Ախթալայի քաղաքապետն ասում է, որ բոլորն էլ «լսել էին այդ մասին», պատգամավորը` հիշատակում մանկապղծության համար ամորձատման մասին և հորդորում խստացնել պատիժը

Հեղինակ MediaLab

Պարզվում է` ամերիկահայ գործարար, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի մանկապիղծ հակումների մասին վաղուց էին տեղյակ Ախթալայում. այդ մասին «Մեդիալաբին» փոխանցեց Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը:
Ուղղակի այդ մասին բացեիբաց սկսել են խոսել միայն այն բանից հետո, երբ ՀՀ ԱԱԾ-ն և գլխավոր դատախազությունը պաշտոնապես հաստատել են այդ փաստն ու հայտարարել Տեր-Պողոսյանի ձերբակալված լինելու մասին:
«Ամեն ինչ էլ պարզ էր, իսկ ո՞վ այդ մասին չէր լսել»,- «Մեդիալաբին» ասել է քաղաքապետ Խաչիկյանը:

Փետրվարի 9-ին ՀՀ ԱԱԾ-ն հաստատել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը ձերբակալվել է և մեղադրվում է ՀՀ ՔՕ 140-րդ հոդվածի հատկանիշներով` «Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը»։

«Իրադարձությունների կծիկը» բացվել է http://hetq.am-ի հունվարի 31-ի հրապարակած հետաքննական հոդվածի շնորհիվ:

Այս դեպքում, ինչքան էլ զարմանալի է, նախատեսվում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից-երեքհարյուրապատիկի չափով տուգանք կամ պատիժ` ազատազրկում` 1-3 տարի ժամկետով:

Ախթալայի հիմնական գործատու և ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Տեր-Պողոսյանի ձերբակալության կապակցությամբ հաղորդագրություն էր տարածել նաև ՀՀ գլխավոր դատախազությունը` նշելով, որ ձերբակալությունը տեղի է ունեցել Լոռու մարզի Ախթալա քաղաքի բնակիչ Վ. Փարսադանյանի հաղորդման հիման վրա: Փարսադանյանը, ըստ չհաստատված տեղեկությունների, սպառնացել է իրավապահներին հանձնել Տեր-Պողոսյանի` մանկապղծության մասին վկայող տեսանյութ, եթե վերջինս իրեն չվճարի դրա դիմաց:

Տեր-Պողոսյանի կողմից գումարը չվճարելուց հետո Փարսադանյանն այդ տեսանյութը հանձնել է իրավապահներին:

«Պարզվել է, որ Տեր-Պողոսյանը 2009-2010 թթ. ընթացքում, գումարների տրամադրմամբ նյութական օգնություն ցուցաբերելով Ախթալա քաղաքի անչափահաս բնակիչների, օգտագործելով վերջիններիս անչափահաս լինելու հանգամանքը՝ դրանով իսկ նրանց դնելով նյութական և այլ կախվածության մեջ, նշված ժամանակահատվածում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» վարչական շենքի բնակելի տարածքում և Ախթալա քաղաքում գտնվող իր տանը, Ա. Ջ.-ին և Ն. Փ.-ին պարբերաբար հարկադրել է իր հետ սեքսուալ բնույթի գործողություններ ունենալուն և համասեռամոլության»,- նշված է գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը «Մեդիալաբի» հետ զրույցում նշել է, թե բոլոր նրանք, ովքեր մինչ այդ հերքում էին Սերոբ Տեր-Պողոսյանի` մանկապղծության մեջ ներգրավված լինելու փաստը, կա´մ Տեր-Պողոսյանի մտերիմներն են, կա´մ նրանք, ովքեր աշխատում են գործարարի մոտ բարձր աշխատավարձով:

Ըստ քաղաքապետի` այդ մարդիկ աշխատանքից ազատվելու սպառնալիքի տակ են արել այդ հերքումները:

Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանի խոսքով` բոլորն էլ գիտեին կատարվածի մասին, սակայն, «մինչև ապացույցներ չլինեին, չէին կարող մեղադրանք առաջադրել»:

«Ամեն ինչ էլ պարզ էր, իսկ ո՞վ չէր լսել, ընդ որում, ոչ միայն Ախթալայում էի լսել, այլև` Երևանում, տարբեր մարդկանցից»,- «Մեդիալաբին» ասաց քաղաքապետը:

Խաչիկյանը, սակայն, նշեց, որ ինքը չի փորձել հանդիպել կամ որևէ կերպ աջակցել գործարարի զոհերին, քանի որ չունի այդ մարդկանց ցուցակը:

Թեև Տեր-Պողոսյանն արդեն ձերբակալված է, սակայն շատերը նրան ներկայացված մեղադրանքը մեղմ են համարում: ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, օրինակ, արդեն հանդես է եկել նախաձեռնությամբ` առաջարկելով փոփոխություններ կատարել ՔՕ-ում և խստացնել մանկապղծության համար նախատեսված պատիժը:

Այդ մասին Դալլաքյանը տեղեկացրեց «Մեդիալաբի» հետ զրույցում: Դալլաքյանը օրեր առաջ ԱԺ հայտարարությունների ժամին հիշեցրել էր, որ որոշ զարգացած երկրներում մանկապղծության համար մեղավոր ճանաչված անձանց քիմիական ամորձատման են ենթարկում, առաջարկել է փոխել ՔՕ 140-րդ և 141-րդ հոդվածները:

«Ես արդեն օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ եմ հանդես եկել»,- «Մեդիալաբին» փոխանցեց Դալլաքյանը:

Հենց 141-րդ հոդվածով է նախատեսված անչափահաս անձանց հետ սեռական կապերի մեջ մտնելու պատժաչափը: Ըստ այդմ` նախատեսվում է տուգանք կամ առավելագույնը երկու տարվա ազատազրկում: Դալլաքյանն առաջարկում է ընդհանրապես հանել տուգանքը և ազատազրկումը դարձնել 3-5 տարի: Ինչ վերաբերում է 140-րդ հոդվածին, ապա այս պարագայում ևս Դալլաքյանն առաջարկում է հանել տուգանքը և խստացնել պատժաչափը` մինչև 2 տարի ազատազրկման փոխարեն 2-4 տարի ազատազրկում:

Դալլաքյանն իր առաջարկը ներկայացրել է փետրվարի 7-ին, և կառավարությունն իր եզրակացությունը պետք է տա մեկ ամսից:

«Հուսով եմ` կառավարությունը խելամտություն կդրսևորի և դրական եզրակացություն կտա: Հուսով եմ` նույն կերպ խելամտություն կդրսևորի նաև ԱԺ պետաիրավական հանձնաժողովը»,- «Մեդիալաբին» փոխանցեց պատգամավորը:

Ենթադրվում է, որ հարցն ԱԺ-ում կքննարկվի մարտի 21-24-ի քառօրյայի ժամանակ: Սակայն, անկախ հարցի քննարկումից, քանի որ Սերոբ Տեր-Պողոսյանի պարագայում մեղադրանք է առաջադրված գործող օրենսգրքով, ապա ամենախիստ պատիժը կարող է լինել ընդամենը երկու տարվա ազատազրկում:

«Իմ անձնական կարծիքով` այս դեպքում պետք էր ավելի խիստ պատժաչափ, և, կարծում եմ` պետք է վերաորակավորել առաջադրված մեղադրանքը»,- համոզմունք հայտնեց ԱԺ պատգամավորը:

Ի դեպ, Վիկտոր Դալլաքյանն ԱԺ հայտարարությունների ժամին ներկայացրել էր նաև վիճակագրական տվյալներ. 2009 թվականին անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար 18 դատական ակտերից միայն 3 -ի դեպքում է նշանակվել ազատազրկում, իսկ մնյուս դեպքերում սահմանվել է տուգանք։ Անցյալ տարի, ըստ Դալլաքյանի, սեռական բռնության են ենթարկվել ավելի քան 100 անչափահասներ:

Մանկապղծության մասին բարձրաձայնած «Հետք» էլեկտրոնային կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը նշել է, որ միայն այս հետաքննության ընթացքում իրենց ձեռքի տակ են եղել առնվազն քսան անչափահասների անուններ, որոնք Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից շահագործման են ենթարկվել:

Ի դեպ, ընդամենն օրեր առաջ, ինքը` Տեր-Պողոսյանը հայտարարել է, թե այդ պատմությունն իր հետ առնչություն չունի, և նման կերպ ուղղակի փորձ է արվում վարկաբեկել իր և իր կնոջ անունը:

Տեր-Պողոսյանն ասել էր, թե Ախթալայում իրեն նախանձողներ կան, ովքեր շարունակ վատություն են ուզում իրենց անել, բայց ինքը, այս ամենին հակառակ, միշտ էլ օգնել է ախթալացիներին ու կշարունակի օգնել:

«Չկա ընտանիք, մարդ, որին օգնած չլինեմ»,- ասել էր Տեր-Պողոսյանը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am