Արդյունքը դեռ չի երևում. նույն մարդկանցից ենք բենզին առնում, տարածքներ վարձակալում, նույն մարդկանց բանկերում ենք մեր եղած-չեղածը պահում. Եղիշե Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, երկու տարի առաջ այս օրերին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Երկու տարվա հեռվից ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը, ինչ հույսեր ու հիասթափություններ ունեցաք այս տարիներին, եթե կան այդպիսիք:

– Երկու բառով այսպես կներկայացնեմ. ոնց որ կին ունենաս, որը շատ լավ խոհարար է, շատ մաքրասեր, քեզ հարգում է, սիրում է։ Նա հղի է։ Անհամբեր սպասում ես, սպասում, ժամանակն անցնում է, անցնում․․․ բայց երկունքի ցավերը չեն գալիս ու չեն գալիս։ Այդպիսի զգացողություն և ապրումներ ունեմ հիմա: Թվում է՝ ամեն ինչ լավ է, տեղն է, բայց այդ շատ կարևոր արդյունքն ուշանում է, խանգարում է:

– Այսինքն՝ կարող ենք ասել, որ ձեր հույսերը չե՞ն արդարանում:

– Այո՛, դժգոհ եմ: Հիմա ամեն ինչ, կարծես, լավ է ընթանում, հարմարավետ է, բայց ապագայի հետ կապված խնդիր ունենք, և սա է իմ անհանգստության պատճառը: Ամեն քայլի առերեսվում ենք մի հերթական պրոբլեմի, որի առաջացման կանխատեսումներին ականջալուր չենք եղել ժամանակին:

Խիստ կարևոր անցումային արդարադատությունը շրջանցվեց, հիմա ապօրինի հարստացման վերաբերյալ օրենք է վկայակոչվում, որը Աստված գիտի, թե ինչ նոր պրոբլեմներ է առաջացնելու մեզ համար: 

Այն, որ խնդիրներ առաջացնելու է, հաստատ է, որովհետև ոչ ոք ապուշ չէր, այս երկու տարվա ընթացքում արդեն 3-րդ, 4-րդ ձեռք վաճառել և վերաձևակերպել են իրենց եղած-չեղածը, և ներկայիս փաստացի տերերը պատշաճ գնորդներ են դիտարկվելու: 

Իսկ իշխանությունները օրինապաշտության մաստեր կլասների օրինակներ են ցույց տալիս։ Դա հրաշալի է, բայց․․․ միայն հեղափոխական տրամաբանական քայլերից հետո։ Ցավոք, դա չարվեց: 

Քաղաքական գնահատական չտրվեց նախկիններին, որը, իմ կարծիքով, բացառիկ հնարավորություն և դուռ կբացեր մի ամբողջ շարք միջազգային պայմանագրերի վերանայման համար՝ «Գազպրոմ», երկաթուղի, գույք՝ պարտքի դիմաց, Իրան-Հայաստան գազամուղ, ռուսական 102-րդ ռազմակայան, կապի ոլորտ և այլն։ 

Դա հնարավորություն կտար վերանայելու անգամ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը, Կարսի պայմանագիրը: Պահը պատմական էր, շատ կարևոր։ 

Բայց դա էլ բաց թողնվեց: Այնքան խայտառակ բաներ են եղել, միջազգայինի շղարշի տակ զանազան կոռուպցիոն սխեմաներով մեր երկիրը բզկտել են, թալանել ու տակովն արել ողջ ազգային հարստությունը: 

Իհարկե դժգոհ եմ, որ մինչև հիմա, ձեր նշած հեղափոխությունից նույնիսկ երկու տարի անց, այդ ամբողջ տնտեսությունը յուրացրած ապազգային համակարգի երևելիները դեռ շարունակում են անխափան գործել, շարունակում են հարստանալ, կուտակել անպատկերացնելի նյութական կարողություններ, և չկասկածեք, որ վաղը այդ կարողություններն օգտագործելու են ռևանշի, մեր և ձեր պետականության դեմ: 

