ՀԷԿ-երին տրվող թույլտվություններ և դրամաշնորհներ. Էրիկ Գրիգորյանի հայտարարությունների հետքերով. Fip.am

Փետրվարի 12-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի՝ գետերը հիդրոէլեկտրակայաններից «բեռնաթափելու» վերաբերյալ հարցին ի պատասխան շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարեց, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում «որևէ գետի վրա որևէ նոր ՀԷԿ կառուցելու թույլտվություն չի տրվել»

«Մերժվել են բազմաթիվ ՀԷԿ-եր, բայց ոչ դուք, ոչ ձեր նշած խումբը էդ ամենի մասին չի իմացել: Մերժվել են, որովհետև չեն համապատասխանել ՀՀ ջրային օրենսդրությանը»,- հայտարարեց Էրիկ Գրիգորյանը

Հրանտ Այվազյանը նաև նշել էր, որ Լոռու մարզի Ձորագետ գետի վրա նոր ՀԷԿ-եր կառուցելու վերաբերյալ նախարարության կազմակերպած հանրային քննարկումների մասին հասարակությունը տեղեկանում է Բնապահպանական ճակատի և այլ խմբերի միջոցով: «Նշեմ, որ այդ տեքստը, որ դուք այսօր կարդացիք… այդ տեքստը գրողները չորս տարի առաջ էլի այդ ձև տեքստ էին գրում, որ նայեք՝ ՀԷԿ-երը և այլն, և այլն… հետո ստացան 70 հազար դոլար դրամաշնորհ և հետո առաջարկեցին, որպեսզի ՀԷԿ-երի կառուցման համար բանկերը ինչ-որ մոտեցումներ ձևավորեն»,- ի պատասխան՝ ասաց Գրիգորյանը:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել Էրիկ Գրիգորյանի հայտարարությունների ճշմարտացիությունը: 

ՀԷԿ-երին տրված ջրօգտագործման թույլտվությունների մասին

Շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տեղեկության համաձայն՝ 2018 թ. ապրիլից հետո ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար դիմել են 20 ընկերություն, թույլտվություն ստացել է 4-ը, որոնցից երկուսը գործում են գետերի վրա: Սակայն Էրիկ Գրիգորյանի պնդումը, որ նոր ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն չի տրվել, ճիշտ է: Բանն այն է, որ նշված ՀԷԿ-երը գործել են նաև նախկինում: 

Գետերից ջրօգտագործման թույլտվություն ստացած երկու փոքր ՀԷԿ-երից մեկը՝ «Չանախչի-2»-ը, գործարկում է Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին պատկանող «Մավր» ՍՊԸ-ն: Այս ՓՀԷԿ-ը սնվում է Փամբակ գետի Չանախչի վտակից: Թույլտվությունը տրվել է նախկինում գործող ՓՀԷԿ-ը վերազինելու նպատակով:

Մյուսը «Մուսահա» ՍՊԸ-ին պատկանող «Ախուրյան» փոքր ՀԷԿ-ն է, որին ջրօգտագործման թույլտվություն տրվել էր դեռ 2011-ին։ Սա Ախուրյան գետի վրա գործող 5-րդ ՀԷԿ-ն է:

Ջրօգտագործման թույլտվություններ են տրվել նաև Գեղի-Եղվարդ ջրատարի վրա գործող «Ջիմել» և Տավուշի մարզի Սպիտակ լիճ ջրամբարի պատվարի տակ գործող «Վարդեր» ՓՀԷԿ-ին: «Վարդան Օրդինյան» ՍՊԸ-ին պատկանող «Վարդեր» ՓՀԷԿ-ը ջրօգտագործման թույլտվության համար դիմել է 2018 թ. մայիսին: Քննարկվում է նաև այս ընկերությանը ջրօգտագործման թույլտվության տալ Աղստև գետի վրա հիդրոէլեկտրակայան գործարկելու համար: 

Մերժում ստացած ընկերությունների շարքում է «Ֆերա» ՍՊԸ-ն, որը պատկանում է նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի եղբորը: Ընկերությունը 2019-ի ապրիլին ջրօգտագործման թույլտվության 3 հայտ է ներկայացրել Եղեգիսում «Խաչիքար» ՓՀԷԿ-ի գործարկման համար, սակայն մերժվել է: Որոտան գետի վրա գործող, «ՀԳՆՔ գրուպին» պատկանող ՓՀԷԿ-ը ևս ջրօգտագործման նոր թույլտվություն չի ստացել:

Դրամաշնորհների պատմությունը

Խոսելով նախարարության կողմից գետերի վրա կառուցվող ՓՀԷԿ-երի մասին՝ պատգամավոր Հրանտ Այվազյանը հիշատակել էր Հայկական բնապահպանական ճակատի անունը՝ որպես ակտիվ գործող բնապահպանական խումբ: Ճակատը, իսկապես, վերջին օրերին սոցիալական ցանցերով բավական ակտիվ տարածում էր Ձորագետի վրա կառուցվելիք ՀԷԿ-երի և այդ թեմայով հանրային քննարկման մասին տեղեկությունները: 

Նախարարի հայտարարությունը, թե ՀԷԿ-երի կառուցման մասին խոսող խումբը չորս տարի առաջ 70 հազար դոլար դրամաշնորհ է ստացել, տպավորություն է ստեղծում, թե խոսքը կրկին Բնապահպանական ճակատի մասին է, սակայն իրականում դրամաշնորհները ստացել էր «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն: Կազմակերպությունը 2014-2018 թվականներին Բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացրել էր դրամաշնորհային երկու ծրագիր՝ ընդհանուր 75 հազար դոլար արժեքով: Դրամաշնորհները տրամադրվել էին Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) շրջանակում: Առաջին ծրագրի նպատակը ՓՀԷԿ-երի ոլորտում բարեփոխումներն էին և գործող ՀԷԿ-երի շրջանում մոնիտորինգի անցկացումը: Ծրագիրն իրականացվել էր 2014-2016 թվականներին, իսկ բյուջեն շուրջ 37 հազար դոլար էր:

Բանկերի վերաբերյալ առաջարկությունն արվել էր այս ծրագրի ընթացքում: Առաջարկվել էր հայկական բանկերին վարկեր տրամադրել ՓՀԷԿ-երի կառուցման համար։ Տրամադրվող վարկերը պետք է պահպանեին Եվրոպական ջրային դիրեկտիվի պահանջները: Նման նախաձեռնության հիմնավորումը հայկական բանկերից նպատակային վարկեր ստանալու հնարավորությունն էր, քանի որ մինչ այդ փոքր ՀԷԿ-եր կառուցելու համար ընկերությունները դիմում էին միջազգային զարգացման բանկերի ֆինանսավորմանը։

Երկրորդ ծրագիրն իրականացվել էր 2016-2018 թվականներին և, ըստ էության, նախորդ ծրագրի շարունակությունն էր:

Նշենք նաև, որ դրամաշնորհային ծրագրերի փորձագիտական խմբերում ներգրավված է եղել Հայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը:

Ի դեպ, Հայկական բնապահպանական ճակատը հերքման պահանջ է ներկայացրել նախարարին:

Այսպիսով, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հայտարարությունները մեծ մասամբ համապատասխանում են իրականությանը:

Անի Ավետիսյան

www.fip.am