«Այսօր կորոնավիրուս է, վաղը ուրիշ վիրուս է, էն մյուս օրը ջրհեղեղ է, պետությունը պետք է միշտ աշխատի ժամացույցի մեխանիզմի պես». Լևոն Շիրինյանը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը

– Պարո՛ն Շիրինյան, Արցախում ապրիլի 14-ին պետք է տեղի ունենա նախագահի ընտրությունների երկրորդ փուլը, բայց գնալով շատանում են կորոնավիրուսով վարակվածների թիվը: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ առաջին փուլը չհետաձգեցին, հիմա էլ չեն պատրաստվում հետաձգել երկրորդ փուլը: 

– Արցախում մարդիկ շատ իրազեկված չեն կորոնավիրուսի վտանգների մասին: Ում հետ խոսում ես՝ իրենն է պնդում, և օբյեկտիվ կարծիք դժվարանում ես կազմել: Բայց որ օլիգարխիայի դրածոն է անցել կամ նրանց ընկերը, դա հաստատ է: Մնացած մրցակիցներն այնքան քիչ տոկոս են ստացել, որ վերլուծելու բան էլ չի թողել: 

Որ Մասիս Մայիլյանն իրեն կոտորի էլ, շատ-շատ իր տոկոսը երկրորդ փուլում կհասնի 40 տոկոսի: Ուզում եմ ասել՝ խայտաբղետ վիճակ է ստեղծվել, Արայի Հարությունյանի ձայներից էլ նույնիսկ եթե 10 տոկոս խարդախության համար հանեն, էլի 40 տոկոս մնում է: Այսինքն՝ Հարությունյանը բնական առավելություն ունի: 

Հայաստանի համար ընդունելի կոնֆիգուրացիա է առաջացել նախագահի շուրջը: Վիտալի Բալասանյանը, որ, ենթադրվում է, ռուսական դրածո է, չանցավ, Սամվել Բաբայանը, որ սկզբից առանց ջոկելու մանդատից խոսեց, էլի չանցավ: 

Այսինքն՝ ռուսական ազդեցության կրողները չանցան: Ճիշտ է, որ խայտառակ ընտրություններ են եղել, բայց Հայաստանի համար տանելի վիճակ է, որովհետև ընտրում են եղածների միջից: Հիմա ունենք այս վիճակը, և պատկերացնո՞ւմ եք՝ Արցախում իշխանության հաշմանդամ վիճակը պահեն: 

Երկրորդ՝ համայն հայության շահերի և Հայաստանի շահերի տեսանկյունից գլխավորը ռուսական ազդեցությունը թուլացնելն է, և այս վիճակը չարյաց փոքրագույնն է: Ինչ վերաբերում է ընտրությունները հետաձգելուն, ես նախկինում էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում, որ պետական միջոցառումները չի կարելի հետաձգել: Այսօր կորոնավիրուս է, վաղը ուրիշ վիրուս է, էն մյուս օրը ջրհեղեղ է: Պետությունը պետք է միշտ աշխատի ժամացույցի մեխանիզմի պես: Պետությունը պետք է միջոցներ ձեռք առնի, որ վարակն այդ օրերին չտարածվի, ոչ թե ամեն առիթով ընտրություն չեղարկեն: 

Հետո՝ ընտրությունները հետաձգելու պահանջ առաջ քաշողների մեջ այնպիսի խայտաբղետ ուժեր կան, որոնցից ամեն մեկն իր հաշիվներն ունի: Կորոնավիրուսից եկող վտանգի մասին էլ ոչինչ չեմ կարող ասել, թե որքանով է այն տարածված: Երկու օր առաջ ընդհանրապես չկար, հիմա պարզվեց՝ շատացել է: Եթե ես լինեմ, ընտրություններն անպայման կանցկացնեմ: 

Ո՞նց կարելի է Արցախը թողնել առանց իշխանության: Շատերն արդեն խոսում են ժամանակավոր կառավարություն ձևավորելու մասին: Այնտեղ չգիտես, թե ինչ պրոցեսներ են գնալու: Ենթադրենք՝ կորոնավիրուսը 4-5 ամիս տևի, պատկերացրեք, թե ինչքան մուտիլովկաներ են լինելու: 

Ուզում եք ասել, որ հենց սկզբի՞ց պետք է ընտրությունները հետաձգվեին, իսկ քանի որ առաջին փուլը կազմակերպվել է, ապա երկրորդ փուլն էլ անպայման պետք է կազմակերպվի:

– Դե, այն ժամանակ չկար վարակված անձ, և պետք էր միջոցառումները խստագույնս իրականացվեին, որ դեպքեր չգրանցվեին: Սա իմ տեսակետն է, որը գուցե ճիշտ չէ, քանի որ լավ տեղեկացված չեմ, թե ինչ իրավիճակ է Արցախում: 

