի պլանավորմանը, նախապատրաստմանը և վարմանը։ Պարո՛ն Ղուկասյան, ձեր գնահատմամբ արձագանքելո՞ւ է Փաշինյանը:
– Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն այս ուղերձին արձագանքի, որովհետև նրա բազմաթիվ ելույթներից իր դիրքորոշումն այս հարցում մեզ հայտնի է: Նրա այդ դիրքորոշումը բաց է թողնում հարցը՝ արդյոք դիտավորություն կա՞ր Փաշինյանի քայլերի մեջ 2020 թվականի պատերազմին ընդառաջ դիվանագիտական ոլորտում, որոնք հնարավորություն տվեցին Ադրբեջանին Արցախի խնդիրը դիվանագիտական ոլորտից տեղափոխել ռազմական ուժի գործադրման ոլորտ:
Այս հարցադրումը խիստ ձեռնտու չէ Փաշինյանին, որովհետև դա ակնհայտ է ու փոխկապակցված է քաղաքական, բարոյական ու իրավական պատասխանատվության հետ՝ առաջին հերթին մեր քաղաքացիների առաջ, որոնք զոհվեցին այդ պատերազմում, երկրորդը՝ Արցախի մեր հայրենակիցների առջև, որոնք հայտնվեցին հարվածի տակ: Սա է պատճառը, որ իմ կարծիքով Փաշինյանն այս ուղերձը անպատասխան կթողնի:
Ուղերձից պարզ է, որ Արցախի ղեկավարությանը մեղադրում են պատերազմ հրահրելու մեջ, ու դա առնչվում է նաև Հայաստանի ղեկավարությանը: Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է այս դատական գործով Արցախի դեմ ագրեսիա իրականացնելու պատասխանատվությունը իր վրայից թոթափել ու դնել Հայաստանի ու Արցախի վրա: Ելնելով այսօրվա քաղաքական ենթատեքստից՝ ինձ թվում է, որ Ադրբեջանն այդ խաղաքարտը հիմա չի օգտագործի Փաշինյանի դեմ, որովհետև Փաշինյանը Ադրբեջանի խոսնակի դերակատարությունն է ստանձնել Հայաստանում, ու հենց նրա միջոցով են ադրբեջանական բոլոր նարատիվները մտնում մեր տեղեկատվական դաշտ, ու նրա շուրթերից ենք հիմա մենք լսում այն, ինչ տարիներ շարունակ պնդում էին Ադրբեջանի ղեկավարները, որ Արցախի բնակչությունը չունի ինքնորոշման իրավունք, որ Արցախի ազգային-ազատագրական պայքարը սեպարատիզմ է և այլն:
Փաշինյանին ձեռնտու չեն այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են պատերազմն սկսելուն, դրան հաջորդած զարգացումներին, մենք դա տեսանք, երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ Արթուր Օսիպյանը նմանատիպ հարցեր ուղղեց Փաշինյանին ու ինչ արձագանք ստացավ:
-Պարոն Մանուկյանի ուղերձից տպավորություն է ստեղծվում, որ կա լուրջ հակասություն իշխանությունների հայտարարությունների և Բաքվի բանտերում գտնվող անձանց զգացողությունների միջև։ Իշխանությունները վստահեցնում են, որ անում են հնարավոր ամեն ինչ նրանց վերադարձի համար, մինչդեռ Դավիթ Մանուկյանն ասում է, որ իրենք այնտեղ չեն զգում Հայաստանի ներկայությունը։ Ձեր կարծիքով՝ այս հակասությունը ինչպե՞ս պետք է բացատրել։
– Իմ կարծիքով Հայաստանի ղեկավարությունը ոչ մի քայլ չի անում Արցախի ղեկավարությանը, ինչպես նաև մյուս գերիների մասով Բաքվի բանտերից դուրս բերելու համար, իսկ դա Ալիևի նախապայմաններից մեկն է, որը Փաշինյանն անշեղորեն կատարում է: Նա չի կարող սա ազնվորեն խոստովանել, դրա համար էլ նման անորոշ հայտարարություններով փորձում են այդ բացը փակել:
Ակնհայտ է, որ երբ անցյալ տարի Վաշինգտոնում խաղաղության պայմանագիրն էին նախաստորագրում, շատ հարմար պահ էր, որ Հայաստանը կարող էր այդ պահանջը որպես նախապայման առաջ քաշել ու առանց դրա կատարման չկատարեր պայմանագրի նախաստորագրումը: Սա չարվեց, ինչը վկայում է, որ Ալիևի ու Փաշինյանի միջև գոյութուն ունեն այնպիսի պայմանավորվածություններ, որոնք բացառում են նման հնարավորություններ Հայաստանի համար:
– Պարո՛ն Ղուկասյան, ասացիք, որ Ալիևը հիմա Փաշինյանի դեմ չի օգտագործի այդ խաղաթուղթը, ի՞նչ նկատի ունեիք:
– Նկատի ունեմ, որ Ադրբեջանի ներկայացրած մեղադրանքը Արցախի ղեկավարության շրջանակներից դուրս չի գա, այսինքն՝ դա չեն ներկայացնի նաև Փաշինյանի ու ՔՊ-ի դեմ, որքան էլ Հայաստանի ղեկավարությունն առնչություն ունի, որովհետև, ինչպես ուղերձում է ասում Դավիթ Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանն է եղել գերագույն գլխավոր հրամանատարը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















