Փուչիկներ, փուչիկներ, փուչիկներ

Հայաստանի գլխավոր դատախազությունը մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական հանրահավաքում տեղի ունեցած փուչիկների պայթյունի վերաերյալ միջնորդագիր է ներկայացրել վարչապետին եւ քաղաքապետին, որում մանրամասն նկարագրվում է գործը եւ հայտնվում եզրակացություն, որ գազով լիցքավորված փուչիկների հանրային օգտագործման կարգը թերի է, կան շատ բացեր:

Փուչիկների գործը բավական հետաքրքիր ստացվեց, հատկապես մեղադրանքի մասով: Մեղադրանք է առաջադրվել ընդամենը մեկ անձի՝ Սերոբ Բոզոյանին, ում վերագրվում է հազար փուչիկի լիցքավորումը: Նա, ըստ մեղադրական եզրակացության, տնային պայմաններում փուչիկները լիցքավորել է ոչ թե անվտանգ հելիում գազով, այլ պայթուղիկ մեթանով:

Բոզոյանն իհարկե մեղավոր է, բայց գործի արդյունքը առաջացնում է հարցեր, որոնք առնչվում են այլ մարդկանց պատասխանատվության: Ակնհայտորեն, այլ մարդիկ եւս գործել են անպատասխանատու, եւ եթե նրանք այդպես չվարվեյին, ապա Սերոբ Բոզոյանի հանցանքը չէր ունենար այդչափ վտանգավոր, մի քանի հարյուր մարդու կյանքին սպառնացող շարունակություն: Հանցանք գուցե չէր էլ լինի:

Եվ այսպես, նախ արձանագրենք, որ 7 հազար փուչիկի գազով լիցքավորելու պատվեր է տալիս մի քաղաքական ուժ, որը Հայաստանում իշխող ուժ է, այսինքն պատասխանատու է պետության կառավարման, հետեւաբար նաեւ երկրում օրինականության հաստատման, ստվերի դեմ, կոռուպցիայի դեմ պայքարի համար: Եվ ահա, այդ իշխող ուժը, այդ ՀՀԿ-ն, 7 հազար փուչիկ գազով լիցքավորելու պատվեր է տալիս ոչ թե այդ գործի համար արտոնագրված կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ, այլ մի մարդու, որը ապօրինի ձեռնարկատիրությամբ է զբաղված:Կարդալ ավելին