Թե արտադրությունը, թե ներկրումը, թե գյուղատնտեսությունը, թե արտահանումը,թե վարձու ու վաճառվող տարածքները՝ իրենցն են: 

Ամեն Աստծո օր մինչհեղափոխական շահութաբեր երակները դեռ ապահովում են գերշահույթներ նույն մարդկանց համար։ Ի՞նչ հավասար մրցակցային պայմանների մասին է խոսվում, երբ մեկի հույսը բանկից բիզնես վարկ վերցնելն է, իսկ մրցակիցը տարիներ ի վեր կայացած դոլարային մուլտիմիլիոնատեր է: 

Ո՞նց կարող ես դու իրենց մրցակից լինել, ո՞ր ասպարեզում: Զավեշտ է, չէ՞, նույն տերերից ենք բենզին և գազ, հոսանք գնում, նույն տերերից ենք տարածքներ վարձակալում կամ գնում, նույն մարդկանց բանկերում ենք մեր եղած-չեղածը պահում: 

Երկրի տնտեսությունը ժողովրդինը չէ, պետությանը չէ, այլ այն համակարգինն է, որի դեմ մենք պայքարել ենք և, կարծես թե, հաջողել ենք։ Եվ ի՞նչ․․․ 

– Շատերը նշում են, որ հեղափոխությունից հետո պետք է իրականացվեին դատաիրավական բարեփոխումները, անցումային արդարադատությունը, որպեսզի հեղափոխությունն իր ավարտին հասներ, քանի որ առանց դատաիրավական բարեփոխումների անհնար է պատկերացնել համակարգային փոփոխությունները: Համակարծի՞ք եք այդ մոտեցմանը:

– Իհարկե, բայց դուք չնշեցիք Սահմանադրությունը, որը առաջնահերթությունների առաջին շարքում է։ Կարճ կապեմ, մեզ պետք են միայն ֆունդամենտալ փոփոխություններ, վրձնի կոսմետիկ շտրիխները գեղեցիկ են, բայց չեն կարող գոհացնել։ Կոսմետիկ փոփոխությունների պակաս չկա, անգամ քրտնելը կա, բայց աշխատանքի արդյունքը չկա: 

– Կարծում եք՝ իշխանության մեջ կադրերի խնդի՞ր կա, որովհետև տեսակետ կա, որ ամբողջ պետության բեռն ընկած է մեկ մարդու՝ վարչապետի ուսերին: 

– Ցավոք պետականաշինության աշխատանքներում չներգրավվեցին շատ օգտակար, փորձառու և ազգային մարդիկ: Ուղղակի անտեսվեցին։ «Մենք մեզնով»-ն էլ շատ է սայթաքում և ընկնում տարերային լուծումների փնտրտուքների հետևից։ 

Եթե փորձառու չես, կարող է նույն աշխատանքը 20 անգամ անես, մինչև լուծումը գտնես, իսկ փորձառու մարդը ժամանակին այդ սխալներն արել է և հիմա գիտի, թե ոնց նշանակետին խփի: Պրակտիկա պետք է ունենաս կամ այդ պրակտիկան ունեցող մարդկանց հետ խորհրդակցես: Ցանկացած ասպարեզում դա պետք է: Վարչապետին՝ առավել ևս․․․

– Ձեր համեմատությունը բերելով՝ ի վերջո, հնարավո՞ր է, որ կինը ծննդաբերի, այնուամենայնիվ, երկունքի ցավերը սկսվեն, և մենք տեսնենք պտուղները: 

– Եթե խելացի, փորձառու բժիշկներ զբաղվեն նրանով, ապա՝ այո՛, իհարկե կծննդաբերի: Դարձյալ կոմպետենտության հարց է: 

Մանե Հարությունյան

MediaLab.am