Ճնշո՞ւմ են, թե՞ չեն ճնշում լրատվամիջոցներին․ Կարծիքները տարբեր են, տրամադրությունները՝ նույնպես

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

Լրատվամիջոցների թափանցիկ աշխատաոճի ու իրական սեփականատերերի թափանցիկության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները չեն կարող դիտարկվել որպես ճնշում լրատվամիջոցների նկատմամբ։ Այս մասին «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ 

Նրա խոսքով՝ միջազգային պրակտիկայում և զարգացած ժողովրդավարական երկրներում ԶԼՄ-ների թափանցիկությունն ընդունված է, և ովքեր դրանում ճնշում են տեսնում, տեղյակ չեն, թե ի՛նչ է խոսքի ազատությունը, և ինչպե՛ս պետք է աշխատեն ազատ լրատվամիջոցները։

«Մենք այսօր տեսնում ենք, թե ինչպես են Հայաստանում բազմաթիվ լրատվամիջոցներ վերածվել քարոզչամիջոցների, ֆինանսավորվում են քաղաքական գործիչների կամ քաղաքական ուժերի կողմից և այդ պարագայում փորձում են ներկայանալ որպես ազատ ու անկախ լրատվամիջոցներ։ Դա բացահայտ խաբեություն է և որևէ աղերս չունի խոսքի ազատության հետ»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Մելիքյանը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում ասել էր, որ լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից։

Նա անդրադարձել էր հեռուստատեսության ոլորտի խնդիրներին՝ նշելով, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող հեռուստաընկերություններ:

«Նույնիսկ կասեի՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ այսօր նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան:

Առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել՝ «Կոռուպցիա» կամ «Կոռուպցիա գրուպ»: Անկեղծ ասած, մեր ժողովուրդը դրա համար մեզ շատ է մեղադրում, բայց ես առանձնապես դժգոհ չեմ այդ իրավիճակից, որովհետև կարծում եմ՝ նախ այդպիսի հեռուստաընկերության գործունեությունը մեզ համար ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլև նրանց շոշափուկների և մետաստազների: Հետագայում, կարծում եմ՝ մեր օպերատիվ աշխատանքը կոռուպցիայի դեմ պայքարի առումով բավականին հեշտացնում է»,- ասել էր նա։

Միաժամանակ վարչապետն առաջարկել էր գնալ այն ճանապարհով, որ իրական լոգոները գրվեն հեռուստաընկերությունների վրա: «Նպատակի առումով, կարծում եմ, որ մենք պետք է գնանք այս ճանապարհով»,- նշել էր նա։

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ ովքեր իսկապես թաքցնելու բան ունեն և չեն ուզում բացահայտվել, նրանք են դեմ արտահայտվում վարչապետի հայտարարություններին։

«Եվ վարչապետն առաջինը չէ, ով այդ մասին խոսում է։ Մի շարք լրագրողական կազմակերպություններ, այդ թվում՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, բազմիցս են մատնանշել, որ ԶԼՄ-ների սեփականությունը պետք է թափանցիկ լինի, որովհետև նախ՝ դա միջազգային ընդունված պրակտիկա է, երկրորդ՝ հիմնավորվում է և՛ կոռուպցիայի, և՛ փողերի լվացման դեմ պայքարով»,- ասում է Աշոտ Մելիքյանը։

Նրա խոսքով՝ ովքեր իսկապես խոսքի ազատության ջատագովներ են և օրենքի, պրոֆեսիոնալիզմի ու էթիկայի սահմաններում են գործում, նրանք ֆինանսական թափանցիկությունից որևէ վախ չունեն։

«Առհասարակ ֆինանսական թափանցիկությունը խաղի արդար կանոնների հաստատում է։ Եվ եթե լրատվամիջոցն իր լսարանի նկատմամբ ազնիվ է, ուրեմն պետք է ներկայացնի, թե որտեղի՛ց է ֆինանսավորվում, որպեսզի նաև լսարանը տեղյակ լինի, թե ի՛նչ կարելի է սպասել այդ լրատվամիջոցից»,- ասում է Մելիքյանը։

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը որպես մամուլի վրա գործադրվող ճնշում է դիտարկում։

Ըստ նրա՝ առաջին հերթին հեռուստաընկերությունների և առհասարակ մեդիա դաշտը նման հայտարարություններով չի կարգավորվում, որքան էլ դրա կարիքն ու անհրաժեշտությունը լինի։

«Երկրորդ՝ բարձրագույն իշխանությունը կրողի կողմից նման բովանդակությամբ հայտարարություն անելը և դրան հասցեականություն չհաղորդելը առնվազն հիմք են տալիս կասկածի տակ դնելու դրա հավաստիությունը։

Բացի այդ, եթե հաշվի առնենք, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը մինչև պետական պաշտոնյա դառնալն իր ողջ գործունեությունն իրականացրել է լրատվական ոլորտում, ապա առնվազն անթույլատրելի պետք է համարել նման վերաբերմունքը գործընկերների նկատմամբ։

Ինչպե՞ս կարձագանքի նույն վարչապետը, եթե իր ընտանիքին պատկանող լրատվամիջոցի հասցեին որևէ մեկը հնչեցնի նմանօրինակ արտահայտություններ»,- «Մեդիալաբին» ասում է Սաթիկ Սեյրանյանը։

Նրա խոսքով՝ եթե վարչապետի հայտարարությունները միտված են ապահովելու ԶԼՄ-ների՝ օրենքին համապատասխան գործելու հնարավորությունը, այլ ոչ թե հետապնդում են քաղաքական այս կամ այն տիպի շահարկումներ ու նպատակ, ապա վարչապետը պարտավոր է հայտարարությանը հաղորդել առնվազն հասցեականություն։

«Սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանն անհասցե մեղադրանքներ է հնչեցնում, որը հիմք է հանդիսանում մամուլի դեմ այնպիսի անընդունելի գործողությունների կատարման համար, որի ականատեսն ենք եղել բացառապես հետհեղափոխական Հայաստանում»,- հավելում է Սաթիկ Սեյրանյանը։

Այս հայտարարությունները, նրա խոսքով, նույնպես կարող են հանգեցնել լրատվամիջոցների դեմ գործողությունների։ Վարչապետի թիմակիցները, հետևորդներն ու ֆեյքերը «թևավորվելու» են և նորից սկսելու են հարձակումների ենթարկել լրատվամիջոցներին։

Հարցին, թե որպես ժուռնալիստների միության նախագահ՝ ինքը խնդիր չի՞ տեսնում հեռուստատեսության հաղորդումների բովանդակության վերաբերյալ, Սաթիկ Սեյրանյանը պատասխանեց, որ այդ խնդիրը եղել է բոլոր իշխանությունների օրոք։ Եվ առաջին հերթին՝ այդ խնդիրներն սկսվում են Հանրային հեռուստաընկերությունից։

«Եվ հասկանալի պատճառներով առաջին պահանջը պետք է լինի հենց Հանրային հեռուստատեսությանը, որի բյուջեի դեմ բողոքում էր նույն ինքը՝ վարչապետը, երբ ընդդիմություն էր, բայց վարչապետ դառնալուց հետո այդ բյուջեն փորձում է ավելացնել՝ հարկատուների հաշվին։

Եվ Հանրային հեռուստատեսության հետ մյուս բոլոր հեռուստաընկերություններն անհավասար պայմաններում են աշխատում։ Ինչպես նախկինում, այսօր առավել ևս Հանրային հեռուստատեսությունը լծված է գործող իշխանություններին փառաբանելու գործին»,- հավելում է Սեյրանյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am