«Սա զգուշացում է շատ պաշտոնյաների, որ ոչ մի դեպքում չպետք է տարածել տեղեկություններ, որոնք կարող են վնասել իշխանական տարբեր կառույցներին». Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը

– Պարո՛ն Նավասարդյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Ըստ առաջադրված մեղադրանքի`2020 թ. հունվարի 9-ին ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման աշխատակցին խնդրել է տեղեկատվական շտեմարանում ստուգել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկատվությունը:

Պապիկյանը մինչ քրեական գործի հարուցումը կոչ արեց իրավապահներին պարզել, թե ով է դա արել։ Հիմա իրավապահները Պապիկյանի կոչի՞ն ընդառաջ գնացին։ 

– Ես չեմ հիշում, որ Պապիկյանը կոչ էր անում հենց քրեական գործ հարուցել։ Որքան ես եմ հիշում, նա հիմնականում հետաքրքրված էր նրանով, որ բացահայտվի այն խողովակը, որով այդ տեղեկությունները հասել են լրատվամիջոցներ։ 

Փաստորեն մենք այստեղ տեսնում ենք իրավապահ մարմինների կողմից շատ ավելի կտրուկ մոտեցում խնդրին և քրեական գործի հարուցում։ Ես, իրավաբան չլինելով, զուտ տրամաբանորեն կարծում եմ, որ այստեղ քրեական գործի համար որևէ հիմք չկա։ 

Եվ ինչպես ասել եմ, այնպես էլ պնդում եմ, որ դա ամենաշատը կարող էր լինել ծառայողական քննություն և համապատասխան կադրային լուծում և ոչ թե քրեական գործի հարուցում։ 

Եվ սրա վտանգը լրատվամիջոցների համար նույնպես տեսնում եմ, որովհետև մենք ունենք ազդարարի ինստիտուտ, և թեև ես այն կարծիքին եմ, որ այս դեպքը չի կարող ազդարարման տակ ընկնել, սակայն այլ անձանց մոտ, որոնք աշխատում են պետական մարմիններում, դա կարող է զգուշացում լինել, որ նույնիսկ ազդարարման համար հիմք հանդիսացող որևէ փաստի բացահայտումը և տարածումը հանրության շրջանակներում սրանով խոչընդոտվեն։ 

Եվ այդ առումով, այո՛, ես նաև լրատվամիջոցների գործունեության և ընդհանրապես ազդարարման ինստիտուտի՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր գործիքի համար վտանգներ եմ տեսնում։ 

– Սա կարո՞ղ է վատ նախադեպ դառնալ մամուլի աղբյուրները բացահայտելու առումով։

– Իհարկե, ինչպես նշեցի, սա զգուշացում է շատ պաշտոնյաների, որ ոչ մի դեպքում չպետք է տարածել տեղեկություններ, որոնք կարող են վնասել իշխանական տարբեր կառույցներին, և դա հակասում է ազդարարման ինստիտուտի հիմնադրմանը, որ մենք ունեցել ենք, և դրա հետ կապված կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանությանը։

– Առհասարակ մամուլի ազատության առումով հեղափոխությունից հետո մենք ի՞նչ իրավիճակ ունենք։ Նշվում է, որ մամուլը հիմա առավել քան ազատ է։ Մեդիաների դեմ անընդհատ դատական գործեր են հարուցվում, մի մասը դա նորմալ գործընթաց է համարում, մյուս մասը գտնում է, որ պետք չէ։ Դուք ի՞նչ եք կարծում։

– Գիտեք, լրատվամիջոցների ոչ դրական ազդեցությունը երկրի ընթացքի վրա կարող է տարբեր մեխանիզմներով խոչընդոտվել, կանխվել։

Եվ ես ենթադրում եմ, որ դա անպայման պետք է գնա բարեփոխումների ճանապարհով։ Խոսքը և՛ օրենսդրության մասին է, և՛ համապատասխան անկախության միջոցով ամբողջ ոլորտի բարելավման, բայց փաստորեն տեսնում ենք, որ այդ ուղղությամբ քայլերը բավական դանդաղ են կատարվում կամ ընդհանրապես չեն կատարվում։

Ինչ վերաբերում է ռեպրեսիվ միջոցներին՝ և՛ օրենսդրական նախաձեռնությունների ձևով, և՛ կոնկրետ քրեական գործերի առումով, այստեղ մենք տեսնում ենք բավական ինտենսիվ քայլեր, և դա չի խոսում նրա մասին, որ այն խոսքի ազատությունը, որին մենք հասել ենք հեղափոխությունից հետո, ունենք առաջընթաց։

Կարծում եմ՝ շատ լուրջ հիմքեր կան մտածելու, որ մենք սկսել ենք հակառակ ուղղությամբ գնալ։ Եվ երբ իշխանությունը բարեփոխումներ իրականացնելու փոխարեն սկսում է պաշտպանվել անցանկալի տեղեկությունից, դա բավական մտահոգիչ միտում է։ 

– Նախատեսվում է փոփոխություն Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում։ Արդյոք այս փոփոխությունները կտա՞ն մի շարք հարցերի լուծում մեդիա դաշտում։

– Նայած, թե ինչ ուղղությամբ կգնան։ Մենք դեռ չգիտենք, թե ինչ կարգի աշխատանք է իրականացվում այդ տեսալսողական օրենսդրության ձևավորման առումով։

Մենք առայժմ մեկ կոնկրետ նախաձեռնություն ենք տեսնում արդարադատության նախարարության կողմից, այն է՝ թույլատրել գովազդ Հանրային հեռուստառադիոընկերության ալիքների համար, որը, ըստ իս, ոլորտի համար առողջարար գործողություն չէ։

Այսինքն՝ ինչ լավ բաներ են անելու, մենք չգիտենք, իսկ բացասական զարգացումներ արդեն տեսնում ենք։

Մանե Հարությունյան

MediaLab.am