«Քոչարյանը մնաց մի քանի տասնյակ երգիչների եւ գործիչների հետ, այ դա նրա անձնական ողբերգության ամենադառը էջերից մեկն է». Խզմալյան

«Քոչարյանը մնաց մի քանի տասնյակ երգիչների եւ գործիչների հետ, այ դա նրա անձնական ողբերգության ամենադառը էջերից մեկն է». Խզմալյան
«Քոչարյանը մնաց մի քանի տասնյակ երգիչների եւ գործիչների հետ, այ դա նրա անձնական ողբերգության ամենադառը էջերից մեկն է». Խզմալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը

– Պարո՛ն Խզմալյան, մշակույթի գործիչների անունից տարածվեց հայտարարություն, որով նրանք պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն ու ազատ արձակել նրան։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ գործընթացին։

– Ես կարծում եմ, որ չարախնդալ պետք չէ, որովհետև ի վերջո ցանկացած գթասրտություն, ում կողմից էլ լինի և ում էլ ուղղված լինի, հարգանքի արժանի է։ Բայց հետո սկսվում են մանրուքները, իսկ մանրուքներում, ինչպես հայտնի է, միշտ թաքնվում է սատանան։ Բանն այն է, որ մենք ապրում ենք բարդ ու բազմաշերտ աշխարհում։ Նույն օրերին երկիրը ցնցված է մեզ համար ամենացավալի ու զգայուն ոլորտում տեղի ունեցած խայտառակությամբ՝ նկատի ունեմ 101 երեխաների ապօրինի որդեգրման դեպքերն ու դրանց վերաբերյալ քրեական գործը։

Դա առևանգում է, մանկավաճառություն է։ Եվ մի կողմից մենք բոլորս հասկանում ենք, որ սա սկսվել է շատ վաղուց և չէր կարող կատարվել առանց ամենաբարձր հովանավորության։ Նման բան անհնար էր առանց ուժային հատուկ ծառայությունների, ոստիկանության համաձայնության, այսինքն՝ առանց նախագահական համակարգի։ Այն, որ մշակույթի գործիչները չեն խոսում այս մասին, շատ ծանր տպավորություն է թողնում։ Այսինքն՝ որտե՞ղ է ձեր գթասրտությունն այս դեպքում։ Իսկ ես վստահ եմ, որ շատ շուտով կբացահայտվի, որ այս գործի արմատները տանում են հենց քոչարյանական ժամանակներ։

Երկրորդ՝ ինքս մասնագիտությամբ կինոռեժիսոր եմ, այդ ցուցակում կան նաև ռեժիսորներ, և ես զարմացա, թե ինչպես է ռեժիսորը ստորագրում մի բան կամ հրապարակային իր համակրանքն է հայտնում մի մարդու, որը բառացիորեն սպանել է հայկական կինոն։ Ե՛վ «Հայֆիլմ», և՛ «Երևան» կինոստուդիան, որը ես պատիվ ունեի գլխավորելու, վաճառվեցին և լուծարվեցին հենց նրա անձնական հրամանով՝ 2004 և 2005 թվականներին։

Երրորդ հանգամանքն այն է, որ դրանով մի յուրահատուկ մարտահրավեր է նետվում, այսինքն՝ մշակույթը բաժանվում է երկու մասի՝ նրանց, ովքեր ստորագրել են կամ կուզեին ստորագրել, բայց չեն համարձակվում և մնացածների։ 

Ստալինը մի առիթով, երբ իրեն հարցրել էին, թե ինչո՛ւ են իրեն փառաբանում ամենաթույլ ու անտաղանդ գրողները, ասել էր՝ ուրիշ գրողներ ես ձեզ համար չունեմ։ 

Փաստորեն Քոչարյանը չունի ուրիշ երգիչներ։ Այդ ստորագրած ցուցակում ճնշող մեծամասնությունը երգիչներ են, մի յուրահատուկ երգչախումբ է ձևավորվել։ Նվագախմբի տղաները և աղջիկներն են, նրանցից մեկ-երկուսն անգամ անցնում են որոշ քրեական գործերով։ 

Այս ամենը մեծ կասկածներ է առաջացնում դրա՝ ինչպես անհրաժեշտության, այնպես էլ անկեղծության հարցում։ Մարդիկ, որոնք ստորագրել են, երևի հասկանում էին, որ որոշակի ռիսկի են գնում։ Եվ ինչ-որ տեղ ես հարգում եմ գոնե այն, որ իրենք չթաքնվեցին։ Ավելի զզվելի են նրանք, ովքեր լիուբոլ օգտվեցին և հիմա ուրացան։

Բայց ամենաահավորն այստեղ այն հատվածն է, որտեղ կա Մարգարիտա Սիմոնյանի, Ռոման Բաբայանի, Տիգրան Քեոսայանի անունները։

– Այդ մարդիկ տարիներ շարունակ սպասարկել են ռուսական շահը, հօգուտ Ռուսաստանի են քարոզչություն անում, պատահակա՞ն է, որ նրանք սատարում են Քոչարյանին։

– Ես կարծում եմ, որ այս մարդկանց անունների առկայությունն այս ցուցակում արդեն դատավճիռ է։ Մի քանի երգիչ-երգչուհիների հարցը, որոնց անունը շատ քչերը գիտեն, այդքան էլ էական չէ։ Բայց այն, որ ֆաշիստական գաղափարախոսության գլխավոր ջատագովներն են ստորագրել, նրանց թվում՝ չարաբաստիկ Մարգարիտա Սիմոնյանը, պատահականություն չէ։ 

Հենց այդ կինը երեք օր առաջ չթաքցված հեգնանքով, մաղձով ու թույնով խոսում էր ԱՄՆ Սենատի մասին՝ բոլորովին անհասկանալի ու անմեղսունակ բառապաշարով։ 

Հիմա այն, որ այդ կինն ու իր ամուսինը, ինչպես նաև Ռոման Բաբայանը, որը 100 հազար դոլարով ֆիլմ նկարեց Քոչարյանի մասին, որ նրանք են ստորագրել դա, սա արդեն բոլորովին փոխում է իրավիճակը և դարձնում է թույլ և ծիծաղելի մի գործիք՝ արդեն Հուդայի նամակի և 30 արծաթի արժանի։

Նրանք իսկապես հայոց պետականության, հետևաբար, հայ ժողովրդի իրական թշնամիներ են, և այստեղ հենց հին հռոմեական օրենքն է՝ ասա ով է ընկերդ, և ես կասեմ՝ ով ես դու։ 

Փաստորեն ո՞ւմ հետ մնաց Ռոբերտ Քոչարյանը՝ Մարգո Սիմոնյանի, Ռոման Բաբայանի և մի քանի տասնյակ երգիչների հետ։ Այ դա, իմ կարծիքով, նրա անձնական ողբերգության ամենադառը էջերից մեկն է։ 

Նրա իրական պատիժը ոչ թե այն տարիներն են, որ նա կանցկացնի կամ չի անցկացնի բանտում, էական չէ, այստեղ էական են այն զզվանքն ու ատելությունը, որը նա առաջացրեց իր ազգակիցների մոտ։ 

Մյուս կողմում՝ այն խղճուկ ու ողորմելի անձինք են, որոնք պաշտպանում են Քոչարյանին, ահա դա դատավճիռ ու վերջնական մահաբեր ախտորոշում է։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am