«Սա նորմալ վիճակ չէ ընտրությունների անցկացման համար, Արցախում պետք է արտակարգ դրություն հայտարարել». Դանիել Իոաննիսյան

Արցախում պետք է արտակարգ դրություն հայտարարել և դրա հիմքով հետաձգել մարտին 31-ին կայանալիք ընտրությունները։ Այս մասին «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու։

«Այս մթնոլորտում ընտրություններ անցկացնելը նպատակահարմար չէ։ Ես համաճարակաբան չեմ և համաճարակային ռիսկերը չեմ գնահատում, բայց որպես ընտրական գործընթացների պրոֆեսիոնալ՝ կարող եմ ասել, որ սա նորմալ վիճակ չէ ընտրությունների անցկացման համար։

Ինչո՞ւ, որովհետև թեկնածուները չեն կարողանում նորմալ քարոզարշավ, նախընտրական հավաքներ անել, օգտվել այն հնարավորություններից, որոնք Ընտրական օրենսգիրքն է ընձեռում»,- «Մեդիալաբին» ասում է Դանիել Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ երկրորդ խնդիրն այն է, որ շատ ընտրողներ, վախենալով կորոնավիրուսի տարածումից, ուղղակի չեն գնա ընտրական տեղամասեր։

«Ընդ որում, դա առավել կխոցի այն ընտրողներին, որոնք անկախ են։ Այն ընտրողները, որոնք բարեգործություն են ստացել կամ ինչ-որ խոստում և պարտավորված են գնալ ընտրատեղամաս, կգնան։

Եվ այս իրավիճակը կազդի ընտրությունների արդյունքի վրա, որովհետև առավել անկախ ընտրողները չեն գնա ընտրատեղամաս։ Սա լուրջ խնդիր է»,- ասում է Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ հետևաբար, այս իրավիճակը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։

Հիշեցնենք, որ Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ամեն ինչ պետք է անել, որ կորոնավիրուսը դիտորդների միջոցով Հայաստանից չներթափանցի Արցախ։

«Մենք այսօր արդեն ունենք հանրապետությունում կորոնավիրուսի արագ թեստեր և համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ՝ հասկանալու համար՝ դիտորդներն, այսպես ասած, ռիսկայի՞ն գոտիներից են, թե՞ ոչ։ Եթե ռիսկային գոտիներից են, փորձենք խնդրել նրանց փոխարինել այլ դիտորդներով։ Եվ մեկնումից առաջ նրանք պարտադիր պետք է թեստավորվեն արագ թեստերով, որ վստահ լինենք»,- ասել էր վարչապետը։

Իսկ մարտի 26-ի երեկոյան ՀՀ ոստիկանության կողմից հայտարարություն եղավ, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության և տարածքային ստորաբաժանումների ուժերով Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախ։

Բացառություն կարվի Արցախում հաշվառում ունեցող անձանց, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների համար, Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձանց և լրագրողների համար՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։

Դանիել Իոաննիսյանն ասում է, որ իրենց առաջարկը հետևյալն է. «Արտակարգ դրություն հայտարարել Արցախում, որովհետև դա միակ հիմքն է հետաձգման, և ընտրություններն անցկացնել այն ժամանակ, երբ համաճարակային իրավիճակն էապես կմեղմվի»։

Ըստ նրա՝ այս իրավիճակն ազդում է նաև դիտորդների տրամադրության վրա, շատ դիտորդներ հրաժարվում են մասնակցել ընտրական գործընթացին։

«Մեզ մոտ էլ շատ հրաժարվող դիտորդներ կան, բայց մենք ունենք մեծ ռեզերվ։ Մենք Հայաստանից հավատարմագրել ենք մոտ 350 հոգու, այնինչ նրանցից որպես դիտորդ գնալու են մոտ 100-ը։ Այնպես որ, մեծ ռեզերվ ունենք, առայժմ կարողանում ենք ապահովել, որպեսզի առաքելությունն աշխատի նախատեսված ամբողջ ծավալով»,- հավելում է Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ բայց կան խնդիրներ, օրինակ՝ կան դիտորդներ, որոնք մարզերից են, արտակարգ դրության պայմաններում Երևան հասնելու համար խնդիրներ ունեն։

«Իսկ Երևան պետք է հասնեն ոչ միայն այստեղից Արցախ գնալու համար, այլ նաև պետք է գան, կորոնավիրուսի թեստ հանձնեն, հետո գնան։ Առհասարակ ընտրությունների ժամանակ այս չափի առաքելության աշխատանքը շատ դժվար է։ Իսկ այժմ ավելի դժվար է, բայց մենք պատրաստվում ենք։ Մենք հույս ունենք, որ ընտրությունները չեն կայանա, բայց քանի դեռ նման որոշում չկա, մենք աշխատում ենք ըստ նախանշված պլանի»,- նշեց նա։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am