Տղա ունեցողին` հալվա, գաթա, իսկ աղջիկ ունեցողին` մկան ծերտ. տղա զավակ ունենալու մոլուցքն արդիական է մինչ այսօր

«Յոթը որդով սեղան նստես». այս հին հայկական ասացվածքն արդիական է նաև այսօր, քանի որ հիմա էլ հայերի համար մեծագույն ուրախություն է տղա երեխա ունենալը:
29-ամյա Մայա Մարգարյանը յոթ տարի առաջ առաջնեկին աբորտ է արել. «Ամուսինս տղա էր ուզում»,- ամուսինները վեց տարի միասին են ապրել, բայց Մայան այլևս չի հղիացել:
Մայան շատ է ափսոսում. «Գիտեի, որ վտանգավոր ա առաջնեկի աբորտը, բայց…»
Նրա նախկին ամուսինը, ով «տղա էր պատվիրել», հիմա ամուսնացել է ուրիշ կնոջ հետ, որից մեկ տարեկան աղջիկ ունի:

Ազգագրագետ Թամարա Զաքարյանն ասում է, որ տղա ունենալու անհագուրդ ցանկությունը տոհմը, ազգանունը շարունակելու մտահոգությունից է գալիս:

Նա հիշեցնում է հին հայկական ասացվածքները`«Աղջկա տերը դունչը հուփ կուտա», այսինքն` դժբախտության, շփոթմունքի նշան է դունչը հուփ տալը:

Իսկ «Յոթը որդով սեղան նստես» ասացվածքը հնչում էր որպես օրհնանք և խորհրդանշում հարստության և գերդաստանի ուժը. «Հողագործական երկիր է եղել, և տղա երեխան ծնվել է հորն օգնելու համար, իսկ աղջիկն ուտող էր, ոչ թե գութան բռնող»,- ասում է Զաքարյանը:

Ավելի ապահով ընտանիքներում տղա ունենալու ցանկությունը իրենց ունեցվածքն ուրիշին չտալու ավանդույթն է եղել:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անահիտ Սեյրանյանը պատմում է, որ հիմա էլ, երբ հիվանդանոցի բակում սպասող հարազատները իմանում են, որ տղա են ունեցել, շատ են ուրախանում:

«Հպարտանում են, բայց էնպես չի, որ աղջիկ ունեցողները տխրում են, սերունդը բավականին փոխվել է, ավելի հանգիստ են մոտենում երեխայի սեռին»,- ասում է նա:

Նա պատմում է, որ լինում են դեպքեր, երբ սկեսուրը հարսին բերում է ու պահանջում օգնել տղա ունենալու:

«Ես նրանց դռան տեղն եմ ցույց տալիս»,- ասում է բժշկուհին:

Սեյրանյանը վստահ է, որ ոչ մի միջոց չկա կանխավ որոշելու երեխայի սեռը, իսկ աբորտին կտրականապես դեմ է:

Բժիշկը բացատրում է, որ երեխայի սեռը կնոջ հետ ոչ մի կապ չունի, այն կախված է բացառապես տղամարդուց:

«Թող զուր տեղն իրենց մեղքը կանանց վրա չբարդեն»,- ասում է նա:

Իսկ «աղջիկ բերելու» մեղքը դեռ շատ վաղուց են տղամարդիկ կնոջ վրա «գցել», Վան-Վասպուրականի հնամենի խաղիկներից մեկում նման դրվագ կա, որտեղ երկու ծննդկան կանանց ուտելիք են առաջարկում. տղա ունեցողին` հալվա, գաթա, աղջիկ ունեցողին` մկան ծերտ:

«Հայ գեղջկուհու համար ծանր հոգս է եղել աղջիկ երեխա ունենալը, աղջիկ ունենալը անեծք է համարվել»,- պատմում է բանագետ Սվետա Վարդանյանը:

Նա ասում է, որ հայկական օրորոցային երգերում պահպանվել են աղջիկ երեխայի հանդեպ նահապետական հայ ընտանիքի ժխտողական վերաբերմունքը և տղաների մեծարումը` որպես օջախի սյան:

«Որոշ երգերում մայրը դառնությամբ է օրոր ասել աղջիկ երեխային, 1890-ական թվականներին բանահավաք Գևորգ Շերենցը մի օրոր է գրառել, որտեղ մայրը երեխային օրոր է ասում նման բառերով.