Բայց ես տեսնում եմ, որ զրո տոկոս ստացածը վեր է կենում ու հայտարարում, որ արդար ընտրություն տեղի չի ունեցել: 

Հիմա հարց՝ եթե արդար ընտրություն լիներ, քանի՞ տոկոս էիր տանելու: Հետո դեբատի ժամանակ տեսանք 13 թեկնածուներից 13-ը շարվել էին, նրանցից ոչ մեկը նախագահացու չէր: 

– Մասիս Մայիլյանը որոշել է բոյկոտել ընտրությունները: Դա ճիշտ տարբերակ չէ՞:

– Դե հասկացել է, որ շանս չունի, դուրս է գալիս: Ընտրությունները նախ գումարներ են, կազմակերպչական հսկայական աշխատանքներ: Հիմա ինքը գիտի, որ եթե նույնիսկ արդար ընտրություններ լինեն, մեկ է՝ չի անցնելու, որովհետև ստացել է 24 տոկոս, որը ոչ մի պարագայում չի կարող կրկնապատկվել:

Բացառվում է, որ նման բան լինի, հրաշք պետք է տեղի ունենա, իսկ հրաշքներ չեն լինում: Հասկանալով, որ ինքը շանս չունի, հերոսաբար պարտվել էլ չի ցանկանում, դրա համար չպարտված դուրս է գալիս խաղից՝ ծախսեր էլ չանելով: 

Հնարավոր է նաև, որ նրանց հետ փոխզիջման է գնացել, որ ինքն իր աշխատանքին կմնա կամ մեկ այլ աշխատանքի կանցնի: Բացի այդ, լիդերը կամք է ցուցադրում, իսկ Մայիլյանի մեջ լիդերի հատկություններ չկան, որևէ բանով հիմա աչքի չի ընկնում, ավելին, սուսուփուս խաղից դուրս է գալիս: 

Ինքը երևի գերագնահատեց իր ուժերը: Այդ իմաստով Վահան Բադասյանը լիդեր խաղաց, բայց պարզվեց՝ իր քվեներն այդքան են: Ժողովրդի գործոնը բացառիկ է: Մենք հեղափոխության ժամանակ տեսանք, որ ՀՀ քաղաքականության մեջ մտնողների 99 տոկոսն իրեն ժողովրդից վեր է կարծում: 

Բայց չեն գիտակցում, որ այս ամենի մեջ, ինքնիշխանը և գերագույն գլխավոր հրամանատարը ժողովրդի հավաքական կամքն է, և դա քննարկման ենթակա չէ: Միայն վարչապետն է հայտարարում, որ ժողովրդի կամքը վեր է ամեն ինչից, մնացածը դա չեն էլ հասկանում, վարչապետի հետևից ընկած գնում են մեծամիտ-մեծամիտ, մտածելով, թե իրենք ավելին են, քան ժողովուրդը: 

Իսկ որ ասում են՝ ժողովուրդը ընտրակաշառք է վերցնում, վերցնում են նրանից, ումից ակնկալիք ունեն:

– Շատերը խոսում են, որ Արայիկ Հարությունյանի թևն է կաշառք բաժանել, ստացվում է, որ ժողովուրդը նրանի՞ց ակնկալիք ունի:

– Ես դեկտեմբերին եղել եմ Արցախում, խոսում ես մարդկանց հետ, տխուր ձևով ասում էին՝ դե, եղածների մեջ Արայիկին են ընտրելու: Սա նման է նրան, որ տղամարդը պետք է ամուսնանա, չգիտի ում հետ: Հետո երևի փոքր տարածքում հնարավոր չէ նորմալ ընտրություններ կազմակերպել, մեկը ծանոթ է, մյուսը՝ ընկեր, և այդպես շարունակ: 

Իսկ որ ասում են՝ ժողովուրդը վախենում է, ինձ թվում է, որ էդ ասողն ինքն է վախեցած ժողովրդից: Ժողովուրդը ոչ մի բանից չի վախենում, տեսնում է՝ գործարքը հարմար է, անում է: Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին մենք տեսանք, որ ժողովուրդը գործարքի չգնաց, որովհետև իրենց հարմար չէր: Եթե գործարքի գնար, ՀՀԿ-ին պետք է ընտրեր, որովհետև փողը նրանց մոտ էր: Օլիգարխներից էլ միայն Գագիկ Ծառուկյանին ձայն տվեց: Դրա համար հեքիաթ է ասելը, թե ժողովուրդը վախեցավ: 

Մանե Հարությունյան

MediaLab.am