«Օր ու արև չէր տալիս ընտանիքին». Վանաձորում դաժանորեն կացնահարվածի մասին են պատմում հարևանները

Երեկ Վանաձորում կատարված արյունալի ողբերգությունը շատերին սարսռալու առիթ է տվել:
Փետրվարի 20-ին՝ երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 9/1 հասցեի իրենց բնակարանում 21-ամյա Տիգրան Գյուլբանկյանը դաժանաբար սպանել է հորը՝ 50-ամյա Սերյոժա Ղուբաթյանին՝ կացնահարելով նրան:
Հայրությունը չճանաչելու պատճառով Տիգրանի ազգանունը Գյուլբանկյան է:
Հարևանների պատմելով՝ տեսնողներ են եղել, թե ինչպես սպանվածը` Սերյոժա Ղուբաթյանը, սովորության համաձայն այդ օրն էլ է հարբած տուն վերադարձել, օրորվելով ներս է մտել, և լսվել են վիճաբանության ձայներ:

Հարևանները «Մեդիալաբի» թղթակցին պատմել են, որ Սերյոժան հարբեցող էր ու ընտանիքին անդամներին «օր ու արև չէր տալիս»:

«Ալկաշ մարդ էր, ընտանիքին օր ու արև չէր տալիս, խմողի հետ հեշտ չի, ամեն օր ճոճվելով գալիս էր տուն, հոգիները հանում, կարող ա նա ա մոր ու տղու վրա հարձակվել, Տիգրանն էլ պաշտպանվել է»,- պատմում է հարևանուհիներից մեկը՝ Սոֆյան:

Սպանվածի մասին հարևանները համարյա նույնն կարծիքն են հայտնում. ճիշտ է, խմող է եղել, բայց իրենցից ոչ մեկին երբեք վնաս չի տվել:

«Որ դրսում խելոք էր, ի՞նչ, տանը կռիվներ էր անում, հարամ անում նրանց կյանքը,- ավելացնում է հարևան Ռաֆիկը: – Տիգրանը խելոք տղա է, չշփվող, սուսուփուս: Հոգիները հանել է, նա էլ գնացել է էդ քայլին»:

Հարևանների պատմելով՝ ընտանիքը ծայրահեղ աղքատ է ապրում:

Այժմ Տիգրան Գյուլբանկյանը գտնվում է Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերում:

Դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը «Մեդիալաբին» ասում է, որ Տիգրանի վիճակը հանգիստ է, ադեկվատ. «Գիտակցությունը պարզ է, հասկանում է իր արածը, հոգեկան խանգարում այս պահին չունի»:

Տիգրանին հոգենյարդաբանական դիսպանսեր տեղափոխելու պատճառը, ըստ Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Սասուն Մխիթարյանի, այն է, որ Տիգրանը 2002 թ.-ից հաշվառված է եղել դիսպանսերում:

«Միջնորդություն ենք ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ քրեական գործով մեղադրյալին հոգենյարդաբանական դիսպանսերում տեղավորելու թույլտվություն ստանալու մասին, միջնորդությունը բավարարվել է»:

Դիսպանսերի տնօրեն Գ. Քալանթարյանն ասում է, որ թեև Տիգրանը փոքր տարիքում հաշվառված է եղել դիսպանսերում, սակայն այժմ որպես հոգեկան հիվանդ հաշվառված չէ:

«Ժամանակավոր է այստեղ»,- ասում է:

Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ սպանության հատկանիշներով, որի դեպքում պատիժ է սահմանվում վեցից-տասներկու տարի ժամկետով ազատազրկումը:

«Փորձաքննությայն եզրակացության հիման վրա կորոշվի անձը  մեղսունակ է, թե ոչ»,- «Մեդիալաբին» ասել է ավագ քննիչ Մխիթարյանը` նշելով, որ գործի նախաքննությունը շարունակվում է:

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

© Medialab.am