Շոտլանդական ազգային տարազով, կանաչ, կապույտ, կարմիր և դեղին զոլավոր զանկապաններով, վանդակավոր կիլտով (տղամարդու փեշ) և սև ազգային գլխարկով 49-ամյա շոտլանդացի Ջոնաթան Ֆերաբին հպարտ զբոսնում է Երևանի փողոցներում:
Նրա խրոխտ ու շոտլանդացի հին պատմական հերոսներին հիշեցնող կեցվածքը չի վրիպում ոչ մի անցորդի ուշադրությունից:
Ոմանք զարմանքով են նայում նրան, ոմանք ծիծաղում են կողքով անցնելիս, ոմանք էլ ժպտում են ու խնդրում լուսանկարվել իրենց հետ:
Շոտլանդացի Ջոնաթանը արդեն 3 ամիս է, ինչ ապրում է Երևանում: Առաջին անգամ է այցելել Հայաստան, եկել է ժամանակավորապես աշխատելու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակում (ԵԱՀԿ)՝ որպես ադմինիստրատոր:
Այս 3 ամիսների ընթացքում հասցրել է ոչ միայն ուսումնասիրել հայկական մշակույթն ու այցելել բազմաթիվ պատմամշակութային վայրեր, այլև մասնակցել տարբեր արշավների, իսկ պարապլաներիզմով զբաղվող հայ մի շարք երիտասարդների, խմբերի հետ էքստրեմալ օրեր անցկացնել:
«Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս, սիրում եմ արշավների գնալ, զբաղվել պարապլաներիզմով ու հանգստյան օրերս փորձում եմ միշտ այդպես անցկացնել: Առաջին բանը, որ գալուս պես արեցի, անմիջապես գտա Հայաստանում պարապլաներիզմով զբաղվող խումբ: Շատ եմ սիրում սարեր, պարապլաններով սավառնել, արշավներ, որսորդություն»,- ասում է Ջոնաթանը:
Մինչ Հայաստան այցելելը արկածասեր շոտլանդացին Հայաստանի պատմության մասին որոշ բաներ լսել և տեղեկացել է դեռևս իր տատից, ով պատմել է նրան մասնավորապես Հայոց ցեղասպանության մասին: Պատմամաշակությաին վայրերից արդեն այցելել է Խոր Վիրապ, Գառնի, Գեղարդ, Սևան, Նորավանք, Արենի, Դիլիջան և այլն:
«Ես այստեղ վայելում եմ և ուսումնասիրում քաղաքի մշակույթը: Հաճախ եմ այցելում բալետ կամ օպերա, լսում դասական երաշտություն, ես իրոք հիացած եմ: Դուք հոյակապ օպերա ու բալետ ունեք, հատկապես «Գայանե» բալետը ֆանտաստիկ է: Շատ եմ սիրում նաև հին շինություններն ու ճարտարապետական կառույցները, բայց նոր շինություններն ինձ այնքան էլ դուր չեն գալիս, մանավանդ Հյուսիսային պողոտան՝ ամբողջովին դատարկ ու սարսափելի: Իսկ կանաչ տարածքները, ցավոք, շատ քիչ են քաղաքում»,- ասում է Ջոնաթանը:
Սերբերեն, ֆրանսերեն, անգլերեն, ալբաներեն և որոշ չափով ռուսերեն իմացող շոտլանդացի Ջոնաթանը արտասանում է հայերեն մի քանի բառ, որ սովորել է այս երեք ամսվա ընթացքում, և խոստովանում, որ հայերենը բարդ լեզու է:
«Հայերը շատ հյուրասեր և ընկերասեր մարդիկ են, նրանք ինձ դուր են գալիս և շատ հեշտ է նրանց հետ շփվել: Ես լավ հայ ընկերներ ունեմ, որոնք նաև աշխատավայրում են,- ասում է Ջոնաթանը: – Երբ մարդիկ փողոցում ինձ տեսնում են շոտլանդական ազգային տարազով, շատերն են ուզում նկարվել ինձ հետ, շատերն էլ տեսնելիս ծիծաղում են, դե, որովհետև սա խիստ տարբեր է իրենցից»:
Նա ցույց է տալիս ազգային տարազի մաս կազմող աքսեսուարները՝ մեջքից կախված փոքրիկ պայուսակը, զանկապանի մեջ դրված փոքրիկ թուրը և պատմում ժամանակին շոտլանդացիների համար դրանց կարևորության ու արժեքի մասին:
«Ամեն օր իհարկե չեմ կրում այս հագուստները: Եթե աշխատանքի եմ գնում, բնականաբար, կոստյումով եմ, եթե արշավ կամ պարապլանով թռչելու, ապա տաբատ ու բութսիներ, իսկ լավ արևոտ եղանակին, երբ դուրս եմ գալիս պարզապես զբոսնելու, հագնում եմ իմ սիրելի այս տարազը»,- ասում է Ջոնաթանը և հավելում, որ ունի մի քանի տեսակ ազգային կիլտեր, բաճկոններ, պիջակներ ու զանկապաններ:
Նա կարծում է, որ ազգային տարազ կրելիս մարդ այդ կերպ հարգանք է տածում դեպի իր հայրենիքը, իր երկրի պատմությունը, բայց նախևառաջ սա համարում է անձնական որոշում:
«Իմ եղբայրը, օրինակ, երբևէ չի կրել ու չի կրում նման հագուստ, և բազմաթիվ շոտլանդացիներ կան, որ չեն հագնում: Սա, իհարկե, անձնական որոշում է ու անհատական մոտեցում: Ինձ համար սա շատ կարևոր է, և ես իսկապես սիրում եմ հագնել»,- հավելում է շոտլանդացին:
Եվս մեկ ամիս Հայաստանում անցկացնելուց հետո նա կվերադառնա Կոսովո, որտեղ ապրում էր նախքան Հայաստան գալը: Հայաստանում այժմ նա միայնակ է ապրում, չունի ընտանիք ու երեխաներ և իրեն համարում է «կյանքում երկարաժամկետ զինծառայող», թեև ժամանակին իսկապես զինծառայող է եղել, այնուհետև թողել:
Շոտլանդացի Ջոնաթանը, ով շրջագայել է աշխարհի բազմաթիվ երկրներում, հաղթահարել շատ և շատ լեռնագագաթներ, վայելել բնության հրաշալիքները տարբեր մայրցամաքներում, այժմ մեկ ցանկություն ունի:
«Ուզում եմ անպայման բարձրանալ Արարատ լեռը ու իմ պարկապզուկով մի շոտլանդական երգ նվագել: Թեև կուզեի հայկական երաժշտություն սովորել ու նվագել այն Արարատի գագաթին»,- ասում է Ջոնաթանը ու ժպտալով հայացքն ուղղում դեպի Արարատը:
Լիլիթ Առաքելյան
Լուսանկարները` Կարապետ Սահակյանի
© Medialab.am