Նա~-նա~-նա~, նաներ լաճիկ,

Գրողը գեյր տաներ աղջիկ,

Տերտերը գեյր հողեր աղջիկ,

Աղջիկ հող, հողն ի վերեն,

Նեկ տապանիկ` սալն էլ վերեն,

Ոչ մեկ մարդ կուլեր վերեն:

«Կարևորն առողջ երեխա ունենալն է»,- համարում է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գինեկոլոգ Մարիամ Հակոբյանը, նա ուրախ է, որ մեր ժողովուրդը մոռացել է նման օրորները:

«Աղջիկ ունենալուց էլ լա՞վ բան»,- զարմանում է նա:

Սակայն գինեկոլոգ Հակոբյանը գիտի` ինչպես օգնել տղա զավակ ունենալ ցանկացողներին: Նա ասում է, որ կան չինական և ճապոնական օրացույցներ, որոնցով կարելի է հաշվարկել և իմանալ երեխայի սեռը. «Հավանականությունը կազմում է 75 տոկոս, ես շատ եմ փորձել հաշվել, և, պատկերացրեք, հազվադեպ է սխալ դուրս եկել»:

Այդ օրացույցները կախված են կնոջ տարիքից և բեղմնավորման ամսից:

Արու տղայի մոլուցքով հայերից ավելի շատ տառապում են հոլանդացիները, չինացիները:

Բժշկուհի Հակոբյանը պատմում է, որ ինքը միշտ հետևում է արևմտյան պրոֆեսորների բժշկական նորամուծություններին:

«Եթե զույգն ուզում է տղա զավակ ունենալ, ապա կինը պետք է երեք ամիս առաջ սկսի սննդակարգում ավելի շատ կծու, թթու օգտագործել, իսկ ամուսինը պետք է գոլ ջրով լողանա և թույլ անդրավարտիք և տաբատ հագնի»,- «Մեդիալաբին» ասում է Հակոբյանը:

Հինգ երեխայի մայր Գայանե Գրիգորյանը հիշում է, որ առաջնեկ երկու աղջիկներից հետո չորս անգամ աբորտ է արել, երբ իմացել է, որ կրկին հղի է աղջիկ երեխայով:

«Վերջին աբորտը երկվորյակներ էին, մեկը` տղա, մեկը` աղջիկ: Աբորտ արեցի, որովհետև տղա էինք ուզում,- ասում է նա: – Հետո ծնվեցին հպարտություններս` երկու տղաներս»:

Սակայն շատերի համար Գայանեի օրինակն ուղղակի բարբարոսություն է:

36-ամյա Իննա Եդիգարյանը չորս աղջիկ ունի, ասում է, որ խուսափել է այդ ճանապարհից:

Նա ասում է, որ տեղյակ չէ ո´չ չինական օրացույցներից և ո´չ էլ արևմտյան բժշկության նորություններից, և ամուսիններով շատ էին ցանկանում տղա ունենալ:

«Էխո արեցին, ասեցին` աղջիկ ա, գնացի աբորտի: Բայց բժշկական կրեսլոյից վերջին վայրկյանին, երբ բժիշկն ինչ-որ գործով դուրս եկավ, փախա ու տուն եկա»,- հիշում է նա:

Ընտանիքի անդամները շատ են սիրում փոքրիկ, չարաճճի երկու տարեկան Արսինեին, ում համար մտածել էին Արսեն անունը, ու չեն էլ պատկերացնում օրն առանց նրա չարությունների:

«Աստված ում տվեց, էն էլ քո խերն ա ու քո օրհնանքը»,- վստահ է Իննա Եդիգարյանը:

Արփի Մաղաքյան

© Medialab.am